Ամփոփելով իշխանության բռնաճնշումները Եկեղեցու դեմ՝ արձանագրենք, որ այս պահի դրությամբ երեք սրբազանները՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, անազատության մեջ են: Կալանավորված է նաեւ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Արսենյանը: Արագածոտնի թեմի բերման ենթարկված քահանաները՝ Տեր Համբարձումը, Տեր Նարեկը, Տեր Սարգիսը, Տեր Օշինը եւ մյուս հոգեւորականները, հարցաքննվել են որպես վկա եւ գտնվում են ազատության մեջ:
Զրուցեցինք Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Արսենյանի փաստաբան Պետրոս Պետրոսյանի հետ: «Իրավաբանորեն Տեր Գարեգինին ներկայացված մեղադրանքն անհասկանալի է: Եթե հոդվածի վերնագրին ապավինենք, նրան մեղադրում են հավաքներին մասնակցելու հարկադրանքին օժանդակելու մեջ: Մեղադրանքի բովանդակության մեջ նշված չէ, թե ինչ եղանակով է հարկադրանքը տեղի ունեցել, ինչը պարտադիր պայման է: Օրենքը հարկադրանքի 3 եղանակ է նախատեսում՝ բռնությամբ, գույք վնասել-ոչնչացնելու սպառնալիքով, շանտաժի եղանակով: Բայց մեղադրանքում եղանակը նկարագրված չէ: Խոսքը Մկրտիչ սրբազանի կողմից, իբր, հարկադրանքը քահանաներին փոխանցելու մասին է»,- ասում է Պետրոս Պետրոսյանը: Ըստ նրա, մեղադրանքն իրավաբանորեն անգրագետ է, ո՛չ հանցանքի կատարման վայրն է նշված, ո՛չ ժամանակը: «Եվ այս անորոշ մեղադրանքով Տեր Գարեգինը գտնվում է կալանքի տակ»:
Որպես այդպիսին, միակ ապացույցը հայտնի քահանա Տեր Արամի ցուցմունքն է, սակայն նրա ցուցմունքներում, ըստ Պետրոս Պետրոսյանի, հարկադրանքի մասին խոսք չկա: Ինչպե՞ս եք գնահատում այն գործընթացը, որը տեղի է ունենում մեր հոգեւորականության նկատմամբ: «Նույնիսկ շարքային հանցագործը միջին ծանրության հանցանքի դեպքում չի տարվում կալանքի, անգամ ակնհայտ հիմքերի պայմաններում, ուր մնաց՝ հոգեւորականները, որոնց պետք է ավելի զգույշ վերաբերվել, որովհետեւ նրանք ավելի բարձր հասարակական վստահություն են վայելում, որովհետեւ դա մեր հավատքն է»,- ասաց նախկին դատախազը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: