«Միասնության թևեր»-ի վերլուծությունն Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկի տարանցման վերաբերյալ
Նոր ուղի՝ հին հարցադրումներ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Ղազախստանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Առաջին բեռների խմբաքանակը լինելու է հացահատիկը, որը Կասպից ծովով և Ադրբեջանի տարածքով պետք է հասնի Հայաստան։ Վրաստանում կայացած միջազգային հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ողջունեց Ադրբեջանի նախագահի այդ որոշումը՝ այն որակելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման դրական օրինակ։
Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի մատակարարմանը, հարցը միայն տնտեսական հարմարությունը չէ։ Այն դառնում է քաղաքական վերահսկողության, անվտանգային խոցելիության և ինքնիշխանության հարց։
Կարդացեք նաև
Ի՞նչն է փոխվել․ նոր տարանծք՝ Կասպից միջանցքով
Նոր երթուղին ձևավորվում է հետևյալ շղթայով՝ Ակթաու (Ղազախստան) – Ալյաթ (Ադրբեջան) – Ադրբեջանի երկաթուղի – Վրաստան – Հայաստան։ Սա փաստացի Հայաստանի առաջին համակարգված ներմուծումն է Ադրբեջանի տարածքով, ապրանքի, որն ունի ոչ միայն տնտեսական, այլև պարենային անվտանգության նշանակություն։
Տնտեսական առումով այս ուղին կարող է դիտվել որպես դիվերսիֆիկացում՝ նվազեցնելով Ռուսաստանի ուղղությունից գերկախվածությունը։ Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը գնահատվում է մոտ 500–600 հազար տոննա, որից ցորենի պահանջարկը՝ շուրջ 400 հազար տոննա։ Մինչ այժմ այդ ծավալը գրեթե ամբողջությամբ բերվում էր Ռուսաստանից՝ Վերին Լարսով կամ Սև ծովի նավահանգիստներով։
Ղազախական ցորենը, ըստ միջազգային շուկայի ցուցանիշների, այսօր համեմատաբար էժան է ռուսականից՝ միջինը 20–25 դոլարով մեկ տոննայի հաշվով, ինչը որոշակիորեն կարող է մեղմել ներմուծված ալյուրի և հացի գների աճը։
Սակայն թվերի այս տարբերությունն իրական տնտեսում կդառնա միայն այն դեպքում, եթե Կասպից ծովի հատման, Ալյաթի նավահանգստի և Ադրբեջանի երկաթուղու սակագները չդառնան «քաղաքական գործիք»։
Քաղաքական և անվտանգային կողմը․ երբ ճանապարհը դառնում է լծակ
Տնտեսական բոլոր «ակնհայտ դրականների» կողքին նոր երթուղին ստեղծում է նաև քաղաքական կախվածության նոր օղակ։ Եթե ռազմավարական ապրանքի՝ հացահատիկի, մատակարարման շղթան անցնում է հակառակորդ երկրի վերահսկող տարածքով, ապա այդ երկիրը ստանում է իրական լծակ՝ ցանկացած պահի ազդելու Հայաստանի պարենային շուկայի վրա։
Այս ռիսկը տեսական չէ․ Լաչինի միջանցքի փակման փորձը ցույց տվեց, թե ինչ արագությամբ կարող է տրանսպորտային սահմանափակումը վերածվել հումանիտար ճգնաժամի։ Այժմ, երբ նույն պետությունը վերահսկում է Հայաստանի հացահատիկային մատակարարման ուղիներից մեկը, այդ վտանգը դառնում է չափելի և կանխատեսելի։
Այսօր իշխանությունները դա ներկայացնում են որպես «խաղաղության միջանցք», սակայն խաղաղությունը, եթե կախված է մատակարարման թույլտվությունից, այլևս խաղաղություն չէ՝ դա քաղաքական վերահսկողության փաթեթավորված ձևն է։
Տնտեսական հաշվարկը՝ թվերի ու տրամաբանության սահմաններում
Նոր ուղու տնտեսական օգուտը, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում, լինելու է սահմանափակ։ Ղազախական հացահատիկի FOB գինը՝ միջինը 205 դոլար, իսկ ռուսականի՝ շուրջ 227 դոլար։ Այս տարբերությունը կարող է տալ մոտ 20 դոլար տնտեսում մեկ տոննայի հաշվով, սակայն Կասպից ծովի հատման և տարանցիկ վճարները, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների փորձը, կարող են «կլանել» այդ տարբերությունը։
Հետևաբար՝ տնտեսական առումով սա ոչ թե հեղափոխական, այլ լոգիստիկ համալրող ուղի է, որը կարող է ավելացնել մատակարարման ճկունությունը, բայց ոչ նվազեցնել Հայաստանի ռազմավարական կախվածությունը։
Ինչ ենք կորցրել այս ամենից․ Արցախի դերը Հայաստանի հացահատիկային անվտանգությունում
Այս նոր երթուղին փորձ է՝ փոխարինել կորցրած իրականությունն արհեստական հնարավորությամբ։
Մինչև 2020 թվականը Արցախի Հանրապետությունը ապահովում էր Հայաստանի և Արցախի միասնական հացահատիկային պահանջարկի մոտ 20–30 տոկոսը։
2019 թվականին Արցախում արտադրվել է շուրջ 120 հազար տոննա հացահատիկ, իսկ հացահատիկային ցանքատարածքները կազմում էին շուրջ 35 հազար հեկտար։ Սա Հայաստանի համար պարզապես գյուղատնտեսական արտադրություն չէր․ դա պարենային անվտանգության տարածքային հենասյունն էր, հողային ռեսուրս, որը թեթևացնում էր ներմուծման կախվածությունը և ձևավորում էր ինքնաբավության միջուկ։
Այսօր այդ հողերն ու հնարավորությունները կորցրած Հայաստանը ստիպված է գովերգել այն երկրի «մեծահոգությունը», որը ոչ միայն փակեց Արցախի ճանապարհները, այլև խլեց հենց այն տարածքները, որոնք կերակրում էին երկրի հացի շղթան։
Արցախը, իր գյուղատնտեսական պոտենցիալով, հանդիսանում էր Հայաստանի սննդի ինքնաբավության պաշտպանական վահանը։ Այդ վահանը կոտրվել է, իսկ դրա փոխարեն առաջարկվում է տարանցիկ կախվածություն նույն տարածաշրջանային կենտրոններից։
Եզրակացություն․ բաց ճանապարհների ետևում փակ անկախություն
Հացահատիկային ցանկացած նոր ուղի, որքան էլ գայթակղիչ թվա տնտեսական տեսանկյունից, պետք է դիտարկվի պետական ինքնիշխանության և անվտանգության շրջանակներում։
Տնտեսական տրամաբանությունը կարող է հաշվել թվերը, բայց քաղաքական բանականությունը պետք է տեսնի դրանց հետևում թաքնված ռիսկերը։
Այսօր Հայաստանի իշխանությունները ողջունում են այն, ինչ պետք է վերլուծեն։
Ճանապարհների բացվելը լավ է, երբ դրանցով անցնում է փոխադարձ վստահություն։ Բայց երբ ճանապարհը անցնում է այն տարածքով, որտեղից մեր անվտանգության հիմքերն են կործանվել, բաց ճանապարհը դառնում է ոչ թե հնարավորության, այլ կախվածության խորհրդանիշ։
Արցախը Հայաստանի պարենային անկախության իրական երաշխիքն էր։
Ղազախական հացահատիկը՝ ադրբեջանական տարանցմամբ, պարզապես հիշեցնում է, թե ինչ բարձր գին ենք վճարում մեր կորստի համար։
«Միասնության թևեր»


















































