Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի 90-օրյա սահմանափակման հետևանքները․ բողոքի ակցիաներ և ԵԱՏՄ սկզբունքների խախտման վտանգ

Հոկտեմբեր 22,2025 18:40

2025 թվականին ուժի մեջ մտած Ռուսաստանի միգրացիոն օրենսդրական խստացումները խնդիրներ են առաջացրել Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար՝ նրանց կանգնեցնելով աշխատանքը կորցնելու և մի քանի տարով ՌԴ մուտքի արգելքի ռիսկի առջև։

ՌԴ նախագահի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հրամանագրով նվազեցվել է առանց վիզայի հիմքով ՌԴ ժամանած օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի տարածքում մնալու ժամկետը՝ այն դարձնելով  առավելագույնը 90 օր (3 ամիս) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում՝ նախկին մինչև 180 օրվա (6 ամիս) փոխարեն։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ-ում աշխատանքային պայմանագիր կամ կեցության կարգավիճակ չունեն:

ՌԴ նախագահի հրամանագրով փաստաթղթերի հետ կապված տարաբնույթ խնդիրներ ունեցող օտարերկրացիներին մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը  հնարավորություն էր տրվել օրինականացնել կեցության կարգավիճակը։ Հակառակ պարագայում նրանք հայտնվելու էին ՌԴ-ից արտաքսման ենթակա անձանց ցանկում։ Ավելի ուշ՝ ապրիլի 28-ին ստորագրված հրամանագրով այս վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:

Նշված փոփոխությունները տարածվում են նաև Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վրա։ Թե իրավական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քանի վարորդ է ՌԴ մուտքի արգելք ստացել՝ պաշտոնապես հրապարակված ճշգրիտ տվյալներ չկան։ Հոկտեմբերի 21-ին  «Հետքի» հետ զրույցում միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում տարբեր խնդիրներով իրեն դիմած շուրջ 130 վարորդներից 50-ն արդեն իսկ մուտքի արգելք ունեն։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է ՌԴ միգրացիոն սահմանափակումների ռիսկերն ու հնարավոր հակասությունները ԵԱՏՄ պայմանագրով սահմանված սկզբունքների հետ։

Վարորդների բողոքն ու պահանջը

ՌԴ մուտքի արգելքի վտանգի առաջ կանգնած հայ բեռնատարների վարորդները հոկտեմբերի սկզբից սկսեցին բարձրաձայնել խնդիրը՝ նախ լրատվամիջոցների միջոցով, ապա Կառավարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիաներով։

Առաջին ակցիան կայացավ հոկտեմբերի 13-ին։ Հավաքված վարորդները կառավարությունից մեկ պահանջ ունեին՝ ակտիվ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։ Հոկտեմբերի 16-ին հերթական բողոքի ակցիայի ժամանակ վարորդների հետ հանդիպած ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունեց նրանց մտահոգությունները՝ նշելով․ «90 օրը մեր դեպքում չաշխատող տարբերակ է, որովհետև միայն 90 օր դուք Վերին Լարսում կարող եք կանգնել»։

Նախարարն ասել էր, որ խնդիրը գտնվում է քննարկման փուլում, սակայն լուծման հստակ ժամկետներ չէր նշել։

Չորս օր անց՝ հոկտեմբերի 20-ին, կառավարական շենքի և Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված վարորդները հայտարարեցին, որ վճռական են տրամադրված պայքարելու հարցում՝ ընդհուպ մինչև բեռնատարներով ճանապարհների փակում։ Նույն օրը երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ վարորդները փակել են Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները։

Հոկտեմբերի 21-ին հարցը դարձավ քննարկման թեմա նաև Ազգային ժողովում։ Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը հայտարարեց․ «ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը՝ առաջարկելով, որ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։ Նախնական ասեմ, որ ունենք դրական արձագանք ՌԴ գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և, իմ տեղեկություններով, արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնությունը, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»։

Նախարարը տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք ԵԱՏՄ նիստում, որից հետո կլինեն հստակեցումներ։

ՌԴ սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին

2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված ԵԱՏՄ պայմանագրի 1-ին հոդվածը սահմանում է․ «Սույն Պայմանագրով Կողմերը ստեղծում են Եվրասիական տնտեսական միությունը, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով»։

ՌԴ սահմանափակումները, սակայն, փաստացի խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի ու ՌԴ-ի միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և հատկապես աշխատուժի ազատ տեղաշարժը։

Պայմանագրի 3-րդ հոդվածը հստակեցնում է, որ Միությունը գործում է անդամ պետությունների կողմից իրեն տրված լիազորությունների շրջանակում՝ հիմնվելով մի շարք սկզբունքների վրա, այդ թվում՝ Կողմերի փոխշահավետ համագործակցության, հավասարության և ազգային շահերի հաշվառման սկզբունքի վրա։

Նկատենք, որ Ղազախստանի տեղական լրատվամիջոցները նշում են՝ երկկողմ բանակցություններից հետո ՌԴ-ն 90-օրյա սահմանափակումը երկրի բեռնատարների վարորդների նկատմամբ ժամանակավորապես չի կիրառում։ Այս տեղեկության հաստատման դեպքում կստացվի, որ չի պահպանվում  հավասարության մոտեցումը ԵԱՏՄ անդամ պետությունների նկատմամբ։

Ի դեպ, ՌԴ սահմանափակումների և ԵԱՏՄ սկզբունքների հնարավոր հակասության մասին օրեր առաջ բարձրաձայնել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ազատություն» ռադիոկայանի տարածած ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․  «Մշտապես շեշտվում է, որ փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին, մասնավորապես՝ աշխատուժի ազատ շարժի կարևորագույն սկզբունքին։ ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում հստակ նշված է, որ Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, մեր կարծիքով, սահմանում են անհավասար պայմաններ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար»։

Այսպիսով, ՌԴ-ի 90-օրյա մուտքի սահմանափակումը ոչ միայն խոչընդոտում է հայաստանցի բեռնափոխադրողների աշխատանքը, այլև հակասում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի մասին պայմանագրերով ամրագրված սկզբունքներին։

Գայանե Մարկոսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031