Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը
- Օգոստոսին աճի տեմպը թուլացավ՝ կազմելով 7․5 տոկոս (տ/տ), աճողական ցուցանիշը հասցնելով 7.1 տոկոսի։
- Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ցուցանիշն օգոստոսին բարձրացավ 29.1 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։
- Գնաճը բարձրացավ՝ սեպտեմբերին հասնելով 3.7 տոկոսի, և ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։
- Թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն օգոստոսին էապես նվազեցին (տ/տ)՝ արտացոլելով թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարումը։
Հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բյուջեի հաշվեկշռում տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0․55 տոկոսի չափով աճողական պակասուրդ գրանցվեց։
Օգոստոսին տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացավ՝ հուլիսի 9 տոկոսից (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) նվազելով մինչև 7.5 տոկոս (տ/տ)՝ (պատկեր 1)։ Սա պայմանավորված էր արդյունաբերությունից և մանրածախ առևտրի ոլորտից բացի բոլոր ոլորտներում աճի տեմպի դանդաղմամբ։ Օգոստոսին արդյունաբերական թողարկման ծավալն աճեց 5.8 տոկոսով (տ/տ)՝ բարձրանալով հուլիսի 4.2 տոկոսից (տ/տ), պայմանավորված հիմնական մետաղների արտադրության ծավալների մեծացման հաշվին մշակող արդյունաբերության 7.3 տոկոս (տ/տ) աճով։ Հանքարդյունաբերության ճյուղը մնաց անփոփոխ հուլիսի 8.4 տոկոսով (տ/տ) անկումից հետո (տ/տ)։ Շինարարությունն աճեց 21.1 տոկոսով (տ/տ)՝ հուլիսի 26.1 տոկոսի համեմատ։ Ծառայությունները (բացառությամբ առևտրի) աճեցին 6.7 տոկոսով (տ/տ)՝ համեմատած հուլիսի 11.1 տոկոսի (տ/տ) հետ։ Մեծածախ և մանրածախ առևտրի աճի տեմպը թուլացավ՝ կազմելով 1.7 տոկոս (տ/տ)։ Աճի՝ 2025 թ․ առաջին ութ ամիսների աճողական ցուցանիշը կազմել է 7.1 տոկոս (տ/տ)՝ գերազանցելով սպասումները։
Աճը հանգեցրել է աշխատաշուկայի արդյունքների բարելավման։ Սակայն իրավաբանական անձանց գրանցումներն օգոստոսին նվազել են։
Կարդացեք նաև
Գործազրկության մակարդակն իջել է՝ 2025 թ․ երկրորդ եռամսյակում կազմելով 12․3 տոկոս, նվազելով 2024 թ․ երկրորդ եռամսյակի 13․8 տոկոսից, հիմնականում տղամարդկանց և քաղաքային գործազրկության նվազմամբ պայմանավորված։ Դրա հետևանքով զբաղվածության և աշխատուժի կազմում մասնակցության մակարդակը կազմել է համապատասխանաբար 51․2 և 58․3 տոկոս։
Իրավաբանական անձանց ամսական գրանցումներն օգոստոսին նվազել են 3․5 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)՝ պայմանավորված անհատ ձեռներեցների և ՍՊԸ-ների գրանցումների ավելի ցածր թվով։
Օգոստոսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին վերականգնվել՝ բարձրանալով 29.1 տոկոսով (տ/տ)։ Նշվածը պայմանավորված էր 62.7 տոկոսով Ռուսաստանից (տ/տ) զուտ ներհոսքերի ավելացմամբ, որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքերի 64 տոկոսը և 9.7 տոկոսով (տ/տ) Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերի աճով (պատկեր 2)։
Սեպտեմբերին գնաճը բարձրացավ՝ կազմելով 3.7 տոկոս (տ/տ), փոքր-ինչ բարձրանալով օգոստոսի 3.6 տոկոսից (պատկեր 3)։ Աճին հիմնականում նպաստել են սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5.8 տոկոս (տ/տ) կազմող գնաճով։ Սեպտեմբերին գնաճի ցուցանիշի աճին նպաստել են նաև սպառողական զամբյուղում համակցված 18 տոկոս մասնաբաժին ունեցող առողջապահության (3.5 տոկոսով) և տրանսպորտի (4.1 տոկոսով) ճյուղերը։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոս՝ միաժամանակ ազդարարելով աստիճանական նվազեցման պարբերաշրջանի մասին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաջորդ 12 ամիսների ընթացքում մինչև շուրջ 6.25 տոկոս իջեցնելու ծրագրերով։
Օգոստոսին արտահանման և ներմուծման ծավալները կտրուկ կրճատվեցին՝ վերաարտահանման փուլային դադարեցմամբ պայմանավորված (պատկեր 4)։ Օգոստոսին արտահանման ծավալներն իջան 40.8 տոկոսի (տ/տ)՝ համեմատած հուլիսին 15.3 տոկոսով կրճատման հետ։ Ներմուծման ծավալները նվազեցին 28.3 տոկոսով (տ/տ)՝ հուլիսի 15.3 տոկոսով անկմանը հետևելով։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների առևտրի ծավալների անկումը շարունակվեց՝ կրճատվելով 77 տոկոսով (տ/տ)։ Այնուհանդերձ, նվազեց նաև կենդանիների (նվազումը՝ 42 տոկոս, տ/տ), տեքստիլի (նվազումը՝ 18.6 տոկոս, տ/տ) և կաշու և մորթու (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ) արտահանումը։ Այս անկումը մասամբ չեզոքացվել է պատրաստի սննդամթերքի (աճը՝ 18.4 տոկոս, տ/տ) և մեքենա-սարքավորումների (աճը՝ 5.3 տոկոս, տ/տ) արտահանման աճի հաշվին։ Թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը հաշվի չառնելով՝ արտահանումն օգոստոսին նվազել է 6․1 տոկոսով (տ/տ)։ 2025 թ․ դանդաղ մեկնարկից հետո, Հայաստանի զբոսաշրջությունը կտրուկ վերականգնվեց՝ աճելով 11.1 տոկոսով (տ/տ)։
Սեպտեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կայուն է մնացել ա/ա՝ տ/տ արտահայտությամբ արժևորվելով 1.2 տոկոսով։ Բայցևայնպես, ՀՀ դրամը արժեզրկվել է եվրոյի (4.4 տոկոսով, տ/տ) և ռուսական ռուբլու նկատմամբ (9 տոկոսով, տ/տ)։ Օգոստոսին իրական արդյունավետ փոխարժեքը (REER) արժեզրկվեց 2.2 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստներն աճեցին՝ հասնելով 4.2 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է ներմուծման 4 ամսվա ծածկույթի։ 2025 թ․ առաջին կիսամյակում զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքերն ավելացան՝ հասնելով տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսին՝ հիմնականում հանքարդյունաբերությունում և ավիացիայում, հաջորդելով 2024 թ․ ՀՆԱ-ի 0․3 տոկոս պատմական ցածր ցուցանիշին։
Օգոստոսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն աճեցին 1.9 տոկոսով (ա/ա)։ Երկուսի ավելացումն էլ պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված միջոցների ընդլայնմամբ։ Վարկերի աճը հիմնականում արդյունաբերության (արտարժութային) և սպառողական (ՀՀ դրամ) վարկերի հաշվին էր։ Ընդհանուր ավանդների փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կազմել է 15.8 տոկոս (տ/տ) և վարկերի դեպքում՝ 27.2 տոկոս (տ/տ) (պատկեր 5)։
Օգոստոսին բյուջեն հավասարակշռված էր։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 10.9 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ-ի (աճը 21 տոկոս, տ/տ), եկամտային հարկերի (աճը՝ 10.4 տոկոս, տ/տ) և շահութահարկերի (աճը՝ 35.3 տոկոս, տ/տ) հավաքագրման ավելի բարձր ցուցանիշով։
Շրջանառության հարկի հավաքագրումը շեշտակի՝ 72.4 տոկոսով (տ/տ) ավելացավ՝ հետևելով 2025 թ․ սկզբին դրույքաչափի բարձրացմանը։ Ընդհանուր ծախսերը կրճատվեցին 3 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր 24.3 տոկոսով (տ/տ) կապիտալ ծախսերի նվազմամբ, հիմնականում պաշտպանական ծախսերի 24 տոկոսով (տ/տ) նվազման հաշվին։ Կրթության ծախսերը կրկնապատկվեցին (տ/տ)՝ դպրոցաշինության և հիմնանորոգման հավակնոտ ծրագրերի հաշվին։ Ընթացիկ ծախսերն ավելացան սոսկ 1.7 տոկոսով (տ/տ, անվանական արտահայտությամբ)՝ հիմնականում պայմանավորված սոցիալական պաշտպանության ծախսերով (աճը՝ 6.5 տոկոս, տ/տ)։ Աճողական պակասուրդը հունվար-օգոստոս ժամանակահատվածում հասավ կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.55 տոկոսին՝ 2025 թ․ համար ծրագրված՝ ՀՆԱ-ի 5.5 տոկոս պակասուրդի մեկ տասներորդին։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ