«Ազատություն». Խորհրդային գիտնական, այլախոհ, իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը այս տարի Եվրախորհրդարանը շնորհեց երկու բանտարկված լրագրողների:
«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ 2025-ի Սախարովի «Մտքի ազատության» մրցանակը շնորհվում է Բելառուսից Անջեյ Պոչոբուտին և Վրաստանից Մզիա Ամագլոբելիին», – հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Եվրախորհրդարանի նախագահն ընդգծեց՝ երկու լրագրողներն էլ այս պահին անազատության մեջ են իրենց աշխատանքը կատարելու՝ ճշմարտությունը բացահայտելու պատճառով:
«Նրանց քաջությունը փարոսի պես լուսավորում է բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են լռել: Երկուսն էլ ծանր գին են վճարել իշխանությանը ճշմարտությունն ասելու համար՝ դառնալով ազատության և ժողովրդավարության համար պայքարի խորհրդանիշներ: Խորհրդարանը նրանց և բոլոր նրանց կողքին է, ովքեր շարունակում են պահանջել ազատություն»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Կարդացեք նաև
Անջեյ Պոչոբուտը Բելառուսում բնակվող լեհական փոքրամասնության ներկայացուցիչ լրագրող բլոգեր է, հայտնի է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի քննադատությամբ, ինչ համար բազմիցս ձերբակալվել է։ 2021 թվականին նա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, նրան պահում են ուղղիչ գաղութում։ Ըստ Եվրախորհրդարանի կայքի՝ Պոչոբուտի վիճակի մասին այս պահին տեղեկություն չկա, և ընտանիքին արգելված է տեսակցությունը։ Խորհրդարանը կոչ է արել լրագրողին անհապաղ ազատ արձակել։
Վրացի լրագրող, առցանց լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամագլոբելին ձերբակալվել է այս տարի՝ կառավարության դեմ բողոքի ցույցին մասնակցելու համար և երկու տարվա ազատազրկման դատապարտվել՝ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով։
Անկախությունից ի վեր Վրաստանի առաջին կին քաղբանտարկյալն է, որ պայքարում է խոսքի ազատության համար, 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից հետո «Վրացական երազանքի» ռեժիմի ընդդիմախոսն է, Վրաստանի ժողովրդավարամետ բողոքի շարժման խորհրդանիշն է։
Այս տարի եզրափակիչ փուլ էին անցել նաև Պաղեստինում և բոլոր հակամարտության գոտիներում աշխատող լրագրողներն ու մարդասիրական օգնություն տրամադրողները, ինչպես նաև սերբ ուսանողները։
Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Գազան համարվում է լրագրության համար աշխարհի ամենամահացու տարածաշրջանը, որտեղ մեծ թվով պաղեստինցի լրագրողներ, ինչպես նաև հումանիտար կազմակերպությունների աշխատողներ են զոհվել: Սերբ ուսանողները համազգային բողոքի ցույցեր սկսեցին անցած տարի Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո։ 16 մարդու կյանք խլած ողբերգությունը կապվեց ենթադրյալ համակարգային կոռուպցիայի հետ։
«Ես նաև ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սախարովի մրցանակի՝ եզրափակիչ փուլ անցած մյուս հավակնորդներին, որոնք դեկտեմբերին նույնպես կհրավիրվեն Ստրասբուրգ», – նշել է Ռոբերտա Մեցոլան։
37 տարի շարունակ մտքի ազատության համար շնորհվող այս մրցանակը ճանաչում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանող անհատներին և կազմակերպություններին։ Այն նաև 50,000 եվրոյի պարգև է ներառում:
2024 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիրները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներն էին, այդ թվում՝ Մարիա Կորինա Մաչադոն, որն այս տարի արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակին։
Տարբեր տարիների այս մրցանակն են ստացել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, Ուկրաինայի ժողովուրդը, իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, Պակիստանից Կանանց իրավունքների և կրթության քարոզիչ Մալալա Յուսուֆզայ, ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։
Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թվականին։ Դափնեկիրները երկուսն էին Հակա-ռասայական խտրականության ակտիվիստ, ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան և Խորհրդային այլախոհ, հեղինակ և մարդու իրավունքների ակտիվիստ Անատոլի Մարչենկոն։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։
Սախարովի անվան մրցանակի շնորհման այս տարվա արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Ստրասբուրգում։