Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Համաժողովի շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ վարչապետ Կոբախիձե,
Կարդացեք նաև
Հարգելի՛ վարչապետ Ասադով,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնայք․
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, այս միջոցառմանը հրավիրելու և ջերմ ընդունելության համար:
Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ մասնակցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որն իր անվանը հատուկ՝ հասցրել է դառնալ տարբեր երկրների պաշտոնյաների, մասնավոր հատվածի և միջազգային փորձագետների շփումների և նոր գաղափարների բացահայտման կարևոր հարթակ:
Այո, Դուք ճիշտ եք, նախորդ անգամ՝ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը:
Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր, ոչ միայն դեպի Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ, նրանց հետ սահմանի բացումով։
Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք։ 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության Հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։ Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին, և նրա 3–րդ կետում, ասվում է․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա մեջբերում էր օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրից:
Հարգելի ներկաներ,
Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։
Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Հարգելի՛ ներկաներ,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ի շարունակություն վերը նշվածի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Վաշինգտոնի Հռչակագրի 4–րդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP route) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Այժմ մենք աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան–Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։
Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք, ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։
Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես երկու–երեք տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախջևան, ինչպես նաև Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է TRIPP route ծրագրի շրջանակներում։ Նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Իհարկե, այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է, որը Վաշինգտոնի գագաթաժողովի արդյունքներով հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այժմ մենք աշխատում են Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ, ինչպես ասացի, տրանսպորտային բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն՝ պատմական փոփոխություն բերելով մեր տարածաշրջանին։
Հարգելի ներկաներ,
Ես կարդացել եմ, ծանոթ եմ որոշ մեկնաբանությունների այն մասին, թե մեր տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցային են, այսինքն՝ մրցակցում են իրար հետ։ Թույլ տվեք ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին՝ մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ՝ Վաշինգտոնի Հռչակագրի երրորդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։
Հայաստան–Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, TRIPP route նախագիծը, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։
Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին, համագործակցված, ես նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք, մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։
Մենք ի վերջո ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս։ Ի վերջո խաղաղությունը, բարեկեցությունը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մշտական ուղեկիցն են, կամ հակառակը՝ կոմերցիոն բեռները, խողովակաշարերը և էլեկտրահաղորդման գծերն են խաղաղության և բարեկեցության մշտական ուղեկիցը։ և ահա խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, և մեզ մնում է ավելի շատ բեռներ, ավելի շատ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ավելի շատ բարեկեցություն, ավելի շատ զարգացում բերել Հարավային Կովկաս, ինչը ավելի կամրապնդի խաղաղությունը, ինչն էլ իր հերթին կմեծացնի թե՛ բեռների, թե՛ բարեկեցության, թե՛ զարգացման ծավալն ու տեմպը։ Բոլորիս համար՝ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի։
Կարծում եմ մենք, Հարավկովկասյան երեք երկրների ղեկավարներս ունենք բավարար կամք, իմաստնություն և հեռատեսություն այդ բեռների, բարեկեցության, զարգացման ու խաղաղության ներկայությունն ապահովելու համար աշխատել ոչ միայն առանձին–առանձին, այլև միասին։
Իհարկե, մեր մյուս հարևանների և միջազգային գործընկերների հետ համագործակցված։
Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնայք,
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»։
Վարչապետը պատասխանել է նաև համաժողովի մոդերատորի հարցին:
Հարց – Քիչ առաջ լսեցինք վարչապետ Փաշինյանից խաղաղության ու կայունության կարևորության մասին և այն քայլերի, որ Հայաստանն իրականացնում է՝ միտված իր հարևանների հետ ու Թուրքիայի պես պետության հետ կապակցվածությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Տնտեսական կապերն ու տարածաշրջանային համագործակցությունը խթանելուն ուղղված քայլերը, այդ օրակարգը, ինչպե՞ս են ամրապնդում կապակցվածությունը։ Եվ ինչպիսի՞ դեր է խաղում կապակցվածությունը խաղաղության օրակարգի առաջմղման և հարևանների միջև վստահության ամրապնդման գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցի համար: Բայց ես էլ նախ ուզում եմ գործընկերներիս շնորհակալություն հայտնել իրենց ելույթների և այդ ելույթներում դրական շեշտադրումների վրա կենտրոնանալու համար:
Կարծում եմ, որ օգոստոսի 8-ի իրադարձության մթնոլորտն է նաև, որ այստեղ արտահայտվում է: Մենք մի տարի առաջ նման բան չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին: Վրաստանի վարչապետին միշտ ենք շնորհակալություն հայտնում, այդտեղ նորություն չկա: Բայց մի տարի առաջ չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետն էլ շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին: Եվ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է: Եվ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետև թե՛ իմ, թե՛ նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում, և դա իրողություն է:
Փոխկապակցվածությունը, կարծում եմ, շատ կարևոր է հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու համար, որովհետև իմ ելույթում ես փորձեցի դա ընդգծել, որ այնուամենայնիվ, տրանսպորտային կապերը բերում են միասնական օգուտներ: Բայց պետք է նաև ուղիղ ասել, որ դրանք բերում են նաև, եթե կարելի է այսպես ասել, փոխկախվածություններ: Իհարկե, այս բառը կարող է քաղաքական առումով բարեհունչ չհնչել, բայց սա շատ կարևոր գործոն է: Այսինքն՝ ի՞նչ է նկատի առնվում: Երբ երկրներն սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, ի՞նչ էֆեկտի է բերում: Դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու և հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում, և հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետև շատ կարևոր է, որ երկրները, ես տվյալ դեպքում Հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում՝ իրար հետ հաղորդակցվելիս, վստահ լինենք, որ կարող ենք ձեռք բերել պայմանավորվածություններ, իրականացնել այդ պայմանավորվածությունները:
Երեկ վարչապետ Կոբախիձեի հետ այդ թեման քննարկել ենք, ես կիսել եմ իմ այս միտքը վարչապետ Կոբախիձեի հետ: Գիտեք, հաստատված խաղաղությունը մեզ համար նաև շատ լավ հնարավորություն է հետադարձ հայացքով նայել մեր վերջին ավելի քան հարյուր տարվա պատմությանը: Երբ մի փոքր այլ դիտանկյունից ենք նայում մեր վերջին հարյուր տարվա պատմությանը, մենք հասկանում ենք, որ մեր պատմությունները փոխկապակցված են իրար հետ: Ես բերեմ ամենապարզ և հանրահայտ օրինակը. 1918թ. Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում անկախություն ստացան, հետո, որոշ ժամանակ անց Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նույն ժամանակաշրջանում կորցրին անկախությունը: 1991թ. երեք երկրներն էլի, ըստ էության, միաժամանակ անկախություն ստացան: Եվ երբ մենք ասում ենք, որ մեր պատմությունից պետք է դասեր քաղենք, ես կարծում եմ, որ մենք 1991թ-ին 1918-1920թթ. մեր պատմությունից բավարար դասեր չէինք քաղել և չէինք հասկացել, թե ինչն է պատճառը՝ մենք իրար հետ ստացանք անկախություն, իրար հետ կորցրինք անկախությունը: Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք չգնահատեցինք միմյանց համար իրար անկախությունների, ինքնիշխանությունների և պետականությունների կարևորությունը: Մեզ կամ մեր նախնիներին թվում էր, թե մենք կարող ենք իրար հետ պայքարում ավելի մեծ օգուտներ ստանալ: Մինչդեռ, պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում մենք կարող ենք միայն կորուստներ ունենալ և կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը:
Եվ ես ուզում եմ իմ ընկալումը, եզրակացությունն անել, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ: Սա չքննարկված բան է, իմ տպավորությունն եմ ասում, իմ մտածումներն եմ ասում, մենք նախագահ Ալիևի հետ այս թեմայով երբեք քննարկում չենք ունեցել: Իմ կարծիքով, այնուամենայնիվ մի չերևացող գործոն կա, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը, հնարավորություն ստեղծվեց ավելի լայն համապատկերում տեսնել Հարավային Կովկասը և հասկանալ, որ այնուամենայնիվ, և ինչպես պատմությունը ցույց է տալիս, ի հեճուկս կոնֆլիկտի, հակասությունների և երկարատև թշնամանքի, մեր և Ադրբեջանի պարագայում նկատի ունեմ, Հարավային Կովկասի երկրների ճակատագրերն ունեն որոշակի փոխկապակցվածություններ: Եվ կոնֆլիկտը, թշնամությունը մեզ հաճախ թույլ չի տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ:
Այսօրվա այս դրական մթնոլորտն ինչի՞ մասին է: Դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է, ուղղակի մի օրում ջնջվել է: Ոչ, չի կարող լինել այդպիսի բան: Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր: Եվ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերն ունեն ռազմավարական նշանակություն:
Ես իրականում չշեղվեցի տրանսպորտի մասին, հաղորդակցության մասին Ձեր հարցից, որովհետև եթե մենք հարցերին այս դիտանկյունից նայենք, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք տարածաշրջանային մրցակցության, որովհետև երկրները մրցակցում են իրար հետ, մարդիկ էլ են մրցակցում, կուսակցություններն էլ են մրցակցում, այդ ամեն ինչը նորմալ է, այդ էներգիան Հարավային Կովկասում կարող ենք օգտագործել համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար՝ հասկանալով, որ այն բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն մեր տարածաշրջանով, փաստորեն դրանք եկամուտ են բերելու մեր բոլոր երկրներին:
Հետևաբար՝ ստացվում է, որ մենք ընդհանուր գործընկերություն ունենք: Հետևաբար՝ մենք բոլորս, երբ մեր պետական բյուջեի և հանրային եկամուտները կմեծանան, մի օրակարգ ենք ունենալու՝ ի՞նչ անել, որպեսզի այդ եկամուտներն առաջինը չնվազեն և ընդհակառակը՝ ավելանան: Ահա, ամենապարզ այն ընդհանուր շահերի բազան, որի մասին ես խոսում էի:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ