Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։
Հանդիպման ընթացքում դիտարկվել է սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տեխնիկական աջակցության, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ փորձի փոխանակման՝ ԵՄ կողմից աջակցության հնարավորությունը։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի կարևոր դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և բարեփոխումների օրակարգում։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ ԱՍՀ նախարարությունը ԵՄ փորձագետների հետ համագործակցությամբ շարունակում է ակտիվորեն մասնակցել համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման և իրականացման գործընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ի կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների արդյունքները։ Այս համատեքստում նախարար Թորոսյանը մանրամասնել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ կարևորելով հայրենակիցների բնակապահովման և զբաղվածության ուղղությամբ աշխատանքները։
Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ