Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Մութ պատմություն «գորշ կարդինալի» մասին

Հոկտեմբեր 23,2025 12:00

24 տարի բարձր պաշտոն զբաղեցրած ազդեցիկ գործչին Ադրբեջանում մեղադրում են «պետական դավաճանության», ռուսական «գործակալ» լինելու մեջ

Անցյալ շաբաթ սենսացիոն տեղեկություններ ստացվեցին Ադրբեջանից: Բաքվի դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ինչպես նաեւ` Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեհդիեւին չորս ամսով տնային կալանքի ենթարկելու որոշում կայացրեց: Երբեմնի ազդեցիկ պաշտոնյան, Ադրբեջանի իշխանական վերնախավում «գորշ կարդինալ» համարվող այս պաշտոնյան մեղադրվում է մի շարք բավական ծանր հանցանքներում՝ իշխանության զավթում, պետական դավաճանություն, փողերի լվացում։ Մեհդիեւը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ղեկավարել է 24 տարի՝ 1995-2019 թվականներին: Պաշտոնանկությունից հետո նա երկրի ղեկավարության որոշմամբ նշանակվել էր Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ապա երեք տարի անց՝ հեռացվել էր նաեւ այս պաշտոնից:

Մեհդիեւը, որը տնային կալանքի տակ է, կհեռացվի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է կուսակցության Վետերանների խորհրդի նախագահ Արիֆ Ռահիմզադեն: «Ռամիզ Մեհդիեւը չի կարող մնալ ո՛չ «Նոր Ադրբեջան»-ի, ո՛չ կուսակցության Վետերանների խորհրդի անդամ։ Մեղավոր ճանաչված անձը չի կարող մնալ կուսակցության շարքերում», նշել է Ռահիմզադեն։ «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարը, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահն է։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեհդիեւի տունը գտնվում է ոստիկանության հսկողության տակ. մուտքն ու ելքը, հաղորդակցությունը եւ տեղաշարժը լիովին վերահսկվում են։ Նշվում է, որ հսկողությունն իրականացվում է ինչպես էլեկտրոնային միջոցներով, այնպես էլ ֆիզիկական պարեկության միջոցով։ Ադրբեջանական իշխանական աղբյուրները նշում են, որ Մեհդիեւը կարող է զրկվել իր անշարժ գույքից, քանի որ նրան առաջադրված մեղադրանքները թույլ են տալիս բռնագրավել գույքը։ Բացի այդ, դատարանը կարող է անհրաժեշտ համարել զրկել Մեհդիեւին պատվավոր կոչումներից եւ պետական պարգեւներից։

Ադրբեջանի իշխանական բոլոր լրատվականները հաղորդում էին, որ Ռամիզ Մեհդիեւը ծրագրել էր Ռուսաստանի աջակցությամբ իշխանություն զավթել Ադրբեջանում: Ըստ APA գործակալության` Մեհդիեւն առաջարկել է իշխանությունը բռնի զավթելուց հետո ստեղծել ժամանակավոր մարմին, որը պետք է գլխավորեր ինքը՝ 87-ամյա նախկին պաշտոնյան։ Այդ խորհրդի ենթադրյալ անդամների մասին տեղեկությունը Մեհդիեւը փոխանցել է նաեւ ռուսական կողմին։ APA-ի տեղեկություններով՝ Դուշանբեում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին հայտնել Մեհդիեւի առաջարկի եւ նրա ցանցի գործունեության մասին: Ի դեպ, ադրբեջանական լրատվականները շեշտում էին, որ ակնհայտ է, որ Մոսկվան հրաժարվել է Մեհդիեւի աջակցությունից եւ պաշտոնապես տեղեկացրել է ադրբեջանական կողմին:

Նկատենք, որ Ռամիզ Մեհդիեւի գլխավերեւում «սեւ ամպեր» կուտակվեցին դեռ այս տարվա սկզբին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ ժամ առ ժամ սրման նոր տեղեկություններ էին հայտնվում: Պատճառը` անցյալ տարեվերջին ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանումն էր: Հիշեցնենք, որ այդ օրերին ադրբեջանական պետական AzTV-ն, օրինակ, Ռուսաստանին մեղադրում էր «1990-ին Բաքվի բնակչության դեմ տանկեր հանելու» մեջ, Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում հայերին օգնելու, իսկ Երկրորդ պատերազմում՝ հայերին զինելու համար, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն էլ որակեց «դավաճանական առաքելություն»:

Բացի այդ, Բաքվում «Ռուսական տանը» լրտեսության մեջ մեղադրեցին, ապա արգելեցին դրա գործունեությունը, կառույցը հայտարարեց գործունեությունը դադարեցնելու մասին՝ պաշտոնական Բաքվի պահանջին համահունչ։

Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Ի դեպ, հոկտեմբերի 19-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, որ  Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել եւ մեկնել Ռուսաստան։

Ադրբեջանի իշխանությունն անցանկալի անձ էր հայտարարել ՌԴ նախագահի կուսակցին՝ պատգամավոր Նիկոլայ Վալուեւին, արգելելով նրա մուտքը երկիր: Կտրուկ որոշման պատճառը ռուս իշխանական պատգամավորի առաջարկն էր՝ «փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը եւ այլ միջոցներ ձեռնարկել»։

Ադրբեջանական սեւ ցուցակը ռուս գործիչներով համալրելուն զուգահեռ, ահա, այս տարվա փետրվարին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները մի խումբ ազդեցիկ գործիչների անուններ հրապարակեցին: «5-րդ շարասյուն» եւ «ռուսների շահերին ծառայողներ» հռչակվեցին Ադրբեջանի նախկինները, նույն ինքը` Ռամիզ Մեհդիեւը, նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաեւը, երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը եւ Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը: Ըստ այդ օրերի հրապարակումների՝ նրանք «ցուցումներ են ստացել ռուսական հետախուզության կողմից, որը գործակալական ցանցի միջոցով փորձել է ազդել Ադրբեջանում հասարակական-քաղաքական գործընթացների վրա»: Մամեդյարովն ու Մեհդիեւը մեղադրանքներն անհիմն եւ կեղծ էին որակել։

Փետրվարի սկզբին Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական կազմակերպության ներկայացուցչության` «Ռուսական տան» գործունեության դադարեցումը սկանդալային հրապարակումներով էր ուղեկցվում։ Ադրբեջանական իշխանամերձ Qafqazinfo-ն եւ մի շարք այլ լրատվամիջոցներ գրում էին, թե այդ կազմակերպության կողմից Ադրբեջանում լրտեսական ցանց ստեղծելու մեղադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ։ «Ռուսաստանը վերջերս չէ, որ նման ցանց է ստեղծել Ադրբեջանում, որի միջոցով փորձում է ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա», նշում էին հոդվածում, որոշ անձանց մեղադրելով նաեւ Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ռուսական ցանցին, ապա լրատվամիջոցը գրել էր, թե նման ցանցի առկայությունն արդեն փաստերով է հաստատվել. «Հայտնի է, որ ցանցի անդամները մի անգամ հավաքվել են Բաքվից դուրս գտնվող բնակելի թաղամասին մերձակա այգում։ Ցանցի գործունեությունը վերահսկել է Մոսկվայից նշանակված հետախուզության ներկայացուցիչը, որը հաճախ է այցելել Ադրբեջան»։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ ցանցը ղեկավարել է Ռամիզ Մեհդիեւը։

Նշյալ լրատվամիջոցն արդեն հայտնում էր, որ խմբի կազմում են եղել` մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաեւը, երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը (նա մահացել է 2021-ին) եւ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Ըստ հրապարակման, այս հավաքներին ժամանակ առ ժամանակ մասնակցել է նաեւ Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը։ «Այն, որ այդ անձինք այլեւս չեն զբաղեցնում իրենց պաշտոնները, չի նշանակում, որ հարաբերությունները վերացել են։ Հիմա էլ կան այնպիսիք, որոնք դիմում են ռուսական հետախուզության ներկայացուցչին, նրանից հրահանգներ ստանում, կեղծ ազդանշաններ ուղարկում մեր հասարակությանը եւ փորձում տարաձայնություններ սերմանել։ Բայց դրանք դանդաղ են բացահայտվում, եւ չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում նոր փաստեր ի հայտ կգան»,- գրել էր լրատվամիջոցը։

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել էր իրեն ուղղված մեղադրանքներին։ Տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա նշել էր, թե ծիծաղելի է իրեն մեղադրել Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, թեեւ 5 տարի է՝ պաշտոնանկ է արվել. «Ես օրական 20 լրագրողի հարցազրույց եմ տալիս, եւ այդ մարդիկ անհանգստանում են դրա համար: Ինձ Մոսկվայի հետ կապելու հիմնավոր պատճառ կամ փաստ չկա: Ես կրթություն եմ ստացել Ուկրաինայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Սա նշանակում է, որ ինձ պետք է անվանեն այս երկրների գործակալ»։

Այսպես, Ադրբեջանի պետական APA գործակալությունը, հղում անելով իշխանության իր աղբյուրներին, անցյալ շաբաթ սենսացիոն մանրամասներ հրապարակեց Մեհդիեւին առնչվող գործից, որին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Ըստ այդ տեղեկությունների՝ 87-ամյա Մեհդիեւը մշակել է պետական հեղաշրջման պլան, որը պետք է իրագործվեր Ռուսաստանի աջակցությամբ։ Բացի այդ, ըստ APA-ի, Մեհդիեւը «տասնամյակների ընթացքում ձեւավորված խողովակներով Կրեմլին առաջարկել է դրա իրականացման մեխանիզմը»: Ավելին, նա փորձել է օգտվել անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի եւ Մոսկվայի միջեւ առաջացած լարվածությունից, ինչի պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքու-Գրոզնի թռիչքը իրականացնող ինքնաթիռի ավիաաղետն էր, որը Բաքվի պնդմամբ՝ խոցվել էր ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ APA-ի պնդմամբ, այսինքն, Մեհդիեւը որոշել է օգտվել այդ իրավիճակից եւ Ռուսաստանի օգնությամբ պետական հեղաշրջում իրականացնել։

APA-ն նշում է, որ Մեհդիեւի ծրագիրը ենթադրում էր իշխանության բռնի զավթում, ինչին պետք է հաջորդեր անցումային շրջանի ժամանակավոր պետական խորհրդի ստեղծումը, որը պետք է ղեկավարեր Մեհդիեւը։ Որեւէ տվյալ չկա նաեւ իշխանության զավթման մեխանիզմի, ինչպես նաեւ այդ գործընթացին իշխանության ուժային մարմինների մասնակցության մասին։

Ի դեպ, այն հարցին, թե ինչու է Կրեմլը փորձել գաղտնազերծել իր «գործակալին», APA-ն Ռուսաստանի մոտիվը մեկնաբանել է հետեւյալ կերպ, թե` «87-ամյա ծերունին ձանձրացրել է Ռուսաստանին իր մշտական խնդրանքներով եւ համառությամբ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը լիովին հրաժարվել է Մեհդիեւից, նրան ոչ մի հեռանկար չի խոստացել, եւ պաշտոնական Բաքվին հայտնել է նրա ծրագրերի ու դավադիրների ցանցի մասին»։ Այդուհանդերձ, APA-ն նաեւ գրում է 2024թ. ամռանը Բաքվից մոտ 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովխանի գյուղում Մեհդիեւի եւ նախկին մի շարք պաշտոնյաների հանդիպման մասին` առանց մանրամասներ հայտնելու։

Հարկ է հիշեցնել, որ Ռամիզ Մեհդիեւը էական դերակատարում էր ունեցել Հեյդար Ալիեւից` կրտսեր Ալիեւին իշխանության փոխանցման գործընթացում։ Իսկ Իլհամ Ալիեւը, փաստացի, 2019-2020թթ. սկսեց հերթով ձերբազատվել հին կադրերից, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցրել Հեյդար Ալիեւի իշխանության տարիներին, այդ թվում` Ռամիզ Մեհդիեւից: Վերջինս իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց 2019թ. հոկտեմբերին։

Ըստ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի հետ Ռամիզ Մեհդիեւի սերտ կապերի մասին միշտ հայտնի է եղել։ Խորհրդային տարիներին նա նույնպես հայտնի է եղել որպես` «Մոսկվայի լրտեսական ցանցի անդամ»։ Նշում էին նաեւ, որ երկար տարիներ օգտագործելով իր ազդեցությունը` Մեհդիեւը նպաստել է Ռուսաստանին «բարեկամ» պաշտոնյաների առաջխաղացմանը Ադրբեջանի կառավարությունում, խորհրդարանում եւ լրատվամիջոցներում։

Այսպիսով, 24 տարի բարձր պաշտոն զբաղեցրած «գորշ կարդինալ» եւ «խարդավանքների վարպետ» Մեհդիեւին Ալիեւի իշխանությունը պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել: Ի դեպ, հարկ է նաեւ նկատել, որ Ադրբեջանում վերջին տարիներին ծավալվող զարգացումները պայմանավորվում են նաեւ կլանային պայքարով, որն ավելի բուռն դրսեւորումներ է ստացել 2017թ. սկզբից, երբ Իլհամ Ալիեւը առաջին փոխնախագահի պաշտոնը վստահեց իր տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային: Շրջանառվում են տեղեկություններ, որ հենց այդ նշանակումից հետո Մեհդիեւի եւ նախիջեւանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ Ադրբեջանում պայքարը նոր թափ է ստացել։

Այժմ որքան հետաքրքիր է հարցը, թե «պետական դավաճանին» ինչպե՞ս է հաջողվել Ադրբեջանում 24 տարի իշխանության ղեկին մնալ, առավել ուշագրավ է նաեւ հետեւյալ հարցը` ինչո՞ւ Մոսկվան որոշեց «փրկել» Ալիեւի իշխանությունը «ռուսական գործակալից»:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031