«Երբ խոսում ենք Արցախյան հակամարտության կարգավորման մասին, իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի սահմաններում։
Հիշեցնեմ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը Կոսովոյի վերաբերյալ, որն ասում էր՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանի անկախություն հռչակել»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իշխանությունները հեքիաթ են պատմում, ասում են՝ գործը տեղափոխվում էր ՄԱԿ, իսկ ՄԱԿ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել էր։ «ՄԱԿ-ի 4 բանաձեւերից ընդամենը մեկն էր պահանջում էր արցախյան տեղական ուժերի դուրս բերումը այսպես կոչված գրավյալ տարածքներից։ Նույն 874 եւ 884 բանաձեւերը մերժվել են Ադրբեջանի կողմից։
Ի դեպ, դրանք ընդունվել են որպես մեկ ամբողջ փաթեթի մաս, եւ Մինսկի խորհրդաժողովի համանախագահները ներկայացրել են կարգավորման առաջարկ, որը պետք է ամրապնդվեր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւով։ Եվ ՄԱԿ ԱԽ բանաձեւն ասել է՝ կատարեք այդ ժամանակացույցը, միջոցառումները, Ադրբեջանը մերժել է, որովհետեւ 822 եւ 853 բանաձեւերը պահանջում էին ուժերի անհապաղ դուրս բերում, մինչդեռ, այս բանաձեւերը պահանջ էին ներկայացնում եւ դուրս բերումը շաղկապում էին խորհրդաժողովի հրավիրման հետ, որտեղ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե ՄԱԿ բանաձեւերով պահանջվում էր ԼՂ տեղական զինված ուժերը դուրս բերել, օրինակ, Ակնայից, բայց միաժամանակ Ադրբեջանից պահանջում էին զինված ուժերը դուրս բերել Մարտակերտից։ «Բա էլ ի՞նչ եք խոսում, որ ՄԱԿ-ը ճանաչել է, սուտ է, կեղծիք է, մանիպուլյացիա է»,- հավելեց նա։
Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումն այն էր, որ իրենք առաջարկում էին մեխանիզմ, որով կճանաչվեր Արցախի ապագա իրավական կարգավիճակը։ «Իրենք հստակ նշել էին, թե ինչ պետք է լիներ։ Բայց, ահա, գալիս է Նիկոլ Փաշինյանը, որոշում է, որ ինքը Ալեքսանդր Մակեդոնացին է, թուրը հանում է եւ փրթում գորդյան հանգուցը։ Հետո պետք է ասեր՝ դա գորդյան հանգույց չէր, դա թոկ էր մեր վզին»,- հավելեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ