Հոկտեմբերի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցեցին Festival della Diplomazia ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը, որին ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ:
Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը:
Հայաստանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի կողմից արված աշխատանքը, կարևորելով օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծեց վաշինգտոնյան փաստաթղթերի նշանակությունը:
Անդրադառնալով խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործադրած ջանքերին՝ դեսպանը, մասնավորապես մեջ բերեց վարչապետի ուղերձի հետևյալ հատվածը.
«Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաեւ անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:
Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ դեսպանը հատուկ նշեց դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները:
Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նաև կարևորեցին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Ելույթներից հետո դեսպանները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Իտալիայում ՀՀ դեսպանություն