Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում

Հոկտեմբեր 23,2025 15:52

Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր հանդես գալ մի թեմայով, որն առանձնահատուկ կարեւորություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ մեր ժողովրդի համար՝ հումանիտար նորմերի պահպանման եւ հումանիտար գործողությունների աջակցության մասին ճգնաժամային պայմաններում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները՝ պատերազմները, բռնի տեղահանությունները եւ բնական աղետները, փորձության են ենթարկում ոչ միայն միջազգային իրավունքը, այլեւ մեր համընդհանուր բարոյական արժեքները:

Այս իրողությունների պայմաններում առաջ է գալիս հիմնարար հարց. ունե՞նք մենք՝ որպես միջազգային հանրություն, բավարար կամք մարդկային արժանապատվությունը դնել քաղաքական շահերից վեր:

Հայաստանի համար սա տեսական քննարկում չէ: Դա մեր ապրած իրականությունն է: Վերջին տարիներին մեր տարածաշրջանը բազմիցս եղել է հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի կիզակետում: Հազարավոր ընտանիքներ են տուժել, հազարավոր կյանքեր՝ կորսվել, իսկ հարեւանների միջեւ վստահությունը` խաթարվել:

Այսօր մենք կանգնած ենք պատմական պահի առաջ:

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են նախնական համաձայնագիր, որը կարող է դառնալ մեր տարածաշրջանի խաղաղության պատմական շրջադարձային փուլը:

Սակայն խաղաղությունը չի սահմանափակվում փաստաթղթերով:

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների եւ արդարության հիմքի վրա:

Միջազգային հումանիտար իրավունքի լիարժեք կիրարկումը նշանակում է պաշտպանել տեղահանված անձանց իրավունքներն ու անվտանգությունը, պահպանել մշակութային ժառանգությունը եւ ապահովել հումանիտար օգնության մատչելիությունը` առանց խտրականության:

Այս սկզբունքները մեզ կապում են միմյանց` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամների:

Այո՛, ներկայացվող խաղաղության համաձայնագիրը պարզապես երկկողմ փաստաթուղթ չէ:

Այն փորձաքար է` ցույց տալու, թե արդյոք երկու երկրներ, որոնք երկար տարիներ եղել են հակամարտության հակադիր կողմերում, կարող են հիմնվել հումանիտար նորմերի վրա եւ կառուցել կայուն, արժանապատիվ խաղաղություն:

Եթե դա հաջողվի, ապա այն կդառնա հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում մարդասիրությունը կարող է լինել խաղաղության ճշմարիտ ուղեցույցը»,- ընդգծել է Հասմիկ Հակոբյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031