Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է. «Փաստ»

Հոկտեմբեր 23,2025 08:30

Գնալով ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, իսկ դրա արդյունքում պարբերաբար խնդիրներ են ծագում՝ առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասով։ Ընդ որում, հաճախ խոսքը ոչ թե քաղաքական բովանդակության կամ «աստառի» մասին է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների անկարողության կամ անտարբերության: Օրինակ՝ Հայաստանից արտահանողները անընդհատ տարբեր խոչընդոտների են բախվում՝ ռուսական շուկա մուտք գործելու հետ կապված։ Դրա արդյունքում հայկական կողմը մեծ վնասներ է կրում։ Մինչև շատ մեծ բողոք չի բարձրանում, իշխանությունները տեղից չեն շարժվում, չեն փորձում ռուսական կողմի հետ համատեղ լուծումներ գտնել։ Հերթական թեման էլ առնչվում է Ռուսաստանի նոր միգրացիոն կանոնին, որը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայ բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։ Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետը հաճախ փակվում է եղանակային կամ վարչական պատճառներով, ինչ կազմում է նրանց օրերի զգալի մասը: Նոր կանոնը խաթարում է նրանց աշխատանքի պլանը, քանի որ յուրաքանչյուր վերադառնալուց հետո նրանք պետք է երեք ամիս սպասեն՝ նորից մուտք գործելու համար, ինչը վնաս է բերում բեռնափոխադրող ընկերություններին: Բայց մինչև վարորդները կտրուկ գործողությունների չդիմեն, իշխանությունները կմնան «ուղտի ականջում քնած»։ Դրա համար էլ հայ բեռնափոխադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հասնի ժամկետի երկարաձգման՝ օրինակ՝ մինչև 180 օր, ինչպես արված է Ղազախստանի վարորդների դեպքում։ Ի վերջո, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով բանակցություններ են վարվում: Այսինքն, մարդիկ իրենց կաբինետներում նստած ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, բայց սպասվող կամ առկա խնդիրներին գուցե տեղյակ էլ չեն ու տեղից չեն շարժվում, մինչև, ասենք, բողոքողները չեն փակում միջպետական ճանապարհները: Եվ դա՝ այն դեպքում, որ ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է քննարկումների ու լուծումների:

Բայց միայն Ռուսաստան ուղղությամբ չէ, որ խնդիրներ կան։ Վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները մի շարք գործնական և վարչական խնդիրների են բախվում՝ կապված Վրաստանի կողմից նոր սահմանային և լիցենզավորման կարգավորումների ներդրման հետ։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորմամբ՝ առևտրային ուղևորափոխադրողները պարտավոր են լրացնել հատուկ էլեկտրոնային հսկիչ ձևաթուղթ, որը պետք է ներկայացվի սահմանը հատելիս։ Այդ ձևաթղթում նշվում են բոլոր ուղևորների տվյալները։ Սակայն վարորդներն ու ընկերությունները հաճախ բողոքում են ձևաթղթի լրացման բարդությունից, ինտերնետային հասանելիության բացակայությունից և տեխնիկական խնդիրներից։ Տպագրված ձևաթղթերի բացակայության կամ սխալ լրացման դեպքում մեքենաները սահմանում ուշացումներ են ունենում։ Հոկտեմբերից արդեն Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը սկսել է զանգվածաբար տուգանել Հայաստանի փոխադրող ընկերություններին՝ 5000 լարիի չափով (մոտ 750000 դրամ)՝ առանց լիցենզիայի միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Վրացական կողմը պնդում է, որ բոլոր փոխադրողները պետք է ունենան գործող միջազգային լիցենզիա, մինչդեռ Հայաստանում 8 տեղանոց մեքենաների համար նման լիցենզիա երբևէ չի պահանջվել։ Սա առաջացրել է իրավական հակասություններ և դժգոհություն հայկական կողմի վարորդների շրջանում։

Հիմա դեպի Վրաստան ուղևորափոխադրումների խնդրի լուծումը ևս պետության մակարդակով ուշադրություն է պահանջում, բայց իշխանությունները զբաղված են շոուներ բեմադրելով ու սեփական բարեկեցությունն ապահովելու գործով։ Նրանց ինչ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվում: Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է: Չնայած, հանուն արդարության, դա էլ, որպես կանոն, որակ չի ունենում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031