2025 թվականի հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ հռչակելու որոշում կայացվեց, որում չորս հիմնավոր պատճառներ են նշված և ավելացված, որ Տեր Արամը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։
Չեմ կարծում, որ այս տհաճ փաստը որևէ հավատացյալ քրիստոնյայի կարող է ուրախացնել, սակայն, այս թնջուկի հետ կապված նախորդ իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես, մնացած բոլոր միջոցները սպառվել էին և միակ արդարացի որոշումը հենց այդ էր, ինչ որ կայացվեց։
Բնականաբար իշխանություններն ու հակաեկեղեցական տարրերը թեման շահարկելու առիթը բաց չթողեցին։ Մեկը մյուսին հերթ չտալով քննադատում, սպառնում ու վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ շարունակելով կրել իրենց «հավատացյալի» դիմակը՝ առանց անդրադառնալու, որ այդ դիմակը վաղուց արդեն պատռված է։
Գլխավոր «հավատացյալը» հայտարարել է, որ ինքը կիրակի օրը գնալու է Հովհաննավանք՝ ներկա գտնվելու կարգալույծ հռչակված հոգևորականի «Սուրբ և անմահ պատարագին»։
Կարդացեք նաև
Այս ամեն ինչի ֆոնին մի քանի լրատվամիջոցներ մեկնել էին Օհանավան գյուղ հանդիպելու Ստեփան Ասատրյանի հետ՝ ճշտելու նրա վերաբերմունքը Մայր Աթոռի կողմից իրեն կարգալույծ հռչակելու որոշման մասին։ Ստեփան Ասատրյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ինքը չի ընդունում իր կարգալույծ լինելու որոշումը և շարունակելու է իր հոգևոր ծառայությունը Հովհաննավանքում։
Սակայն մեկ այլ հարցին ի պատասխան նա սպառնում է, ասելով, որ եթե Մայր Աթոռը մինչև երեկո չչեղարկի իր կարգալուծության որոշումը, ապա նա կմիանա ու կսատարի Նիկոլ Փաշինյանին, ինչը նշանակում է, որ նա կմիանա ու կսատարի հակաեկեղեցական արշավին։
Այստեղ մի շատ պարզ հարց է առաջանում։ Եթե Ստեփան Ասատրյանը Մայր Աթոռի կողմից իրեն կարգալույծ հռչակելու որոշումը անօրինական է համարում, ապա ի՞նչ նշանակություն ունի այդ որոշումը կչեղարկվի թե՞ ոչ։ Եթե այդ որոշման չեղարկումը ինչ որ բան պետք է փոխի, ուրեմն այն օրինական է և ուժի մեջ է։
Պարզ է, որ անհիմն մեծամտությամբ ու հիվանդագին ինքնասիրությամբ տառապող Ստեփան Ասատրյանը խիստ մոլորության մեջ է և ինքնախաբեությամբ է զբաղված։
Հնարավոր է, որ, այդուհանդերձ, իր հոգեբանական մղձավանջից ազատվելուց հետո, մի որոշ ժամանակ անց Ստեփան Ասատրյանը կզղջա իր հակաեկեղեցական կեցվածքի համար, սակայն նույն բանը չի կարելի ասել ՀՀ իշխանությունների մասին, ովքեր ծրագրավորված ու հետևողական պայքար են մղում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, թեև Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա, գուցե սրանք էլ մի օր դարձի գան։
Բոլոր դեպքերում, այսպես շարունակվելու պարագայում միակ բանը, ինչում կարող են հաջողել ՀՀ քաղաքական իշխանությունները դա անխուսափելի ողբերգական ելքերով քաղաքացիական բախումներն են։
Քանի ժամանակ կա, վարչապետը պետք է հետ կանգնի առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի «պատարագին» մասնակցելու և հակաեկեղեցական արշավը շարունակելու մտադրությունից, որպեսզի հասարակական կյանքում վտանգավոր պառակտումներից հնարավոր լինի խուսափել։
Գենադի Մնացականյան