Հայկական հանրագիտարանի 12-րդ հատորը պատրաստելիս անհրաժեշտ էր ավելի քան 3500 բառ-հոդվածների շարքում պատրաստել նաեւ «Ցիցերոն» հոդվածը: Խոսքը վերաբերում է Հին Հռոմի հանրահայտ հռետոր, ծերակուտական, քաղաքական գործիչ Ցիցերոնին: Նրա կյանքի եւ գործունեության վերաբերյալ տվյալները, աղբյուրները լի ու լի են եւ դրանք հայթայթելը որեւէ բարդություն չէին ներկայացնում: Բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր հայ ընթերցողին ներկայացնել Ցիցերոնի առնչությունները հայկական իրականության հետ (Ցիցերոնը հայերի ու Հայաստանի մասին, հայ մտածողները նրա մասին եւ այլն): Ուստի ձեռնամուխ եղանք համապատասխան նյութի փնտրտուքներին: Առաջին հերթին դիմեցինք հայ մատենագիտության վերաբերյալ գրականությանը (Մատենադարանի «Ցուցակ ձեռագրաց» եւ այլն), սակայն ի զարմանս, դրանցից որեւէ մեկում այդ անձնանունը հիշատակված չէր, այնինչ, հանրահայտ էր, որ այդպիսի առնչություններ եղել են: Ինչո՞ւմն էր բանը: Բանն այն է, որ Ցիցերոնը, հայերեն գրվել է Կիկերոն (ինչպես կրկեսը, կարկինը, կենտրոնը, Կիլիկիան եւ բազմաթիվ այլ բառեր, անձնանուններ, տեղանուններ, լատիներեն բառեր): Ցանկանում եմ հիշեցնել, որ սկսած առաջին գրքի՝ Աստվածաշնչի թարգմանությունից սկսյալ, մշակվել են հայերենում օգտագործվող օտար բառերի (իսկ դրանց թիվը փոքր չէ) տառադարձման կանոնները, ինչպես հին հունարենից, լատիներենից, եբրայերենից, իսկ ավելի ուշ նաեւ այլ լեզուներից: Այս ամենը հիշեցնում եմ, որովհետեւ այսօր եւս, ինչպես երեւում է գրավոր տեքստերից, տառադարձման կանոնները անծանոթ են օտար լեզուներ տիրապետողներին: Բերեմ մի քանի օրինակ. մեկը գրում է Քլինթոն, մյուսը՝ Կլինտոն, երրորդը՝ Քլինտոն կամ՝ Էվկլիդ-Էվկլիդես, Լուկրեցիուս-Լուկրեցիոս, Լյութեր-Լութեր, Ռենե-Ռընե, Դալամբեր-Դ’Ալամբեր, եւ այսպես շարունակ: Ընդ որում՝ սխալ են տառադարձվում ոչ միայն օտար լեզվից հայերեն գրելիս, այլեւ՝ երբ հայերեն բառերը գրվում են օտար լեզվով, ինչպես օրինակ՝ «Կիլիկիա» գարեջուրը (Kilikia), այնինչ ճիշտը Cilicia-ն է: Ի դեպ, այդպես է գրվում ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ իհարկե՝ լատիներեն: Մի այլ հարց է, թե ինչպես ենք բանավոր արտահայտում գրվածը. գրում ենք տեխնիկա, պուտին եւ այլն, բայց արտասանում ենք ռուսերեն հանգով՝ ծեխնիկա, պուծին եւ այլն:
Մի փոքր շեղվեցի, դառնանք Կիկերոնին: Տառադարձումը ճշտելուց հետո պարզվեց, որ հայ մատենագիտության մեջ հսկայական նյութ է անբարված, ինչն օգնեց հիշյալ հոդվածը ամբողջացնելու եւ պատշաճ ներկայացնելուն հայ ընթերցողին: Այս ամենը նկարագրում եմ մի նպատակով՝ հասկանալ նման երեւույթի բուն պատճառները, ինչպես ասում են՝ որտեղ է թաղված շան գլուխը: Դժվար չէ տեսնել, որ այս ամենի պատճառը ցարական Ռուսաստանի գաղութային քաղաքականությունն է, որի արժանավոր ժառանգորդը դարձավ բոլշեւիկյան Ռուսաստանը, որը շարունակում էր վարել ռուսական միապետական շովինիզմի քաղաքականությունը: Բանն այն է, որ մեր սերունդը, որը սովորել եւ հասունացել է սովետական (այն է՝ ռուսական) տարիներին, գտնվել է ռուսալեզու գրականության (հատկապես մասնագիտական) տոտալ (համընդգրկուն) տիրապետության պայմաններում, երբ որեւէ այլ լեզվով գրականություն, այդ թվում՝ մայրենի, գտնել պարզապես անհնարին էր: Ռուսերենը հավասարեցվում էր մայրենի լեզվին, իսկ մյուս լեզուները համարվում էին օտար (հիշենք թեկուզ Բրյուսովի անվան ռուսաց լեզվի եւ օտար լեզուների ինստիտուտի անվանումը): Այսպիսի մոտեցումը հատուկ էր ոչ միայն ռուսական, այլեւ բոլոր մյուս գաղութատիրական կայսրություններին: Գաղութացված երկրներում տիրապետությունը պահպանելու լավագույն, ոչ բռնի, «փափուկ ուժի» մեթոդներից հիմնականը մետրոպոլիայի լեզվի, ինչպես նաեւ մշակույթի տարածումն ու ամրապնդումն էր, պետական լեզվի կարգավիճակ տալն էր:
Ռուս շովինիզմը դրսեւորվում է ամենուր: Մասնավորապես այն լայնորեն կիրառվում է թարգմանության բնագավառում: Հայտնի է, որ Ռուսաստանում տարբեր լեզուներից թարգմանվում են գիտության, մշակույթի, գրականության բնագավառների խոշոր ներկայացուցիչների աշխատությունները, որոշակի ընտրողականությամբ, կախված այն հանգամանքից, թե որքանով են այդ ստեղծագործությունները համապատասխանում իրենց քաղաքականությանը: Օրինակ, սովետական տարիներին որոշակի հեղինակների գործեր հրատարակվում էին միայն գրադարանների հատուկ ֆոնդերի համար (օրինակ, Վ. Հայզենբերգի փիլիսոփայական աշխատությունները) կամ միայն ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի եւ կենտկոմի անդամների համար (օրինակ, Ժ. Պ. Սարտրի եւ, այսպես կոչված, բուրժուական փիլիսոփաների երկերը): Բացի այդ, թարգմանելիս դիմում էին պարզապես կեղծարարությանը: Օրինակ, Դ. Լենգի «Հայաստանը քաղաքակրթության օրրան» աշխատության վերնագիրն ամբողջությամբ նենգափոխել էին: Ըստ ռուսական շովինիզմի՝ այդ քնձռոտ հայերը ինչպես կարող էին լինել քաղաքակրթության օրրան, միայն ռուսները կարող էին այդպիսի դերակատարություն ունենալ: Բացի այդ, խեղաթյուրվում էր նաեւ տեքստը, եթե հեղինակի խոսքը չէր համապատասխանում իրենց քիմքին:
Բրեժնեւյան սահմանադրությունն ընդունելիս Կրեմլը ամեն ինչ անում էր, որ Սովետական Հայաստանի Սահմանադրության մեջ հայերենը չճանաչվի որպես պետական լեզու: Ավելին, Կրեմլը բազմիցս փորձել է մեսրոպյան տառերի գրությունը փոխադրել կիրիլիցայի:
Կարդացեք նաև
Ավելացնեմ նաեւ, որ անգամ բազմաթիվ հայերեն հասկացություններ՝ հեղափոխություն, հանրապետություն եւ այլն, արգելված էին: Կառլ անունը պետք է գրվեր հայոց լեզվի գրությանը չհամապատասխանող «Կարլ» ձեւով, որովհետեւ Մարքսի անունը կարելի էր գրել միայն ռուսերենի նման: Գաղութացման գործում առավել վտանգավոր է այն հանգամանքը, որ լեզվի ազդեցությունը շարունակվում է նաեւ ոչ միայն տվյալ ժամանակահատվածում, այլեւ հաջորդ սերունդների կյանքում, որովհետեւ ժամանակի ընթացքում օտար լեզվի ազդեցությունը մայրենի լեզվում ամրապնդվում է օտար լեզվում ընդունված լեզվական կաղապարների եւ արտահայտությունների եւ դրանց մեխանիկական (բառացի) թարգմանությունների միջոցով: Այսպես, ռուսերենը պահանջում է պարել երաժշտության տակ, նվագել ջութակի վրա, սիրահարվել նրա վրա, հիվանդի մոտ ունենալ գրիպ հիվանդություն, Պլատոնի մոտ տեսնել գաղափարներ, լողալ ջրի տակ, խոսքը գնում է եւ բազում այլ անսահմանափակ թվով օրինակներ, այնինչ հայերեն կարող ենք գրել. պարում են երաժշտության նվագակցությամբ, նվագել ջութակով, սիրահարվել նրան, նա հիվանդ է գրիպով, Պլատոնի ուսմունքում, լողալ ջրում, խոսքը վերաբերում է կամ մասին է: Իսկ այդ երեւույթի վտանգավորությունն այն էր, որ լեզվի միջոցով օտար լեզվի ազդեցությունը փոխանցվում է մտածողությանը եւ դրանով իսկ խաթարվում է ժողովրդի մտածողությունը, ինչը նշանակում է կորցնել ինքնությունը: Բոլոր նախկին կայսրությունները (բրիտանական, ֆրանսիական եւ այլն) աստիճանաբար հրաժարվեցին իրենց գաղութատիրական քաղաքականությունից, սակայն ռուսական (բոլշեւիկյան) մեծապետական շովինիզմի ջատագովությունը այսօր էլ շարունակվում է: Եվ դրան մեծապես նպաստում են ռուսական ռադիո- եւ հեռուստաալիքները, որոնք լայնորեն հեռարձակվում են Հայաստանում եւ տարածում ռուսական քարոզչությունը եւ վայրահաչությունը: Դրան զուգահեռ մեր ալիքները առանց ամոթի պատճենում են դրանք, իսկ հաղորդավարները հաջողությամբ օգտագործում են ռուսերեն բառակապակցությունները. օրինակ՝ ռուսները Գագարինից հետո հաճախ ասում են «գնացինք», մերոնք էլ կրկնում են. այդ ո՞ւր եք գնում, չէ՞ որ խոսքը վերաբերում է ինչ-որ բան սկսելուն, կամ «մնացեք մեզ հետ» եւ այլն:
Քանզի խոսեցի ռադիո- հեռուստահաղորդումների մասին, երկու բառ ասեմ դրանցով հեռարձակվող գովազդների մասին: Ինչ խոսք, դրանք պատասխանատվություն չեն կրում գովազդի բովանդակության վերաբերյալ, բայց արդյո՞ք չպետք է պատասխանատվություն կրեն գովազդի լեզվի վերաբերյալ: Ամեն օր, ամեն ժամ գովազդվում է սերուցքային կարագով պաղպաղակը: Ախր հայերեն գոյություն չունի այդպիսի կարագ, դա նույնն է, եթե ասենք՝ «թռչող մուկ» չղջիկի փոխարեն, կամ «բուսական ձեթ», «քաղցր շաքար»: Ամոթ չէ՞: Եվ նորից Լեզվի տեսչության մասին. եթե պետական լեզուն հայերենն է, ո՞վ պետք է հոգ տանի լեզվի մասին, եթե ո՛չ պետությունը եւ օրվա իշխանությունը: Ուրեմն ժամանակն է (եւ վաղուց) այդ տեսչությանը տալ համապատասխան լիազորություններ: Մասնավորապես հանրային տարածում ունեցող բոլոր գրությունները, գովազդները, հայտարարությունները եւ այլն պետք է անցնեն այդ մարմնի «թրի տակով»:
Ռուսական քաղաքականության ներկայիս բնույթի վառ արտահայտությունն ուկրաինական պատերազմն է, որը ջերմեռանդորեն վարում է ներկայիս Ռուսաստանն Ուկրաինայում, ռուսալեզու բնակչության իրավունքները պաշտպանելու քողի ներքո: Ինչպես դիպուկ նկատել է բոլշեւիկների համար շատ սիրելի Կառլ Մարքսը՝ «ցարիզմն ընդունում է «ազատագրողի» կեցվածք սեփական շահերին հասնելու նպատակով» (Маркс и Энгельс, Соч., т. XVI, и.11, стр. 9): Մարքսի բնորոշումը ամբողջությամբ հաստատվում է Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի ընթացքում: Ընդ որում՝ ներկայիս Ռուսաստանն իր «ազատագրական առաքելությունը» իրականացնելիս պատերազմի ընթացքում ամեն օր հարյուրավոր (անգամ հազարավոր) ռուսաստանցի եւ ուկրաինացի զինվորների կյանքի գնով փորձում է զավթել ուկրաինական տարածքներ: Ինչպես ցարական Ռուսաստանի, այնպես էլ պուտինյան Ռուսաստանի համար, մարդկային կյանքն արժեք չունի։ Ի դեպ, Ռուսաստանը պատերազմը սկսելուց դեռ շատ տասնամյակներ առաջ նախապատրաստում էր իր «ազատագրական առաքելությունը»՝ դիմելով «գիտական» պատմագրությանը: «Գիտականորեն» հիմնավորելով, որ Ուկրաինա կոչվող տարածքը ռուսական է: Սակայն Ուկրաինայի անկախ պետության ստեղծումից հետո ուկրաինական պատմաբանները պնդում էին հակառակը: Ես պատմաբան չեմ եւ ամենեւին ծանոթ չեմ այս կամ այն պնդումը հիմնավորող փաստարկներին, սակայն մի բան ակնհայտ է, որ ուկրաինացիները չեն ընդունում ռուսական «ապացույցները» եւ պայքարում են իրենց երկրի անկախության եւ ինքնիշխանության համար: Խոսելով ռուսական պատմագիտության մասին, ակամա հիշում եմ Ուրարտուի վերաբերյալ ռուսական դիրքորոշումը, ըստ որի՝ արգելվում էր խոսել Ուրարտուի եւ Հայաստանի ընդհանրությունների մասին: Չէր կարելի Ուրարտուն համարել Հայաստանի պատմության մաս. ըստ այդ դիրքորոշման Հայաստանը եւ հայ ժողովուրդը ձեւավորվել են միայն Ուրարտուի անկումից հետո: Ինչպիսին են փաստարկները, ամենեւին կարեւոր չէ, որովհետեւ Հայաստանը Ք.ա. VI դարից ավելի հին լինել պարզապես չէր կարելի եւ վերջ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ 1940թ. հրապարակված «История
дипломатии» ֆունդամենտալ հետազոտությունում ռուս պրոֆեսոր Սերգեեւը գրում է, որ Ասորեստանի թագավորին տեղեկություն են հաղորդում Ուրարտուի հայերի մասին: Այսինքն՝ այդ մասին նշելու արգելքը սկսվել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Միայն 80-ական թվականներից հետո հայ պատմագրությունը համարձակվեց բացահայտ գրել Ուրարտուի հայկական լինելու մասին:
Ըստ ռուսների՝ որեւէ ազգ իրավունք չունի ինքնորոշվելու եւ իր մայրենիով հավուր պատշաճի հաղորդակցվելու՝ ռուսերենը սահմանափակելու միջոցով: Իսկ ինչի է դա հանգեցնում. պարզ է դառնում «Կիկերոնի» օրինակով. աստիճանաբար հեռանում ես երկհազարամյա Կիկերոնի հետ առնչվող հայրենի պատմությունից ու վերածվում հպատակի: Կիկերոնն անձամբ ինձ հիշեցնում եւ զգուշացնում է, եթե այսօր մոռանաս Կիկերոնին, վաղը կմոռանաս քո ինքնությունը:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2025