ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին։
Նա նշեց, որ կարող էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ծանուցել, դժվար թե նա խուսափեր քննությունից։ «Հասկանալի է որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ դրանով գյումրեցիներին ու մյուս քաղաքական թիմերին ասելու մեսիջ կար, որն իրենք փորձեցին տալ»,- ասաց նա։
Անդրադառնալով իր գրառմանը, որն արել էր Ղուկասյանի ձերբակալության օրը եւ որն իշխանության ներկայացուցիչները շահարկում են, Մարտուն Գրիգորյանն ասաց․ «Միանգամից ասեմ, որ այդ հորդորն ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ ստեղծել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում այն ամենին, ինչի մասին ես խոսել էի, ասել էի՝ կապված իշխանությունների քայլերի հետ։ Նախընտրական շրջանում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր վերլուծություններ իմ թիմակիցների հետ, եւ բոլորին այս մասին այս իրավիճակների մասին մանրամասն տեղեկացրել եմ։ Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր»։
Նա նշեց, որ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ նախկինում եղած գործերը եւ նաեւ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի խառնվածքը՝ հարց էր ծագում՝ արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավո՞ր էր քաղաքը պահել եւ ընդդիմության հավաքական հաղթանակը մինչեւ վերջ առաջ տանել։ «Իմ ասածը այդ է եղել, եւ, ցավոք սրտի, մարդիկ մտածում էին, թե աթոռակռվի խնդիր է։ Եթե ես ընտրություններից առաջ հայտարարել էի, որ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ-ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը՝ ոչ նրան, ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պռավալի։ Իսկ նոր ընտրությունների պարագայում ՔՊ-ն 50+ հավաքելու էր։ Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպվել, դրանից հետո լինելու էր հիասթափություն ընդդիմության նկատմամբ»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մարտուն Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում։ «Եվ ուզում են, որ այդ ամենը լինի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքների անդամների միջեւ։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է այդ սցենարը, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երեւում է։ Պիտի ուշադիր լինենք, զգոն լինենք»,- նշեց Մարտուն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ իր թիմի նկատմամբ ընտրություններից անմիջապես հետո տարատեսակ ճնշումներ են եղել։ «Մեկից ստացան կաշառակերի տարբերակը, ինձանից էլ երեւի թե փորձելու են ստանալ կրիմինալ, կռիվ, ծեծ ու ջարդ՝ դրանից բխող մնացած հետեւանքներով։ Այսօր հստակ ասում եմ՝ մենք քաղաքում որեւէ մեկի հետ պրոբլեմ չունենք։ Գյումրիում ինչ դեպք եղավ, հրահրված է։ Այսօր ասում եմ՝ իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, փորձություն եթե լինի, իմացեք, քաղաքական է այս ամենը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա ասաց, որ ինքը Գյումրիում իր թիմակիցների հետ շարունակում է աշխատանքն ու հանդիպումները բնակչության հետ։ «Իսկ եթե մեզ հետ կապված այլ բան կլինի, ուրեմն իմացեք, որ չի մարսվել Գյումրու ընտրություններում իմ կատարած քայլը»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ