«Եթե այս իրավիճակը մի քիչ հանգամանալից վերլուծենք, կտեսնենք, որ շատ նման է այն իրավիճակին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում ստեղծվել էին նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ: Հիշում ենք՝ չէին կրակում: Եվ դա դարձել էր ՔՊ-ի հիմնական զենքը, որ տեսեք, վերջ, պատերազմն ավարտվեց, զոհեր չունենք, կրակոցներ չկան: Ընտրություններն ավարտվեցին եւ սկսվեց ողբերգության երկրորդ շրջանը Արցախում, որի արդյունքում Արցախն ընդհանրապես հայաթափվեց»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ՔՊ-ում ուրախության բուռն դրսեւորումներին, թե Բաքվից երկաթուղով Վրաստանի տարածքով Հայաստան ցորեն կգա, հետեւաբար, խաղաղությունն արդեն հաստատվել է:
«Այս ծրագիրը նախընտրական ծրագիր է, որն իրականացվում է ադրբեջանական իշխանությունների եւ նրանց՝ Հայաստանում տեղակայված գործակալների միջեւ, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվի ՔՊ խմբակի վերընտրվելու համար:
Բայց սա միակ խնդիրը չէ, որ մեզ պետք է հուզի: Խնդիրն այն է, որ ինչի մասին նրանք հրճվանքով ասում են, որ վերջապես Ադրբեջանը բացեց ճանապարհները եւ մենք արդեն կստանանք ղազախական հացահատիկը, շատ պարզ հարց է առաջանում. բա այդ ճանապարհը Ադրբեջանից Հայաստան ինչո՞ւ պետք է անցնի Վրաստանով:
Միթե Ադրբեջանից Հայաստան ավելի կարճ երկաթուղային ճանապարհ չկա: Եվ այս հարցի պատասխանը չափազանց կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք բոլոր այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, տեղի ունենում են եւ դեռ պետք է տեղի ունենան:
Կարդացեք նաև
Կա ճանապարհ Հայաստանից Ադրբեջան: Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Երեւան եւ, Հայաստանի ցանկացած հատված ճանապարհն է: Եվ դրանից հետո Հայաստանով կառուցվելիք 35 կմ ճանապարհը: Ինչո՞ւ իրենք այս ճանապարհը չեն օգտագործում, որտեղ փոքրիկ վերանորոգման աշխատանք կա եւ շատ ավելի էժան կնստի, քան միլիարդավոր դոլարներ ծախսելը այսպես կոչված, Մեղրիով կամ ինչպես իրենք են ասում, Զանգեզուրի միջանցքով:
Շատ պարզ պատճառով: Որովհետեւ, սա թուրանական ծրագրի իրականացում է,: Թուրանական ծրագիրն է այն հիմնական խնդիրը, որին հետամուտ են Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ադրբեջանը եւ միջինասիական իրենց գործընկերները:
Այս գործողությունը ունի երկու տեր. Մեկը՝ Ալիեւն է, մեկը՝ նրա գործակալ Նիկոլ Փաշինյանը: Իրական հնարավորություն է ստեղծվել ապացուցելու, որ Ադրբեջանը ապաշրջափակում է ճանապարհը: Իսկ Հայաստանի ներկայացուցիչները այս պարագայում փոխանակ ըմբոստանան, հորթի հրճվանք են ապրում:
Ուրախանալու ի՞նչ բան կա, որ եւս մեկ անգամ, եւ ձեր մեղքով Ադրբեջանը շարունակում է իր բլոկադան: Եվ եթե դրանից դուք ուրախանում եք, հետեւաբար, մեկ նպատակ ունեք. Որպեսզի այս բլոկադան շարունակվի եւ բացվի, ինչպես իրենք են ասում, Զանգեզուրի միջանցքը կամ թուրանական ծրագիրը:
Գնահատականը մեկն է. այս հացահատիկը Հայաստան տեղափոխելու վրացական տարբերակը խոսում է մեկ բանի մասին. Ադրբեջանցիները եւ նրանց հայ գործընկերները շարունակում են բլոկադայի ենթարկել Հայաստանը: Ու այս բլոկադան կշարունակվի այնքան, քանի իշխանափոխություն չլինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ