Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Անմահ հերոս Հրաչյա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Հոկտեմբեր 22,2025 15:51

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կայացավ 1993 թվականի վերջերից ու դեպի իրեն էր ձգում շատ նվիրյալների, ովքեր գիտեին ազատագրված հայրենիքի վերաբնակեցման արժեքը։ Այդ նվիրյալներից էին ամուսիններ Գալուստ և Գոհար Մարտիրոսյանները, որոնք 2 դուստրերի ու մեկ որդու հետ 1997 թվականին Արթիկից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջան և բնակություն հաստատեցին Արվական գյուղում։ Պատմական անցյալ ունեցող այս բնակավայրի մասին հիշատակվում է դեռևս 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում։ Գյուղը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք (պատմիչի օրոք՝ արդեն Քաշաթաղ) գավառի կազմում և 1300 միավոր հարկ է վճարել Տաթևի վանքին։

Մարտիրոսյանների Հրաչյա որդին ծնվել է 1979 թ․ հոկտեմբերի 22-ին։ 1985-1995թթ․ ընդունվել ու ավարտել է Արթիկի թիվ 5  միջնակարգ դպրոցը։ 2 տարի՝ 1997-99 թվականներին ծառայել է հայոց բանակում՝ Արցախի Մատաղիս գյուղի տարածքում։ Զորացրվել է 99-ի հոկտեմբերին՝ պատվոգրերով և կյանքը շարունակել արդեն նոր հայրենիքում՝ Արվականում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Աստղիկ Սամվելի Նազարյանի հետ, որը բնակվում էր հարևան Մշենի գյուղում։ Ամուսնացել են 2007 թ․ հոկտեմբերի 27-ին, ունեն 3 զավակ՝  Հովհաննեսը՝ 16 տարեկան, Գրիգորը՝ 15 և Գոհարը՝ 8։ Մոտ 11 տարի տարածքում անտառապահ էր աշխատել Հրաչյան, լավ էր ճանաչում հայրենի եղերքը, սիրած զբաղմունքներից մեկը ձկնորսությունն էր։

2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, ապրիլի 2-ին առաջնագիծ մեկնողներից մեկը Հրաչյան էր, ով մինչև մայիսի վերջը մասնակցեց մարտական գործողություններին Ջրականի տարածքում, տուն եկավ։ Այդ օրերին առաջնագծում հանդիպեցի Հրաչյային, ում հետ էր նաև Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի դպրոցի տնօրեն Արսեն Հայրապետյանը, ում ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Մեր ժողովրդի կողմից ուղարկած սնունդ ու հագուստ, և ամենակարևորը՝ երեխաների գրած նամակներն էինք տարել առաջնագիծ։ Լուսանկարեցի նրանց ջոկատի տղաներին, զրուցեցինք։ Հզոր հոգով մեր տղաներն այն ժամանակ փակեցին թշնամու ճանապարհը։ Եվ պատահական չէ՝ Հրաչյան պարգևատրվեց պատվոգրերով և «Մարտական ծառայություն» մեդալով։ Նշեմ՝ 2016թ․ Ապրիլյան մարտական գործողություններին Քաշաթաղից մասնակցեցին 1200-ից ավելի կամավոր և 200-ից ավելի ժամկետային զինծառայող։ Այդ կռվում Քաշաթաղից նահատակվեց Աղավնատուն գյուղական համայնքի Խաչգետիկ գյուղի բնակիչ Համլետ Հաջոյանը՝ ծնված 1970 թվականի հուլիսի 8-ին՝ երևանաբնակ ավանդապաշտ եզդիների ընտանիքում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

2020թ․ ամռանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ այցելեցինք Քաշաթաղի շրջանի Հոչանց գետի աջափնյա Մշենիի գյուղական համայնք, որի կազմում է նաև Արվական գյուղը։ Այստեղ գործում էր հիմնական դպրոց, որը տնօրինում էր Հրաչյայի կինը՝ Աստղիկը։ Դպրոցի շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում և ուներ նորոգման խնդիր։ Այստեղ էր նաև Հրաչյան, ով պատրաստակամություն հայտնեց մասնակցել դպրոցի հիմնանորագման աշխատանքներին, միայն թե հատկացվի շինանյութ։ Հատկացվեց շինանյութ, սկսվեցին նորոգման աշխատանքները, սակայն սկսվեց պատերազմը․․․

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ քաշաթաղցիների ոտքի հանեց, ու հարյուրավոր պահեստազորայինների կազմում պատերազմի առաջին օրը մարտադաշտ մեկնեց Հրաչյան։ Մարտնչում էր Ջաբրայիլ-Ջրական հատվածում․ ծանոթ էր տարածքը։ Կինը՝ Աստղիկը, ցավով է տեղեկացնում, որ վերջին զանգը ամուսնու հետ եղել է օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին։ Երկար ժամանակ համարվում էր անհայտ կորած, կար հույս՝ մի՞գուցե ողջ է, գերեվարված է։ Երկար ամիսների սպասումներն իզուր էին․ 2021թ․ հուլիսի 8-ին Եռաբլուրուրում հերթական համազարկով հուղարկավորվեց քաշաթաղցի Հրաչյա Գալուստի  Մարտիրոսյանի աճյունը, որը հաստատվել էր ԴՆԹ փորձաքննությամբ։

Նույն պատերազմի պատճառով թշնամուն մնաց նաև Արվականը, որտեղ ծնվել էին Հրաչյայի զավակները։ Կիսատ մնաց դպրոցի շենքի նորոգումը, անտեր մնացին հայրենի անտառներն ու Հոչանց գետը, Կատոսավանքն ու մոտակա խաչքարերը։ Նույն Արվական գյուղից էր Համլետ Հաննիբալի Հովհաննիսյանը՝ ծնված 1993թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ Արթիկ քաղաքում, մտավորականի ընտանիքում։ 1997 թվականինց բնակվում էր Արվականում։ Ավարտել է նույն գյուղի դպրոցը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործել է անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում (Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա) անմահության ճամփան բռնեց նաև Համլետ Հանիբալլի Հովհաննիսյանը։  Հուղարկավորված է Երևանում՝ Եռաբլուր պանթեոնում իր նման հազարավոր քաջորդիների շարքում։ Այսպես է հայի ճակատագիրը՝ փոքր գյուղակը հայրենիքի փրկության համար պատերազմ ուղարկեց մոտ 10 հայորդու, որոնցից 2-ը՝ անմահ հերոս, մնացին հավերժ երիտասարդ։

 

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031