«Գյուղատնտեսությունը Հայաստանում ապագա ունի»․ այս կարգախոսն է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմքում, որի շրջանակներում հինգ տարիների ընթացքում շուրջ 200 միլիոն եվրո կներդրվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Ընդհանուր գումարի 65 մլն եվրոն դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ են։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից։
Սյունիքում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով կազմակերպված մեդիատուրի շրջանակներում օրերս Սյունիքի մարզում էին նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը , Հայաստանում հավատարմագրված եվրոպական պետությունների դեսպանները։
«Մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց, իսկ մարդիկ այդ օգնության կարիքն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Կարդացեք նաև
Ծրագրերի շահառուներ են ոչ միայն տեղացիները, այլեւ Արցախից բռնի տեղահանվածները, ինչպես իր խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ «փախստականները, որոնք անցել են այն ողբերգական իրադարձությունների միջով, որ տեղի ունեցան այս տարածաշրջանում»։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը միտված է Սյունիքի կայուն սոցիալ- տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը։ Թիրախում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավումն է, մրցունակության բարձրացումը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնումը, տարածքային համաչափ եւ «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառումը։
Այս նպատակով միայն անցած տարի Սյունիքում ստեղծվել է 52 աշխատատեղ (ծրագրի մեկնարկից՝ 2023 թվականից ցայսօր՝ 95), 20 նոր ՓՄՁ եւ ստարտափ ( ծրագրի մեկնարկից ի վեր՝ ընդհանուր 56), աջակցություն է ստացել 80 ՓՄՁ և այլ բիզնես (ծրագրի մեկնարկից ի վեր՝ ընդհանուր 123)։
Իրականացվել են մասնագիտական կրթության և հմտությունների զարգացման ծրագրեր, որոնցից օգտվել է 3204 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 3363), ներդրվել է 10 նոր կամ բարելավված տեղական ծառայություն (2023 թվականից՝ ընդհանուր 23), աջակցություն է ստացել 48 նոր կրթական նախաձեռնություն (2023 թվականից՝ ընդհանուր 68), վերակառուցվել կամ վերականգնվել է 22 համայնքային ենթակառուցվածք (2023 թվականից՝ ընդհանուր 56), էներգաարդյունավետ լուծումներ են կիրառել 281 տնային տնտեսություններ, աջակցություն են ստացել 2891 ֆերմերներ (2023 թվականից՝ ընդհանուր 3101), կայուն կերպով կառավարվում է 884.47 հեկտար գյուղատնտեսական հողատարածք և 15 բնական ռեսուրս (2023 թվականից՝ ընդհանուր 38), բարելավված սոցիալական ենթակառուցվածքներից և ծառայություններից օգտվել է 24 հազար 237 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 26,373):
Ծրագրի շրջանակներում, մասնավորաբար, Սիսիանի տարածաշրջանի Բալաք գյուղում հիմնադրվել է կերարտադրության արտադրամաս, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում ներդրվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» ծրագիրը, որի շրջանակներում քոլեջի ուսանողները եւ շրջանավարտները գործնական ուսուցում են անցնում գործընկեր ֆերմաներում եւ ընկերություններում։
Նաեւ՝ Գորիսում գործում է «Սանտե Արմենի» մեծահասակների համար նախատեսված նեյրո-օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը եւ Գորիսի առաջին սոցիալական տաքսի ծառայությունը։
Իսկ Շինուհայրում կառուցված նոր ոռոգման համակարգը կապահովի Շինուհայր գյուղի մի մասին եւ Հալիձոր համայնքի 700 տնային տնտեսությունների շուրջ 55 հեկտար հողատարածքների ոռոգումը։
Եվրոպացի դիվանագետները մասնակցեցին նաեւ Գորիսի ավագ սերնդի կենտրոնի բացման արարողությանը։
Այդ միջոցառման համար Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը նույնիսկ հայերեն տեքստ էր պատրաստել։
Մանրամասները՝ տեսանյութերում
Սյունիքի մարզ այս այցելությունը տիկին Կլաուդիա Բուշի առաջին պաշտոնական այցելությունն էր։ Նա կարեւոր է համարում տեղում եւ անձամբ տեսնել այն աշխատանքները, որոնք կատարվել են․ այն առումով, որպեսզի չստեղծվեն բաներ, որոնք անհասկանալի, անընկալելի եւ ի վերջո անընդունելի կլինեն, այլ կատարվի նպատակային աշխատանք, որը հնարավորություն կտա ավանդական ընկալումները զուգորդել եւ առաջ մղել նորարարական տեխնոլոգիաներով։ Իր բնութագրմամբ՝ հայերը մեծ ներուժ ունեն տեղում արդյունավետ ծրագրեր իրականացնելու, ինչը հնարավորություն կտա ավելի մեծածավալ ծրագրեր իրագործել ԵՄ-ի հետ՝ հանուն լավ ապագայի։
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն, ով իր պարտականությունները ստանձնել է սեպտեմբեր ամսին, առաջին անգամն էր լինում Սյունիքի մարզում, տպավորված էր իրականացված եւ իրականացվող ծրագրերից։ Ասաց՝ իր երկրի կառավարությունը մեծ հետաքրքրություններ ունի մարդակենտրոն զարգացման այս ծրագրի մասով։ Շվեյցարիան «ներկա» է Սյունիքի մարզում ավելի քան 20 տարի։ Իր փոխանցմամբ՝ այն ամենն, ինչ արվում է տեղերում, պետք է «նյութ դառնա քաղաքականության գործընթացների եւ բարեփոխումներ համար, որպեսզի մնայուն լինի երկարաժամկետ հատվածում»։ Վստահեցրեց․ «Շվեյցարիան կմնա հանձնառու՝ լինելու հայերի կողքին, այստեղ, եւ դա կարվի ներառական ձեւով»։
Դեսպանները եղան նաեւ Կապանի երիտասարդության եւ երեխաների ստեղծագործական կենտրոնում․ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում Կապանի գեղարվեստի եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն ապահովվել է փայտամշակման, ասեղնագործության, գորգագործության, կարուձեւի աշխատասենյակներով։
Մասնակցեցին տպագրատան բացմանը․ տպագրատունը հիմնվել է «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակներում՝ նախկին դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման նպատակով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ