Այսօր վաղ առավոտից Հայաստանի տարբեր տեղանքներում գտնվող ձերբակալման պահպանման վայրերից Շիրակի մարզի քննչական բաժին են տեղափոխել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում գտնված մարդկանց։ Նրանց մեծ մասը, մեր տեղեկություններով, երիտասարդներ են։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տեղեկություններով՝ նրանք 33-ն են։ Իրավապաշտպանն ասում է, որ Գյումրու դեպքերի հետ կապված ունի լուրջ անհանգստություններ, քանի որ 33 տղաներին Քրեական օրենսգրքի ծանր, հիմնականում 3 հոդվածներով մեղադրանքներ են առաջադրում`327 հոդվածի 1-ին մասով, 486 հոդվածի 2-րդ մասով, 452 հոդվածի 3-րդ մասով, ինչը նախատեսում է մինչև 8 տարի ազատազրկում։
Ըստ Կարապետ Պողոսյանի՝ ձերբակալված անձանց մեջ կա նաև անչափահաս տղա։
Նշենք, որ ձերբակալվածների մեջ են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, նրանց ընկերները, «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի մի խումբ աշխատակիցներ՝ վարորդներ, բանվորներ, հավաքարարներ։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբան Հայկ Հարությունյանի՝ բոլորին անխտիր նույնաբովանդակ մեղադրանքներ են առաջադրում՝ առանց կոնկրետացնելու։
Միչդեռ, ըստ փաստաբանի, կան անձինք, որոնք ոչ մի գործողություն չեն կատարել, ուղղակի կանգնած են եղել Վարդանանց հրապարակում, ոստիկանները նրանց բռնել ու նստեցրել են են իրենց մեքենան։ Փաստաբաններն ապացույցներ են ներկայացրել, սակայն քննիչներն անդրդվելի են, բոլորին մեղադրանքներ են առաջադրում ու բոլորին նույն կարգավիճակում են դիտարկում՝ որպես զանգվածային անկարգություններ կատարած անձանց։
Ըստ փաստաբանի՝ կարծես պատժիչ գործողություններ են կատարում։
Հայկ Հարությունյանի տեղեկացամբ՝ ձերբակալվածների մեջ կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։
Այսօր եւս նոր մարդկանց են ձերբակալել․ փաստաբանը նշում է՝ նրանք քաղաքապետարանի աշխատակիցներ են, այլ անձինք են, որոնց ձեռնաշղթաներ ամրացրած՝ բերել են քննչական բաժին։ Թե քանի հոգի դարձան ձերբակալվածները, արդեն անհայտ է:
Նոր ձերբակալությունների մասին այսօր ահազանգեց նաև փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։
Նա քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում նշեց, որ զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում․ փողոցից բերման են ենթարկել քաղաքապետի խորհրդականին, բաժնի պետերին։
Aravot.am-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը Գյումրու քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանն է, մյուսն՝ ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Արթուր Մեսրոպյանն է։
Աշոտ Պետրոսյանին ոստիկանները բերման են ենթարկել աշխատանքի գալու ճանապարհին։
Փոխքաղաքապետն իր հարցազրույցում նշում է, որ նրանց պաշտոնապես չեն իրազեկել, չեն հրավիրել ոստիկանություն, այլ փողոցում են բերման ենթարկել։
«Ասում են՝ բաժանմունք գնա, խոսելու բան կա, գնում են բաժանմունք, ինչ-ինչ պայմաններում վերցնում են կալանքի, հոդվածներ են դնում»,- ասում է փոխքաղաքապետը։ Գագիկ Մանուկյանն ահազանգում է, որ պարալիզացվում է քաղաքապետարանի աշխատանքը․ կոմունալ բաժնի 8 վարորդների՝ բեռնատարի, աղբատարի, տրակտորի, ժամերով պահել են ոստիկանությունում։
«Էդ մարդիկ վերջը քաղաքը պիտի մաքրեն, հետո մաքրողներին են տանում․ 13-14 հոգի մարդ են տանում, անընդհատ շարունակաբար տանում են։ Ժողովուրդ, ախր, էդպես չի կարելի, ինչի՞ եք պարալիզացնում քաղաքը, ինչո՞ւ չեք թողնում աշխատենք։ Հասկացանք, քաղաքապետին եկաք, դիմակավորված տարաք՝ կանանց ու երեխաների աչքի առաջ, չի կարելի էդպես։ Թողեք աշխատի քաղաքապետարանը՝ կամ ճշտեք, կամ արագ վերադարձրեք, մենք չենք կարող էս պահին 10 նոր վարորդների բերել աշխատանքի, քաղաքը պարալիզացնում եք։
Ժողովուրդ, վաղը քաղաքը, որ մաքրված չտեսաք, չմեղադրեք քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը չի կարող աշխատել, կոմունալ բաժինը չի կարող աշխատանքները կազմակերպել։ Վարորդն մարդն ի՞նչ պիտի արած պիտի լինի, մաքրող կինն ի՞նչ արած պիտի լինի, ես չեմ կարծում՝ նրանք քաղաքականապես էն մարդիկ են, որոնց կարելի է պահել։ Ես զարմանում եմ ուղղակի։ Կան ձերբակալված երկու ավագանու անդամներ, բայց չէ՞ որ նրանք օրենսդիր մարմին են՝ ընտրված, ժողովրդի քվեներով։
Գյումրիում էլ չեն պահում, տանում են Հոկտեմբերյան, Աբովյան, ինչքան տեղ կա, ցրում են։
30-40 մարդ տարել, տարբեր տեղեր ցրել են, էսպես ո՞նց կարելի է», -հարցնում է Գագիկ Մանուկյանը՝ հորդորելով ԱԺ պատգամավորներին զուսպ լինել իրենց բնութագրումներում, չափ ու սահման չանցնել, անմեղության կանխավարկածը չխախտել ու չվիրավորել մարդկանց՝ «լափակեր» անվանելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































