Վարչական վերաքննիչ դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, դատավորներ Հայկ Խաչատրյանի, Միքայել Մելքումյանի մասնակցությամբ քննվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործը:
Գործը վերաբերում է 2023 թվականին ներդրված անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին:
Ինչպես նշում է ՀԿ-ն իր տարածած հայտարարության մեջ. «Համակարգում կիրառվում է բանաձեւ, որը նախարարությունը չի հրապարակում «կոռուպցիայի կանխարգելման» պատճառաբանությամբ: Այդ բանաձեւի միջոցով է որոշվում՝ անձն ունի՞ հաշմանդամություն, թե՞ ոչ:Բանաձեւը սահմանված չէ որեւէ իրավական ակտով, սակայն արդեն իսկ կիրառվել է տասնյակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ:
Կարդացեք նաև
Նախորդ տարի վարչական դատարանը մասամբ բավարարել էր մեր պահանջները, սակայն եւ կազմակերպությունը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախնական բողոք են բերել»:
Դատական նիստում կողմերը եւս մեկ անգամ ներկայացրին իրենց բողոքը, պահանջները եւ հիմնավորումները: Դրանք դատարանը լսեց ուշադրությամբ եւ հեռացավ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 19-ին:
Նիստի ավարտից հետո «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը Aravot.am-ին ասաց. «Այսօր մենք դատարանում ներկայացրել էինք փաստեր եւ հանգամանքներ, որոնք վկայում են, որ պատասխանող նախարարությունը իր գործունեությունը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցողի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը ոչ իրավաչափ է իրականացնում:
Հաշվի չեն առնվում շատ կարեւոր հանգամանք հանդիսացող միջավայրային գործոնները, որը միջազգային եւ ներպետական օրենսդրության պարտադիր եւ բաղկացուցիչ մաս է: Եվ այդ հանգամանքը հաշվի չառնելը ազդում է մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մարդիկ ստանում են անբավարար եւ չպատճառաբանված, չհիմնավորված որոշումներ: Հետեւաբար, ֆունկցիոնալության գնահատման ալգորիթմի ծրագիրը մշակելու, ներդնելու ուղղությամբ գործընթացը խնդրել ենք ոչ իրավաչափ ճանաչել:
Որպես բողոքի հիմնավորում Դավիթ Ասատրյանը բերեց մի օրինակ: «Անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս հաշվի չեն առնվում անձի շրջապատային գործոնները՝ որտեղ է բնակվում, հինգերորդ հարկում է ապրում, թե առաջինում, վերելակ կա՞, թե ոչ: Հինգերորդ հարկում բնակվողի ֆիզիկական սահմանափակումն ավելի սուր է, քան առաջին հարկում բնակվողինը:
Այդ հանգամանքը շատ կարեւոր նշանակությունը ունի, որը սակայն հաշվի չեն առնում: Որտե՞ղ է հաշմանդամություն ունեցող անձը բնակվում՝ գյուղակա՞ն համայնքում, թե քաղաքային, նա դպրոցակա՞ն է, արդյոք, նրա դպրոցում կա՞ն միջավայրային արգելքներ, որտե՞ղ է իր դասասենյակը, գուցե, երկրորդ հարկում, նա կարողանո՞ւմ է զուգարանից օգտվել, թե՞ համապատասխան պայմաններ չկան, ինչը նրա վիճակն ավելի է ծանրացնում, եւ անձի մոտ շատ վատ ապրումներ է առաջանում: Այսինքն, շատ կարեւոր է, որպեսզի գնահատվի, թե նրա արտաքին աշխարհում, միջավայրում ինչպիսի գործոններ կան»,-ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ