«Ականատես»-ը դիտորդական առաքելություն է իրականացնում Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում։ 2025 թ. հոկտեմբերի 21-ին Խոյ համայնքի Դողս գյուղում, որտեղ ևս անցկացվում են Վաղարշապատի ընտրությունները՝ համայնքների խոշորացման հետևանքով, կազմակերպվել է բարեգործական միջոցառում, որի կապակցությամբ Ականատեսը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ միջոցառումը կազմակերպվել է բարերար Ռուբեն Մանուկյանի կողմից, ով Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիկ Յայլոյանի ընկերն է։ Միջոցառումն անցկացվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ և ներկայացվել է որպես Ռ․ Մանուկյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հյուրասիրություն, համերգ, երեխաներին բաժանվել են նվերներ, իսկ մեկ երեխայի տրամադրվել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Նվերների բաժանումն իրականացրել է անձամբ Լյուդվիկ Յայլոյանը։
Իսկ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, նույնպես մասնակցել է բարեգործական միջոցառմանը և ելույթ ունեցել դրա ընթացքում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այդ թվում ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալու կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Բարեգործական միջոցառումն իրականացվել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թեկնածու հանդիսացող և/կամ ընտրությանը մասնակցող կուսակցության անդամներ հանդիսացող անձանց ուղղակի մասնակցությամբ (ընդհուպ նյութական բարիքներն ինքնին բաժանելը)։
Միևնույն ժամանակ, դրա անցկացումը ակնհայտորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա անդամների ու ընտրություններում թեկնածուների անվան հետ, ուստի գտնում ենք, որ նշված անձանց գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Դիտորդական առաքելությունն ակնկալում է՝
- անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները,
- ապահովել իրավական գնահատականների լիարժեքությունը,
- և պատասխանատվության ենթարկել օրենքի խախտման մեջ ներգրավված անձանց։
Ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը գործում են օրենքի և հավասարության սկզբունքների շրջանակում։
«Ականատես»-ը դիտորդական առաքելություն