«Նա պետք է ցույց տա, թե ո՞ր իրավունքով է ուզում Հովհաննավանքում պատարագ անցկացնել: Կանոնագիրք Հայոցում գոյություն ունի՞ այդպիսի կետ, որ կարգալույծ արված որեւէ հոգեւորական նման իրավունք ունի: Դա հոգեւոր հաստատության ցանցն է, որը նաեւ նրա սեփականությունն է: Այս տեսակետից համանման գործողությունները թույլատրելի չեն: Կարգալույծ արվածը կարող է իր հայացքները որեւէ այլ տեղ արտահայտել, բայց եթե կարգալույծ է արված, այլեւս հոգեւոր հովիվ չի կարող լիինել: Եկեղեցվո դաշտում նա հոգեւոր հովիվ չէ: Եթե դա թույլատրելի է, ապա թույլատրելի կարող է լինել կամ Դատաստանագրքով, կամ Կանոնագիրք Հայոցով »,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով կարգալույծ հռչակված՝ Հովհաննավանքի արդեն նախկին հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյանի (այսուհետ՝ պարզապես Ստեփան Ասատրյանի) հայտարարությունը՝ պատարագ անցկացնելու մասին, ասաց
պատմաբան, փիլիսոփա կրոնագետ Վարդան Խաչատրյանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ կարգալույծ արված հոգեւորականի պատարագին մասնակցելու մասին հրապարակային հայտարարությանը, այս մասին էլ կրոնագետը նշեց. « Դա քաղաքական մոտեցում է, իր համոզմունքներն են այդպիսին, բայց խնդիրն այն է, որ անձը, որը պետք է պատարագ անցկացնի, համանման իրավունքներով օժտված չէ…
Կարգալույծ արված հոգեւորականը կարող է դրսում իր հայացքներն արտահայտել, կարող է գնալ հեռուստաալիքներ, թերթերի խմբագրություններ, սեփական կարծիքը եւ կողմնորոշումը ցույց տալ հազար եւ մեկ բանի վերաբերյալ, բայց եկեղեցու ներսում անցկացնել պատարագ, ծիսակարգ, դա հնարավոր բան չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ