«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի քաղաքական շարժառիթներով ապօրինի կալանավորումը։
Այս գործը հերթական վկայությունն է այն բանի, որ ՔՊ իշխանությունը շարունակում է քրեական հետապնդումն օգտագործել որպես մահակ՝ ընդդիմադիրների և իրավապաշտպանների դեմ։
Փաստաբանների պալատի հայտարարության համաձայն՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանն այցելել է Գյումրու համայնքապետարան այնտեղ գտնվող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու համար՝ կապված տեղում իրականացվող դատավարական գործողությունների հետ: Այնուհետև, համայնքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև հրմշտոց է սկսվել, Ռուբեն Մխիթարյանը կանգնել է նրանց միջև ձեռքերը վերև պարզած վիճակում՝ չթույլատրելու համար իրավիճակի հետագա սրումը և հանդարտեցնելով կողմերին: Այդ ժամանակ ֆիզիկական ուժի գործադրմամբ փաստաբանն արգելանքի է վերցվել և տեղափոխվել ոստիկանության ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ փաստաբան է և միայն փորձել է կանխել ոստիկանների կողմից անձանց նկատմամբ բռնություն կիրառելը: Այսինքն` իրականացրել է փաստաբանի մասնագիտական գործառույթներ:
Այս ամենը հաստատվում է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անմիջական ուսումնասիրությամբ:
Կարդացեք նաև
Հակառակ այս ամենին՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ընտրվել է ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը։
Ակնհայտ է, որ ինչպես այս դեպքը, այնպես էլ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի կալանավորումն արվել է քաղաքական հակառակորդներին վախեցնելու համար։
Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը իրավասու մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ փաստաբանական գործունեության ազատությունը և փաստաբանի մասնագիտության հեղինակությունը խաթարող գործողություններից, առանձնապես այն փաստաբանների նկատմամբ, որոնք կոնկրետ իրավիճակում կատարում են մասնագիտական գործառույթներ` անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն