Լրահոս
Օրվա լրահոսը

Eternia շոուն միավորելու է կրկեսն ու թատրոնը՝ աննախադեպ ցուցադրության մեջ

Հոկտեմբեր 23,2025 15:44

Հոկտեմբերի 24-ին Երեւանում տեղի է ունենալու մայրաքաղաքի մշակութային կյանքի մի նշանակալի իրադարձություն: Հանդիսավորությամբ կկատարվի Tashir Arena-ի բացման արարողությունը եւ ETERNIA շոուի առաջին պաշտոնական ցուցադրությունը:

Գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով, լուսային աննկարագրելի էֆեկտներով հագեցած ու աշխարհին հայտնի կրկեսային գործիչներով համալրված ստեղծագործական թիմով Tashir Arena-ն լինելու է ոչ միայն Երեւանի կրկեսի հարուստ ու հիասքանչ ավանդույթների շարունակողը, այլեւ նոր էջ է բացելու նրա պատմության տարեգրքում:

ETERNIA շոուն յուրօրինակ կրկեսային-թատերական ներկայացում է, որը ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար եւ պատմում է  լույսի ու խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո եւ մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարել ցանկացած փորձություն:

Բեմադրության ղեկավար Պավել Բրյունը, որն աշխատել է հանրահռչակ Cirque du Soleil- ի հետ, ներկայացման բովանակությունից շատ մանրամասներ չի բացահայտում՝ պահպանելով անակնկալների խորհրդավորությունը եւ ամեն բան թողնում է հանդիսատեսի երեւակայությանը: «Խորհրդավոր ներկայացում է լինելու: Լինելու է գունային ներկայացում: Ինչ-որ առումով խորհրդավոր ներկայացում է լինելու նաեւ մեզ համար, որովհետեւ մեր ETERNIA շոու-ներկայացումը առաջին անգամ հանդիպելու է լայն հասարակության հետ: Իսկ դա շատ կարեւոր պահ է, որովհետեւ մենք կարող ենք փորձեր անել երկար ժամանակ, ինչ-որ բաներով ուրախանալ: Սակայն հանդիսատեսի հետ շփումից հետո մեր շոուի մասին իրական ճշմարտությունն իմանալը մեզ համար պակաս կարեւոր չէ: Սպասում եմ հանդիպմանը եւ ցանկանում, որ դա լինի երջանիկ հանդիպում:

Կլինեն ծաղրածու, օդային մարմնամարզիկներ, իսկ կախարդ կլինի թե չէ, ես էլ չգիտեմ: Մենք ինքներս ինչ-որ չափով կախարդ ենք, որովհետեւ զբաղվում ենք այսպիսի գործով: Կլինեն ակրոբատներ, փայլուն պարողներ, երաժիշտներ, հիանալի երգչուհի: Սակայն կարող եմ հաստատ ասել, որ կենդանիներ չեն լինի:

Գիտեք, ժամանակակից կրկեսը վաղուց արդեն լրջորեն մոտեցել է թատրոնին: Առաջ կրկեսը դիվերտիսմենտ էր, յուրաքանչյուր համարից հետո հաղորդավարը հայտարարում էր՝ «Տիկնայք եւ պարոնայք, իսկ այժմ այն պահը, որին դուք սպասում էիք…» եւ դրան հաջորդում էին թմբուկների զարկաշարերը: Ժամանակակից կրկեսում դա հիմա էլ տեղ ունի, բայց արդեն գլխավորը չէ: Ժամանակակից կրկեսը շարժվում է ժամանակակից թատրոնի ձեւաչափով: Այսինքն, թատրոնի եւ կրկեսի միաձուլում է տեղի ունենում: Եվ սա հերթական պարույրն է, որովհետեւ անտիկ ժամանակաշրջանում կրկեսն ու թատրոնը շատ մոտ են եղել. Թատրոն լինում էր կրկեսում, թատրոնում կրկես էր լինում: Եվ հիմա պատմության հերթական շրջապտույտն է, որը կա արդեն մոտ 40 տարի: Շատ հետաքրքիր միաձուլում է ընթանում դրամատիկական, բալետային, խորեոգրաֆիկ արվեստում:

Այնպես որ, մեր խոստացած անակնկալները այստեղ են, մեր կողքին, վարագույրից քիչ այն կողմ»,-ասաց աշխարահռչակ բեմադրիչը:

Իսկ ETERNIA շոուի ռեժիսորա-բեմադրական խմբի գլխավոր պրոդյուսեր Ալինա Կոզինան պատմում է, որ բոլոր արտիստներին, որոնք ընդգրկված են շոուի մեջ եւ չեն բնակվում Երեւանում, Tashir Arena-ն եւ «Տաշիր» ընկերությունների խումբը տեղավորել են հյուրանոցում: «Եվ մի որոշ ժամանակ նրանք բոլորը մշտապես կապրեն ու կաշխատեն Երեւանում»,-ասաց Ալյոնա Կոզինան: Նա նաեւ պատմեց, թե շուրջ երկու տարի ինչպիսի հսկայածավալ աշխատանք է կատարվել, արտիստների եւ տարբեր ոլորտների մասնագետների ինչպիսի մանրազնին ընտրություններ են կատարվել արտասահմանում եւ Հայաստանում:

Ամբողջ ստեղծագործական կոլեկտիվը խոստանում է, որ հանդիսատեսին զարմացնելու են շատ բարձր մակարդակի արտիստական կազմի եւ նորագույն տեխնոլոգիաների համակցությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031