Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխկախվածություն ստեղծող տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծեր, որտեղ միասին գումար ենք աշխատում». մանրամասներ՝ ադրբեջանցիների հետ հանդիպումից

Հոկտեմբեր 23,2025 17:36

-Ես այլ Ադրբեջան չունեմ ձեզ համար, մեր ունեցած հարեւան Ադրբեջանը դա է: Ամենահեշտ բանը հանրային դիսկուրսում անհամաձայնությունն է, քննադատությունը՝ էս ի՞նչ եք անում, ո՞վ եք դուք ընդհանրապես: Բայց այլ հարեւան Ադրբեջան չկա, այլ հարեւան Թուրքիա չկա, սա՛ է մեր ունեցած հարեւանությունը,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում քննադատություններին Երևանում հոկտեմբերի 21-22-ին ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ «խաղաղության օրակարգով» հանդիպման նախաձեռնողներից «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից հանդիպման եկած Դիլարա Էֆենդիեւային, որը Լաչինի միջանցքը փակած ու արցախցիներին 150 օր սովի մատնած ակտիվիստներից է եղել, եւ որի ՝Հայաստան գալը լայն քննադատության արժանացավ հայ հասարակության կողմից, պարոն Քոչինյանն ասաց. «Հայկական կողմը որոշել է իր կազմը, ադրբեջանական կողմը որոշել է իր կազմը: Ու այդ հավաքի նպատակը միմյանց հետ եղբայրանալը կամ բարեկամանալը չէր, այդ հավաքի նպատակը մամլո հաղորդագրության մեջ նշված թեմաներով քննարկում անցկացնելն էր: Եթե ադրբեջանական կողմը նման որոշում  է կայացրել, որ  իրենց կազմում պետք է լինի այդ անհատը, նշանակում է՝ այնտեղ համարել են, որ այդ քննարկվող թեմաներում կարեւոր է այդ անձի ներկայությունն ու նրա դրած ներդրումը: Որեւէ կերպ մտածել, թե ինչ-որ դրական կամ բացասական միտում կա առանձին անհատների նկատմամբ, չհասկանալն է, թե այդ հավաքն ինչի մասին է: Մեր վերաբերմունքն անձանց նկատմամբ այդքան էլ էական չէ հանդիպման նպատակների իրականացման տրամաբանության մեջ: Չեմ բացառում, որ հայկական կողմից ներգրավված անձնանց մեջ էլ լինեն անձինք, որոնց գործունեության տարբեր փուլերում արված աշխատանքն ու որոշումները Ադրբեջանի համար կհամարվեն անընդունելի կամ խնդրահարույց»:

Քոչինյանի խոսքով՝  ադրբեջանցի փորձագետների հետ սա առաջին հանդիպումն էր Հայաստանում, բայց տարբեր երկրներում շատ հաճախ են իրենք ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպում.  «Այդ հանդիպումների ժամանակ, երբ ադրբեջանական կողմից պնդում են, որ իրենց պետք են երաշխիքներ, որ խաղաղությունն անշրջելի ու հիմնական կլինի, ու այդ երաշխիքներն իրենք օրինակ տեսնում են Սահմանադրության փոփոխության մեջ, ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, այս Սահմանադրությունը նույնիսկ եթե հիմա փոխենք, ի՞նչն է  խանգարելու, որ մի 10-ը կամ 30 տարի հետո, եթե ՀՀ ում ռեւանշիստական կառավարություն ձեւավորվի, նորից Սահմանադրական  փոփոխություն անեն, հետ բերեն, գրեն Ղարաբաղը ՀՀ մաս է: Երաշխիքը փոխշահավետ ու փոխկախվածություն ստեղծող տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերն են, որտեղ միասին գումար ենք աշխտում, նախագծեր, որտեղ միմյանցից կախվածություններ ենք ձեւավորում: Մենք պետք է մտածենք՝ ինչ այլ ճանապարհներ կարող են լիենլ, որոնք հետաքրքրեն Ադրբեջանին, Թուրքիային ու ՀՀ-ին: Խոսքը գազամուղերի, ավտոճանապարհների, հոսանքագծերի մասին է : Պետք է սկսենք մտածել համագործակցության , փոխշահավետ նախագծեր կառուցելու տրամաբանության մեջ, սա է ճանապարհը: Ինձ համար ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ առաջնահերթությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորոմն է եւ Ադրբեջանի հետ խաղաղությունը: Ով որ դեմ է այս երկու օրակարգերին, իրենք վնաս են հասցնում ՀՀ գոյությանը»:

Արեգ Քոչինյանից հետաքրքրվեցինք՝ հայ հասարակության մեջ կա՞ հանրային աջակցություն այդ խաղաղության գործընթացին, կամ տեսնո՞ւմ է հանրային դրական տրամադրվածութուն այդպիսի հանդիպումների վերաբերյալ, ի պատասխան ասաց. «Ես կարծում եմ, որ հանրությունը միանշանակ խաղաղություն է ցանկանում եւ խաղաղության պայմանագիր: Այլ բան, որ մեր հասարակությունը շատ կասկածամիտ ու շատ հողեղեն է իր ընկալումների մեջ՝ արդյոք այդ խաղաղությունը հնարավոր է: 30 տարվա պատերազմից, հանցագործություններից, արյունից հետո շատ բնական է, որ հասարակություններն ունեն իրար նկատմամբ անվստահություն, հակառակ կողմի մասին չենք մատծում որ մարդ է, որ ունեն վախեր, էմոցիաներ, բայց հակառակ գործընթացին պետք է կարողանանք գնալ: Էսօր շատ տարածված մտավախություն է, թե երբ սահմանները բացվեն, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կլցվեն Հայաստան: Նման բան ասողներին հարցնում եմ՝ իսկ եթե սահմանները բացվեն, դուք կգնա՞ք Բաքու: Ոչ, բնականաբար, որովհետեւ վախ ու անվստահություն կա, ատելություն կա, նույն բանը կա հակառակ կողմում: Ինչի՞ է թվում, որ ադրբեջանցիները իրենց ընտանիքներով, երեխաների հետ գալու են Հայաստանում ապրեն: Ամբողջ Ղարաբաղն իրենց վերահսկողության տակ է արդեն հինգ տարի, պաշտոնական թվերով 8 թե 9 հազար մարդ  են կարողացել տեղափոխել այնտեղ: Իրենք նույնիսկ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդկանց տեղափոխելու հետ կապված խնդիրներ ունեն… մարդկանց մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, որ իմ այս խոսքերը վերաբերում են ներելուն, մոռանալուն կամ այն պատկերացմանը, թե ինչ մեզ հետ տեղի է  ունեցել, արդարացի է: Շատ հաճախ է  լինում, որ հասարակությունները ստիպված են լինում ընտրել արդարության ու խաղաղության միջեւ: Այն գաղափարը, որ խաղաղությունը միշտ արդար է, սուտ է, խաղաղությունը, որպես կանոն, անարդար է: Կողմերից մեկը, իսկ երբեմն երկուսն էլ համարում են, որ կնքվող խաղաղությունն անարդար է: Եթե մենք վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, Ադրբեջանում էլ են գտնվելու մարդիկ, որոնք ասելու են՝ բա «Արեւմտյան Ադրբեջանը», բա «Զանգեզուրի միջանցք»:

Քոչինյանը միաժամանակ նկատեց, որ  ինչ վերաբերում է «Արեւմտյան Ադրբեջան» մտացածին նարատիվի շահարկմանը ադրբեջանական կողմից, շահարկումը  նվազեց,երբ Փաշինյանը Ազգային ժողովից հայտարարեց, որ Ղարաբաղի թեման ՀՀ համար փակված է. «Այն ուղղակի մատից հանած նարատիվ է, որի միակ նպատակը առնվազն առաջին փուլում հայերի վերադարձի իրավունքին պատասխան ունենալն էր: Մենք խոսում էինք Արցախ վերադառնալու իրավունքից, իրենք խոսում էին «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու իրավունքից, այդ նարատիվի գեներացումը շատ ակնհայտ է , որ հստակ քաղտեխնոլոգիա են կիրառել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031