Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին լեփ-լեցուն է․ քննվում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող 19 անձանց խափանման միջոցի հարցը։
Րոպեներ առաջ դատարանը Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանին երկու ամսով կալանքի ենթարկեց։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է, Ամերիկյան համալսարան ավարտած երիտասարդ է։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ 23 տարեկան է, դեռևս չծնված երեխայի հայր, հասցրել է պատվով ծառայել հայոց բանակում, վերջերս ընտանիք կազմել։ Գրված է նաև, որ նա ապօրինի ձերբակալվել էր քաղաքապետարանում՝ աշխատանքի գալիս։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կասկածներ ունի, որ առաջին անձի խափանման միջոցի մասին որոշումը օրինակ կհանդիսանա մյուս դատավորների համար՝ նույն կերպ վարվելու։
Ինչպես տեղեկացնում է իրավապաշտպանը, դատավորները չորսն են՝ Վարսիկ Մելքոնյանը, որն այս պահին քննում է «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոցի հարցը, Հովհաննես Սաֆարյանն է, Արտյոմ Ավետիսյանն ու Արսեն Գեղամյանն են։
Ի դեպ, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հավաքվել են դատարանի շենքի դիմաց։
Կան որոշակի տեղեկություններ, որ խափանման միջոցի հարց քննվում է նաև Մարալիկի նստավայրում։
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի, Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 29 անձի նկատմամբ։
Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն․ «Նրանք կոչեր են հնչեցրել, արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»։
Նկատենք, սակայն, որ փաստաբանների պնդմամբ, բոլորին անխտիր, առանց կոնկրետացնելու նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրված, բոլորին դիտարկում են որպես զանգվածային անկարգության մասնակից, նույնիսկ այն դեպքում, երբ ապացույցներ են ներկայացվել, որ նրանցից ոմանք Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը, գտնվելով Վարդանանց հրապարակում, կանգնած են եղել ու որևէ գործողություն չեն կատարել․ ոստիկանները նրանց բռնել ու տարել, նստեցրել են իրենց մեքենաների մեջ։
Նրանք անցնում են Քրեական օրենսգրքի ծանր հոդվածներով, հիմնականում մեղադրանքներ են առաջադրվել 3 հոդվածներով՝ 327 հոդվածի 1-ին մասով, 486 հոդվածի 2-րդ մասով, 452 հոդվածի 3-րդ մասով, ինչը նախատեսում է մինչև 8 տարի ազատազրկում։
Նշենք, որ նրանց մեջ կա նաև անչափահաս տղա։ Նրանց թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, նրանց ընկերները, «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի մի խումբ աշխատակիցներ՝ վարորդներ, բանվորներ, հավաքարարներ։
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ևս նոր մարդկանց են ձերբակալել․ ոմանց ձեռնաշղթաներն ամրացրած՝ բերել են քննչական բաժին։
Ձերբակալել են նաև Գյումրու քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանին և Գյումրու համայնքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Արթուր Մեսրոպյանին։
Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ կրտսեր Վարդան Ղուկասյանը, որն իր եղբորը՝ երկու ամսով կալանքի ենթարկված Գևորգ Ղուկասյանին համարում է քաղբանտարկյալ, գրում է, որ նա կալանավորվեց միայն նրա համար, որ հայ է, Ղուկասյան է, ավագանու անդամ է։
Նա իր մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է, շատերի 18 տարին նոր է լրացել։
«Գյումրիում այս պահին 33 արդար երիտասարդ է դատվում սեփական բողոքի ձայնը բարձրացնելու համար, կամ պարզապես հրապարակում գտնվելու համար։
Ես ճանաչում են նրանց մեծ մասին. բոլորն էլ լուրջ, կայացած, իսկական հայ տղամարդիկ, թեև նրանցից շատերի 18 տարեկանը նոր է լրացել։ Նրանց մեջ դպրոցականներ, ուսանողներ, մարզիկներ, ծրագրավորողներ, զինվորական և այլ հաջողակ տղերք կան։
Ահա՛, վայելեք խնդրեմ այն խաղաղությունը, որ երկրի սահմաններից արդեն թափանցել է նաև երկրի խորքը և ցնծացեք Ադրբեջանով եկող ցորենով, մինչ այս տղաները հայի թասիբ կքաշեն», -գրել է Վարդան Ղուկասյան կրտսերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ