Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Ակտիվ գործունեության բուռն իմիտացիայից գոհ են բոլորը

Հոկտեմբեր 22,2025 12:00

«Մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում եւս աջակցել հայ եւ թուրք գործընկերների ջանքերին», վստահեցնում են Մոսկվայից

Մոսկվան գոհ է Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած ընդունելության ժամանակ։

Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ «Մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում եւս աջակցել հայ եւ թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ», – ասել է ռուս դիվանագետը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ պետական սահմանը փակ է 1993-ից: Պաշտոնական Անկարան պաշտպանեց Բաքվի քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում, իսկ այսօր Թուրքիայի իշխանությունը շարունակում է նույն քաղաքականությունը. Ալիեւի որդեգրած դիրքորոշումը Հայաստանի հետ ունեցած խնդիրների հարցով թուրքական իշխանությունների համար ավելի կարեւոր է, քան Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը:

2021թ. դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին իրենց հատուկ ներկայացուցիչներին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլեր: Նրանց առաջին հանդիպումը կայացավ 2022թ. հունվարի 14-ին Մոսկվայում։ Իսկ նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում՝ մեկ ամիս առաջ։

Հայ-թուրքական սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ, Քըլըչին դիմավորել էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Սեպտեմբերի 12-ին Քըլըչը հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պաշտոնապես հաղորդվեց, որ կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման առանցքային հարցեր, այդ թվում՝ 2022թ. հուլիսի 1-ին ձեռք բերված եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանն անցնելու պայմանավորվածությունների իրականացման արագացման հարցը։

Սակայն առայժմ, գործնականում, «ինտենսիվ երկխոսությունը» որեւէ նշանակալի արդյունք չի տվել: Ժամանակ առ ժամանակ կողմերը հանդիպում են, սակայն ակնհայտ է, որ Անկարան սպասում է, մինչեւ պաշտոնական Երեւանը բավարարի Ալիեւի չավարտվող պահանջների շարքը:

Իսկ այն, որ Մոսկվան գոհ է Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության ինտենսիվացումից, սա նույնպես տեղավորվում է Կրեմլի քաղաքականության մեջ:

Դեռեւս այս տարվա ապրիլի կեսերին կայացել էր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցը: Ռուսական կողմը վերահաստատել էր պատրաստակամությունը՝ հետագայում եւս աջակցել Երեւանի եւ Անկարայի միջեւ շփման կետերի որոնմանը, քանի որ, Գալուզինի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության եւ զարգացման կարեւոր գործոն է:

Ռուսական կողմը պարբերաբար նաեւ հիշեցնում է հարավկովկասյան տարածաշրջանային փոխգործակցությանը իր նախընտրած` «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) մասին, սակայն պարզ է, որ Թուրքիային այս ձեւաչափը, գոնե այս փուլում, առանձնապես հարկավոր չէ:

Նկատենք, որ սեպտեմբերի վերջին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր գումարվել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ եւ այդ նիստում անդրադարձ էր կատարվել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն. «Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային գծի կարեւորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անարգել մուտք եւ արդյունքներ կտա, որոնք կծառայեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ինչպես նաեւ վերջնական խաղաղության հաստատման մեր կամքը»:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից մեկ շաբաթ առաջ Էրդողանը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անդրադարձավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների թեմային: Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ ծրագրի, շեշտեց Էրդողանը, ապա հավելեց. «Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում նրանց ներդրման համար: Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը եւ հայտարարել, որ մեր երկրի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ ծրագրի»։

Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 1-ին, չինական Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ Կովկասում կայունությունը բխում է Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերից. «Հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում կայուն խաղաղություն կհաստատվի»: Հաղորդվում էր նաեւ, որ նրանք քննարկել էին Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային ու գլոբալ օրակարգի արդիական հարցեր: Էրդողանը վստահեցրել էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի հիման վրա, իսկ նախկինում ձեւավորված համագործակցության ոգին պահպանվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, զբոսաշրջությունը, ներդրումները եւ էներգետիկան:

Շանհայի համագործակցության կազմակերպության նույն գագաթնաժողովի շրջանակում կայացել էր նաեւ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը: Նրանք կարեւորել էին` «տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը միտված քայլերը»: Փաշինյանը եւ Էրդողանը շեշտել էին «կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»։ Հաղորդվում էր նաեւ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Այսպես, ակտիվ գործունեության իմիտացիայով եւ երկխոսության մերթընդմերթ ծավալման դրվագներով Անկարան շարունակում է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված չէ: Զուգահեռաբար Էրդողանն այդ գործընթացի վերաբերյալ թուրքական դիրքորոշումը ներկայացնում է մեր տարածաշրջանով շահագրգիռ երկրների առաջնորդներին, գուցե, նաեւ, համաձայնեցնում որոշ դետալներ:

Բոլորը գոհ են հայ-թուրքական «ակտիվ շփումներից», թեեւ շուտով այդ շփումների չորրորդ տարին է լրանում, իսկ արդյունքներ այդպես էլ չկան:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031