Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր գաղտնալսեք ՔՊ վերին էշելոնի մարդկանց՝ Նիկոլից սկսած, էնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեք»․ Գառնիկ Դանիելյան

Հոկտեմբեր 21,2025 15:22

«Բռնապետական ռեժիմի ամբողջ գործիքակազմն իշխանությունների կողմից օգտագործվում է՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Գյումրիում ոստիկանների երեկվա գործողություններին։ Նա ասաց, որ ոստիկանները ոչ թե ոստիկանական պարտականություններն են կատարում, այլ խոշտանգելն ու ծեծելն իրենց համար ընդունելի է, ոնց որ իրենց հոգին փառավորվում է։ «Ոնց իրենց ղեկավարի հոգին է փառավորվում, այնպես էլ իրենց հոգին է փառավորվում, որ հայի արյուն են տեսնում»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով հարցին, որ իրավապահները նույնականացնում են ակտիվիստներին ու ցուցարարներին, ասաց, որ մարդկանց տարբեր շարժումների ժամանակ նույնականացնում են։ «Այդ նույնականացված մարդկանց կանչում են բաժանմունքներ եւ սպառնալիքներ են հնչեցնում։ Այդ մարդկանց են աշխատանքից ազատել, այդ մարդկանց մտերիմներին են աշխատանքից ազատել, այսինքն՝ բռնապետական ռեժիմի բոլոր գործիքակազմերն իշխանությունների կողմից օգտագործվում են՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար։ Նման դեպքերը տասնյակ են, հարյուրավոր են, եթե ոչ ավելի շատ»,- նշեց նա։

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ձերբակալություններին եւ հարցին, թե ՔՊ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսով՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ չկա որեւէ ընտրություն, որտեղ պետական ռեպրեսիվ համակարգը չի գործում։ «Հենց որ արդեն ձեւ չունեն, ընդդիմադիր թեկնածուն ընտրվել է, արդեն հաջորդ օրը իրավապահ համակարգը ստանում է հանձնարարություն, ՍՄՍ հաղորդագրություն՝ գործ գտնելու, գործ կարելու, այդ մարդկանց լռեցնելու, գաղտնալսելու, ձայնագրությունները մոնտաժելու։ Վեց ամիս շարունակ ամեն օր ասել են՝ պիտի անպայման բռնենք, դու քաղաքապետ չես լինելու»,- նշեց նա։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ չի տեսել մեկ ընտրված համայնքի ղեկավար, որին չեն թիրախավորել։ «Բերդում ընտրություններ են տեղի ունեցել, առաջին համարին բռնել տարել են։ Տարել են, քիչ է, մի հատ էլ ընտրություններում հաղթել է, երկրորդ համարին էլ են բռնել տարել։ Եթե սա իշխանության զավթում չէ, ի՞նչ է»,- ասաց նա։ Դանիելյանը բերեց նաեւ Ալավերդու, Վանաձորի, Փարաքարի ընտրությունների օրինակը՝ նշելով, որ իշխանությունները չեն մարսում այդ ընտրությունները։

«Մի օր գաղտնալսեք ՔՊ վերին էշելոնի մարդկանց՝ Նիկոլից սկսած, մինչեւ շարքային գործերով զբաղվողին, ըտեղ էնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեք, որ էլ չափ ու սահման չկա»,- հավելեց նա։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջին օրվանից շատ լավ հասկացել է, որ իր ամբողջ շարժը առավոտից երեկո խոշորացույցի տակ է․ «Այսինքն՝ էնքան մանրամասն ու մանրակրկիտ էին հետեւում էդ մարդու գործողություններին, որ անգամ ծիծաղելի է»։

Դանիելյանը հարցադրում արեց՝ ո՞վ պատասխան տվեց, երբ ՔՊ անդամներն ասում էին, թե իբր Բագրատ սրբազանն ասել է՝ «մարդկանց պետք է գյուլլենք»։ «Այս ընթացքում որեւէ բան պարզվե՞ց կամ որեւէ ձայնագրություն կա՞, իհարկե, չկա։ Եվ այս ամբողջ քարոզչական ֆոնը, որը ստեղծում են, մենք «տուշոնկա 2» օպերացիայի ենք ականատես լինելու։ Կարող են ցանկացած ձայնագրություն կտրել, իրենք դարձել են մոնտաժի աշխարհահռչակ վարպետներ։ Վաղը մյուս օրը, երբ իշխանություն չլինեն, իրենց պահանջարկը շատ մեծ է լինելու, մոնտաժողների պահանջարկը մեծ է»,- նշեց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը հավելեց․ «Եթե ինքը մտածում է, որ բոլորին կարող է տանել քրեակատարողական հիմնարկներ, չարաչար սխալվում է։ Այնքան շատ են դժգոհողները, այնքան շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել, եւ իրենց պետք չէ վախեցնել բանտերով։ Այդ մարդիկ գնալու են, պայքարելու են, որովհետեւ այլընտրանք չկա, այլընտրանքն այս ռեժիմից ազատվելն է»։

Նա, անդրադառնալով Վաղարշապատում կայանալիք ընտրություններին, ասաց, ՔՊ-ն հերթական խայտառակ պարտությունն է կրելու, ինչպես պարտություն կրեց Փարաքարում, Գյումրիում,Վանաձորում, մնացած համայնքներում։ «Բայց ես չեմ էլ զարմանա, եթե ինչ որ պահի ՔՊ կուսակցությունը որոշի, որ Էջմիածնի ընդդիմադիր բոլոր թեկնածուներին ձերբակալում է, հետո տանում է կալանքի»,- նշեց նա։

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաեւ բեռնատարների վարորդների բողոքին՝ նշելով, որ իշխանությունները չեն լուծում խնդիրները։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրը հեծանիվ է քշում ու սրտիկ է ցուցադրում։ «Առաջարկս է՝ հեծանիվը նստի, սրտիկներով բանով, մի քանի հոգի էր հավաքի սրտիկ անելով գնան Վրաստան, ահագին օգտակար բան կանեն»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031