Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հերթական նախագիծը «Լույսի ծածկագիրը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացումն է, որի ժամանակ թե երեխաները, թե մեծահասակները կհայտնվեն Իսահակյանի հեքիաթների աշխարհում, կպարզեն՝ ո՞րն է աշխարհի «Ամենապիտանի բանը», ինչպե՞ս հասնել «Արևի մոտ», նաեւ կծիծաղեն «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ: Ներկայացման հեղինակը եւ վարողը սիրված դերասանուհի Ալլա Սահակյանն է, որը դեռեւս քովիդի շրջանից հեքիաթներ պատմելու փորձ ունի:
Aravot.am-ի հետ զրույցում Ալլա Սահակյանը նշեց, որ ներկայացումը բացառիկ է ամեն ինչով. «Նախ նման լուրջ ձեւով առաջին անգամ է թանգարանում ներկայացում ցուցադրվելու, սա միջոցառում չէ, ասմունք չէ, ոչ էլ երեկո է, կազմավորվել է հետաքրքիր, գունեղ ինտերակտիվ ներկայացում: Տիկնիկները եւ կերպարները Ավետիք Իսահակյանի տարբեր հեքիաթների հերոսներն են, ամեն բան շատ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ ձեւով միքսել ենք: Ներկայացման ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից առաջարկ ստացա հեքիաթներ պատմելու: Մտածեցի՝ ավելի լուրջ ընթացք տալ դրան, հեքիաթն ուղղակի չպատմել, այլ ցույց տալ, խաղալ: Ժամանակի ընթացքում կազմավորվեց հրաշալի թիմ, Ավ․ Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը շատ ոգեւորվեց, որ կարելի է Իսահակյանի հերոսներին այնպիսի սյուժետային լուծմամբ իրար հանդիպեցնել, որ Իսահակյանն էլ գոհ կլիներ (ժպտում է-Գ.Հ.): Կերպարները հանդիպում են իրար, կարողանում են խնդիրներ լուծել, իսկ հիմնական խնդիրը լույսի ճանապարհը գտնելն է, որտեղից էլ առաջացել է հեքիաթի վերնագիրը՝ «Լույսի ծածկագիրը»:
Ալլա Սահակյանի ձեւակերպմամբ` այդ լույսը կարելի է մի քանի իմաստով հասկանալ՝ բարության լույս, գիտության լույս, իմաստության լույս, ի վերջո այն լույսը, որը մեզ պետք է առաջնորդի լավ երկիիր ունենալու, փափկեցնի մարդկանց կարծրացած հոգիները:
Կարդացեք նաև
«13 պերսոնաժ կա բեմադրության մեջ, տարբեր ոճի տիկնիկներ են, որոնք օգնում են ինձ, դառնում իմ գործընկերները: Ես մի քանի կերպարներ եմ խաղում: Հեքիաթի համար հատուկ մուլտֆիլմ է նկարվել, նաեւ երգ ունենք: Մի խոսքով, շատ լուրջ ձեւով ենք աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը: Ընդգծեց, որ ներկայացման մեջ առատ հումոր կա, իսկ հեքիաթի վերջում երեխաները կունենան անակնկալ՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առիթով: Նկարիչը Սուսաննա Հախվերդյանն է, տիկնիկագործը՝ Նանե Զուրաբյանը:
Ներկայացման պրեմիերան կկայանա հոկտեմբերի 25-ին, 26-ին, նոյեմբերի 1-ին եւ 2-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ