Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունը մեծ է եւ մենք ամեն ինչ մեր կողմից կանենք. Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 22,2025 13:30

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը լրագրող Կարպիս Փաշոյանին, 10.10.2025թ.

Կարպիս Փաշոյան – Ընդհանրապես հնարավո՞ր է երկխոսություն իշխանության հետ։

Նարեկ Կարապետյան – Մենք չունենք ատելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մոտ 94 տոկոսի նկատմամբ։

Կարպիս Փաշոյան – Նիկոլ Փաշինյանը 94%-ից դո՞ւրս է։

Նարեկ Կարապետյան – Կուզենայի ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, բայց ես որպես ընտանիքի անդամ, այս պարագայում կարող է լինեմ ավելի էմոցիոնալ այդ 6%-ը նկարագրելուց, բայց ՔՊ կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, սա ուղղակի չեմ ասում, որ կարծում եմ՝ իրենք էլ են հասկանում ինչ է կատարվում, իրենք առանձին պատկերացնում են՝ ինչ է կատարվում, ուղղակի համակարգի մի մաս են, գնում են այդ համակարգի հետ, մտածելով, որ եւս մի քանի տարի կվերարտադրվեն, մինչեւ որ սելը գա իրենց դուռը։

Կարպիս Փաշոյան– Մի րոպե, ՔՊ-ի 94%-ի հետ կարող է գնաք գործարքի, բայց Նիկոլ Փաշինյանի հետ չէ՞։

Նարեկ Կարապետյան – Ոչ, գործարքի չէ, գործարքի մի ձեւով։ Միակ գործարքը, որ տեսնում ենք՝ մենք դա ազատ ընտրությունների անցկացումն է։

Կարպիս Փաշոյան – Համագործակցություն չէ, հա՞։

Նարեկ Կարապետյան – Համագործակցության ցանկություն եթե մենք ունենայինք, մենք բոլորի հետ էլ կարող էինք համագործակցել։ Միակ գործարքը, որ մենք տեսնում ենք ու ես հիմա բաց ասում եմ, մենք պատրաստ ենք ստորագրել խարտիա ազատ ընտրությունների ու հետագայում նաեւ ինստիտուցիոնալ ընտրությունների, որպեսզի միշտ ունենանք, ազատ ընտրական ինստիտուտը պահպանվի։ Ոչ մեկին հանիրավի չձերբակալեն, որպեսզի ճնշում չգործեն։

Կարպիս Փաշոյան – Սցենար N 1. Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Նարեկ Կարապետյանին, ասում է՝ հարգելի պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը դադարեցնում է իր ակտիվությունը, դուք բոլորդ դադարեցնում եք ձեր ակտիվությունը, փոխարենը ազատ է արձակվում։

Նարեկ Կարապետյան – Այսինքն:

Կարպիս Փաշոյան – Կգնա՞ք այդպիսի գործարքի։

Նարեկ Կարապետյան– Ոնց եք կարծում։

Կարպիս Փաշոյան – Ձեզնից չեմ սպասում։

Նարեկ Կարապետյան – Շնորհակալ եմ։

Կարպիս Փաշոյան – Դա չէ։ Իշխանության հետ բացի այդ պետության, պետականության ատրիբուտները սահմանադրական պահելուց, ուրիշ բան չեք ակնկալում։

Նարեկ Կարապետյան – Պետության ատրիբուտները, հնարավոր է դեկլարատիվ բոլորը ասեն, որ մենք ռեալ առաջարկում ենք ազատ ընտրությունների եւ հետագայում ազատ ընտրությունների կոնցեպցիան իրար հետ մշակենք։ Հիմա իրենք կասեն, որ ընտրությունները միշտ ազատ են եւ մենք էլ կարող ենք գնալ քաղաքներից մեկը եւ տեսնել, թե ինչ են ասում ընտրությունների մասին մեր հայրենակիցները։ Ընտրությունները հնարավոր է, տեղում ազատ են, ընտրության իրավունքը հարց է որոշելու, քո ձայնը չի կորելու, բայց մարդկանց իշխանությունը երբեմն ճնշում է, բռնաճնշման է ենթարկում, որպեսզի կարծիք չարտահայտեն։ Երբեմն չէ, շատ հաճախ։

Կարպիս Փաշոյան – Վստահ եմ՝ Մարին Լը Պենին գիտեք:

Նարեկ Կարապետյան – Գիտեմ:

Կարպիս Փաշոյան – Նրա մասնակցությունը ընտրություններին սահմանափակված է։

Նարեկ Կարապետյան – Այո:

Կարպիս Փաշոյան – Նույն սցենարը սպասվում է ձեզ։ Եթե ինչ-որ պահի ձեր գրանցած կառույցը կամ կուսակցությունը թույլ չտան մասնակցել ընտրություններին, ի՞նչ եք անելու եւ ասում են՝ այս մարդիկ օտարերկրյա գործակալներ են, կներեք, բայց պետք է վերարտադրեմ։ Սպառնում են ինքնիշխանությանը, թույլ չենք տալիս, որ հակապետական տարրերը մասնակցեն մեր ներպետական միջոցառումներին։

Նարեկ Կարապետյան – Մեր երկրում մենք կարող ենք շատ կարեւոր աշխատանք կատարել օտարերկրյա գործակալների ուղղությամբ եւ հայտնաբերել օտարերկրյա գործակալներին, ովքեր մեր երկրի ազգային ինստիտուտները, ազգային բոլոր սիմվոլները ուզում են վերացնել։

Կարպիս Փաշոյան – Չեն թողնում մասնակցեք, ի՞նչ եք անում։

Նարեկ Կարապետյան – Բայց նկատեցիք, որ շատ կարեւոր է հայտնաբերել բոլոր գործակալներին, ովքեր ուզում են հայ ժողովրդի օրակարգից հանել բոլոր ազգային խորհրդանիշները։

Կարպիս Փաշոյան– Նիկոլ Փաշինյա՞նն է, այսինքն գործակալ:

Նարեկ Կարապետյան– Ժամանակը եւ քննությունները ապագայում ցույց կտան ով ինչ է:

Կարպիս Փաշոյան – Թուրքական գործակա՞լ է։

Նարեկ Կարապետյան – Ես չեմ կարծում:

Կարպիս Փաշոյան– Չէ, դրա ակնարկը դա էր նշանակում:

Նարեկ Կարապետյան – Ես չեմ կարծում, որ կա ապացուցված փաստ, բայց շատ տարօրինակ է, որ երկրում կան մարդիկ, ովքեր գնում են այն քայլերին, որ հիմա են գնում, օրինակ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունից 5 օր հետո հարձակվում են եկեղեցու վրա։ Ինքնիշխանությո՞ւն է, թե անինքնիշխանություն։ Գործակալական ցանց կա, թե՞ չկա։ Կարող է ազդեցության գոտիներ կան, ովքեր խորհուրդ են տալիս։ Պետք է ուսումնասիրել։ Տարօրինակ է, շատ տարօրինակ։ Երբ որ Թուրքիայի կողմից, եւս մեկ անգամ եմ նշում, երբեք Հայաստանի սահմանի բացման մինչեւ այս կառավարությունը, բացման նախապայման չի դրվել։ Հողերի, ինչ-որ տարածքային նկրտումների հարցերը միշտ դրվել է, արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մասն է եղել։

Կարպիս Փաշոյան – Նախնական թեմային գանք, այդ քաղաքական տեխնոլոգիաներին։ Հարցս հանկարծ թող ձեզ չվիրավորի։ Դուք գիտակցո՞ւմ եք ձեր առջեւ դրված պատասխանատվությունը։

Նարեկ Կարապետյան – Կարպիս ջան, շատ հետաքրքիր հարց է։

Կարպիս Փաշոյան – Ես շարունակեմ, թե ինչու։ 2021թ.-ին ընդդիմությունը պարտվեց, Ստեփանակերտը էլ չկա։ Բայց գիտակցո՞ւմ եք ձեր պարտությունը, օրինակ, ինչի կարող է բերել այն, կոնտեքստում եմ հարցնում, որովհետեւ լիքը մարդիկ լուրջ ակնկալիքներ են ձեւավորել, ձեզնից սպասելիքներ ունեն։

Նարեկ Կարապետյան – Մեծ պատասխանատվություն է դրված մեր բոլորիս առաջ ու ամեն հայի առաջ։ Եթե մենք մի քիչ, քաղաքական դաշտը ճիշտ պատասխաներ այն մարտահրավերներին, որ նոյեմբերի 9-ից հետո մենք ունեցանք, ճիշտ ձեւաչափով ընտրությունները լինեին, հնարավոր է մենք այս աղետին չառերեսվեինք։ Ձեր ասածը շատ հասուն մեսիջինգ ունի, պատասխանատվությունը մեծ է եւ մենք ամեն ինչ մեր կողմից կանենք։ Մեր ղեկավարը 14, 15 մետրանոց սենյակում է ԱԱԾ-ի պադվալում, սկզբունքորեն չի գնում որեւէ պայմանավորվածության։ Մենք ամեն օր պատրաստ ենք բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների, ամեն օր աշխատանք ենք տանում եւ Հայաստանի մարզերով, քաղաքներով մեդիա, մեր մեսիջինգով փորձում ենք մեր հանրությանը ներկայացնել այլընտրանքը, այն այլընտրանքը, որի մասին իրենք ասում էին՝ չլինի այս մարդը, չլինի այն մարդը, լինի ուժ։ Մենք այդ այլընտրանքը առաջարկում ենք։ Որոշումը բոլորինս է։

Կարպիս Փաշոյան – Այլ ընդդիմադիրների հետ համագործակցությո՞ւն։ Օրինակ, Սամվել Կարապետյանը կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի։ Ինչու համար եմ ասում։ Ոչ թե կերպարի մեխանիկական կրկնությունը նկատի ունեմ, այլ Իվանիշվիլին այն գործիչն էր, որ Վրաստանում ներքաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովեց եւ հաղթեց հզորագույն Սահակաշվիլուն, այդ կոնսոլիդացիայի շնորհիվ։

Նարեկ Կարապետյան – Ասեմ, որ Սահակաշվիլու դիրքերը ավելի ուժեղ էին այն ժամանակ Վրաստանում, քանի որ նա շատ բարձր կրթական ցենզ ունեցող անձնավորություն էր, մեծ աջակցություն ուներ։

Կարպիս Փաշոյան – Տիրապետում էր բռնության գործիքներին, շատ ուժեղ:

Նարեկ Կարապետյան – Ձերբակալությունների փորձեր էլ ուներ, գիտեք այդ օրինակը, ժամանակին հումոր կար, որ Սահակաշվիլին բռնել էր Վրաստանի բնակչության 3%-ին։ Մենք ծիծաղում էինք, ոչ թե ծիծաղում էինք, այլ զարմանում։ Հայաստանում այս պահին մոտ 5-6 %-ի վրա քրեական վարույթ է գնում, ներգրավված են ինչ-որ ձեւով։

Կարպիս Փաշոյան – Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլի, կոնսոլիդացիայի առումով։ Կա՞ երկխոսություն այլ ուժերի հետ՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան։

Նարեկ Կարապետյան – Այսպես ասեմ. կոնսոլիդացիայի տարբերակ, լայն կոնսոլիդացիայի հնարավոր է, քննարկվում է, բայց այդ կոնսոլիդացիայի մեջ մենք չենք տեսնում մեր կողմից շատ հարգված մարդկանց, որոնց մենք համարում ենք, որ այսօր այդ կոնսոլիդացայի մեջ արդեն մենք չենք տեսնում։

Կարպիս Փաշոյան – Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ եք:

Նարեկ Կարապետյան – Այս էտապում, ոչ Սերժ Սարգսյանին չենք տեսնում։

Կարպիս Փաշոյան – Ռոբերտ Քոչարյանի՞ն:

Նարեկ Կարապետյան – Ոչ:

Կարպիս Փաշոյան – Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն:

Նարեկ Կարապետյան – Ձեռնպահ կմնամ պատասխանել այդ հարցին:

Կարպիս Փաշոյան – Էդմոն Մարուքյանի՞ն:

Նարեկ Կարապետյան – Եվս ձեռնպահ կմնամ պատասխանել այդ հարցին:

Կարպիս Փաշոյան – Այլ ուժերի հետ երկխոսություն կա՞:

Նարեկ Կարապետյան – Հնարավոր է։

Կարպիս Փաշոյան – Այսինքն այն մոտեցումը, որ մենակ դուք ձեր համար, չէ։ Նախատեսում եք դաշինք։

Նարեկ Կարապետյան – Քննարկվում է, այո, տարբերակ, հիմնականում մենք պետք է գնահատենք մեր հասարակության հիմնական սպասելիքները։ Այսինքն՝ հասարակությունը պատրաստ է, թե ոչ։

Նարեկ Կարապետյանի ամբողջական հարցազրույցը մաս-մաս կհրապարակվի «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներում։

«Առավոտ» օրաթերթ
21.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031