Գերլարված իրավիճակ է այսօր գրանցվել Հովհաննավանքում, որտեղ կարգալույծ եղած քահանան՝ նախկին տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը, փորձել է պսակադրություն կատարել:
Երբ Մայր Աթոռի պատվիրակները կարգալույծ եղած քահանային են ներկայացրել կարգալույծ լինելու փաստաթուղթը եւ պահանջել ծես չիրականացնել, նախկին քահանան հայտարարել է՝ չի ընդունում այդ ծանուցագիրը.
-Ես հիմա էլ քահանա եմ, ո՞վ է ինձ կարգալուծ արել,- ծանուցագիրն իրեն ներկայացրած Մայր Աթոռի պատվիրակին հարցրել է նախկին քահանան:
-Կարգապահական մարմինը,- պատասխանել է պատվիրակը ու բացատրել,- որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է լինել քահանային:
Կարդացեք նաև
-Ո՞վ է ձեզ ասել, որ դա փոխանցեք ինձ,- հարց է տվել պատվիրակին նախկին քահանան,- ում ասածն եք փոխանցում: Չեմ ընդունում սա, տարեք, տվեք իրեն:
Նախկին քահանան նաեւ հայտարարել է, որ չի հարգում այն կառույցը, որն իր կարգալույծ լինելու վերաբերյալ որոշում է կայացրել ու ծանուցագիրն էլ ուղարկել:
Լրագրողները նախկին քահանայից հետաքրքրվեցին՝ պատերա՞զմ է հայտարարել Մայր Աթոռին, սպառնո՞ւմ է, ի պատասխան նա ասաց՝ բա ինձ ո՞վ է սպառնում:
-Իմ օծումը ո՞վ է մերժել: Իսկ Մայր Աթոռը Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարում,- շարունակել է նախկին քահանան:
-Այսինքն, դուք ձեզ Աստծո տե՞ղ եք դնում,-հարցնում են լրագրողները:
Ի պաշտպանություն նախկին քահանայի՝ մի խումբ տղամարդիկ զայրացած վրա էին տվել տեղում աշխատող ու նախկին քահանային հարցեր տվող լրագրողների վրա՝ կաթողիկոսի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելով ու կրկնելով Փաշինյանի թեզերը.
-Կաթողիկոսը չի կարող կին ու երեխաներ ունենալ: Չի կարող ամուսնական կայանքով ապրել: Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող որոշումներ կայացնել:
Կան տեղեկություններ, որ պսակադրվող զույգը հրաժարվել է նախկին քահանայի պսակադրությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ