Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը

Հոկտեմբեր 22,2025 12:04

Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը խոր վշտով հայտնում են Շառլ Ազնավուրի սիրելի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին: Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ:

Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով: Նրանց կապն անչափ ամուր էր՝ հենված ընդհանուր պատմության, երաժշտության և մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա:

Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, և Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը: Աիդայի կյանքը կամուրջ էր սերունդների միջև. նա փոփոխությունների, ստեղծագործականության և դիմադրության դարի վկան էր: Աիդան իր ողջ կյանքն ապրեց Ազնավուրյան ընտանիքի արժեքներին հավատարիմ՝ բարությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ և արվեստի ու մարդկության ուժի հանդեպ աներեր հավատով։

Ազնավուր ընտանիքի հայտարարությունը.
«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը և հորաքրոջը, այլև անչափ արժևորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»։

Ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արտահայտել են իրենց ցավակցությունները և կիսվել Աիդայի մասին ջերմ հիշողություններով։ Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։

«Ազնավուր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031