Հոկտեմբերի 22-ին Երեւանի «Ռամադա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (Media Ownership Monitor- MOM) ծրագրի շնորհանդեսը։
Շնորհանդեսի մեկնարկն ազդարարեցին «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղադարյանը, Global Media Registry (GMR)-ի գործադիր տնօրեն Օլաֆ Սթենֆադթը և Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Լարս Հեննիգը (Deputy Head of Mission German Embassy), որոնք տվեցին կարճ նկարագիր Media Ownership Monitor նոր գործարկված կայքի և դրա կարևորության վերաբերյալ։ Ներկաների շարքում էր նաև ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, որը ևս կարևորեց այս նախաձեռնությունը։
Նորաստեղծ «Մեդիա սեփականության մոնիտորը» (Media Ownership Monitor) գլոբալ հետազոտական և պաշտպանության կայք է, որը թափանցիկություն է ստեղծում «ու՞մ են պատկանում լրատվամիջոցները» հարցի շուրջ՝ համատեքստի և վերլուծության միջոցով: Այն հանրությանը տրամադրում է հեշտությամբ մատչելի, անընդհատ թարմացվող և որոնելի աղբյուր, որը թույլ է տալիս պարզել, թե ում շահերն են կանգնած իրենց դիտած, կարդացած կամ լսած լուրերի հետևում: Ինչու՞ է կարևոր այս նախաձեռնությունը։ Քանի որ այսօր համատարած հեռուստալսարանի չափման ճգնաժամ է մեզ մոտ, չկա ամբողջական գնահատական, չկա վիճակագրություն։ Այս մասին ասաց «Հետք»-ի խմբագրի տեղակալ Լիանա Սայադյանը։
Իսկ ահա նախաձեռնության ղեկավար Նաֆիսա Հասանովան (Head of MOM at GMR) մանրամասն ներկայացրեց կայքի օգտագործման ձևերն ու գործիքակազմը։
Կարդացեք նաև
Հարց ու պատասխանի միջոցով հանդես եկան նաև մի քանի բանախոսներ՝ 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման բաժնի ղեկավար Արմինե Ներսիսյանը, լրատվամիջոցների և մարդու իրավունքների փաստաբան Արա Ղազարյանը և Factor Tv-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը։
Հարություն Հարությունյանը նշեց, որ անկախ մեդիա գոյություն չունի։ Կան լրատվամիջոցներ որոնք ազատ են, բայց բոլորն էլ ունեն սեփականատեր, ապա անկախ չեն։
Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ