«Մեր համայնքը եկեղեցական տարածքում է, գտնում եմ, որ սա ողջ հայության հայացքն է դեպի Էջմիածին, ուզում եմ, որ վաղարշապատցին, Խոյ համայնքի հետ միասին հաղթի ու մեր ինքնությունը պահպանի ու աշխարհին ցույց տա, որ մենք հայոց արժեահամակարգի կրողներն ենք»,- այսօր Վաղարշապատում մեկնարկած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Հաշվի առնելով, թե իշխանությունն ինչպես է վարվում ընդդիմադիր համայնքապետերի հետ, ձեզ հետ ինչպե՞ս կվարվեն, եթե իշխանության գաք հարցին, պարոն Մանուկյանն այսպես պատասխանց. «Չարությամբ եկողները չարությամբ կպատասխանվեն: Ես այսօր քարոզարշավի մեկնարկը սկսել եմ Եռաբլուրից, ես Եռաբլուրի քաջերի զինվորն եմ: Բոլոր այն դուխով փալասները, որոնք կփորձեն չարամտորեն ինչ-որ գործողություններ ծրագրել, կփալասվեն հայ ժողովրդի ոտքերի տակ»:
ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների կիրառմանն անդրադառնալով՝ Մանուկյանն ասաց. «Իրավական համակարգը դրանով պետք է զբաղվի, չեմ կարող գնահատականներ տալ: Թող զբաղվեն, տեսնեն: Որ վարչական ռեսուրսները պետք է կիրառվեին, դրանում կասկած չունեմ, դա ամենափոքրն է, որ կանեն, կուզեի՝ չարության ռեսուրսները չկիրառեին: Այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, որոնք այսօր ստանձնել են մեր երկրում իշխանության ղեկը»:
Հաջորդ հարցին, թե իշխանությունը Վաղարշապատում կհանդուրժի՞ ժողովրդի քվեն՝ հաշվի առնելով այլ համայքններում տեղի ունեցած զարգացումները, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Բայց իշխանություն կա՞: Իշխանություն չկա, կան օտարի շահերը սպասարկողներ: Շատ ուզում եմ, որ հայոց իշխանությունը ձեւավորվի մեր երկրում ու երբ այդ ինքնիշխան իշխանավորները կգան, մենք կտեսնենք՝ առողջ քայլերով մեր երկիրը գնում է առաջ… Տեսանք՝ ինչպես սրբազաններին հանիրավի կալանավորեցին, ինչպես կցոնեցին ձայանգրությունները ու ապատեղեկատվություն տարածեցին. այդ հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնում, այդ հանցագործներին պետք է կանգնեցնել արդարադատության առջեւ, որ չկարողանան իրենց նենգությունն իրագործել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ