Սկիզբը՝ այստեղ:
«Ռուսական գործակալ» Մեհդիեւի` Ալիեւի դեմ «մահափորձի ծրագիրը» խափանե՞լ է Մոսկվան
Հիմք ընդունելով Ադրբեջանի իշխանական քարոզչական բուռն տեղեկատվական հոսքը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիեւը «պետական դավաճան» է, «ռուսական գործակալ», սակայն նրան հաջողվել է Ադրբեջանում 24 տարի իշխանավարել, իսկ Ռուսաստանն, այսպես ասած`հանձնել է նրան, այդպիսով որոշել է «փրկել» Ալիեւի իշխանությունը «հեղաշրջումից»:
Ով ում է «փրկում», դեռ պարզ չէ, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են սկանդալային «բացահայտումները» Ռամիզ Մեհդիեւի գործի շրջանակներում: Անանուն մի աղբյուր «Вести Баку»-ին հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեղաշրջման փորձը ծրագրվել էր 2024թ. դեկտեմբերի իրադարձություններից շատ առաջ։ Խոսքը 2024թ. դեկտեմբերին ադրբեջանական AZAL-ի օդանավի ավիաաղետի մասին է։
Կարդացեք նաև
Աղբյուրը պնդում է, որ ծրագիրը կառուցվել է սառը, հաշվարկված բյուրոկրատիայի ոգով՝ հստակ սցենարով, նշանակված դերերով եւ արտաքին համակարգմամբ։ Գործողության կենտրոնական դեմքը եղել է Ռամիզ Մեհդիեւը՝ մարդ, որը տասնամյակներ շարունակ վերահսկել է երկրի վարչական մեքենան։ Աղբյուրը պնդում է նաեւ, որ Մեհդիեւը դեռեւս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների (լրատվական կայքերի եւ FM ռադիոկայանների) խմբագրական քաղաքականության վրա եւ պահպանել է խորհրդարանում հավատարիմների խումբ, որը պատրաստ է եղել աջակցել «ժամանակավոր կառավարությանը» ճգնաժամի դեպքում։ Սցենարի հիմնական դրվագն օդանավի վթարն է եղել, որը, ենթադրաբար, պետք է լիներ «գործողության ազդակ»։
Ավելին, նշվում է, թե 2024թ. դեկտեմբերին ծրագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «դժբախտ պատահար»՝ արտաքնապես նման ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Այսինքն, սցենարը հետեւյալն է. երկիրը ցնցվում է, խուճապի մեջ է հայտնվում` վախենալով արտաքին սպառնալիքից, եւ քաոսի մեջ հայտարարվում է «արտակարգ դրություն»։ «Սա պետք է լիներ մեր արտակարգ դրության պետական կոմիտեն, պարզապես անօդաչու թռչող սարքերով՝ տանկերի փոխարեն»,- նշել է աղբյուրը։
Նրանց մեկնաբանմամբ` «ծրագիրը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով»։ Հիմնական կապող օղակներից մեկը գեներալ Նաջմեդդին Սադիգովն էր, որը երկար ժամանակ համարվում էր «Մոսկվայի մարդը» Բաքվում։ Նրան հանձնարարվել էր ապահովել, որ ռուսական զինվորականներն իրականացնեն դիվերսիան՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն՝ անջատելով GPS-ը, կեղծ ազդանշաններ փոխանցելով եւ նախագահական ինքնաթիռի նավիգացիոն համակարգերը ժամանակավորապես կուրացնելով։
Միաժամանակ, նշվում է, թե Մեհդիեւի կառույցների կողմից վերահսկվող լրատվամիջոցները պատրաստվում էին տեղեկատվական հարձակման. նրանք նախապես նյութեր էին պատրաստել «խորհրդավոր հարձակման», «ժամանակավոր անվտանգության խորհրդի» եւ «կառավարման անցման» մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «նոր նախարարների» ցուցակները նույնիսկ նախապես են կազմված եղել։
Գործողությունը, սակայն, ձախողվել է: Կատարողները սխալ են թույլ տվել. աղբյուրի պնդմամբ՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է 30 րոպե առաջ նույն երթուղով թռչող քաղաքացիական AZAL-ի ինքնաթիռը: Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան արագորեն փորձել է վերաշարադրել սցենարը՝ ներկայացնել այն որպես տեխնիկական սխալ եւ «մասնակիորեն փոխանցել տվյալները»։
Ամենադրամատիկ դրվագը, ըստ նույն հոդվածի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իլհամ Ալիեւին, որ Ռուսաստանը «խափանել է մահափորձը» եւ փոխանցել օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանում գործող գործակալի անունը։ Լրատվամիջոցը նշում է, որ, ամեն դեպքում, հեղաշրջման փորձը ձախողվել է. Ալիեւը շեղվել է ճանապարհից, վերադարձել Բաքու։
Հիշեցնենք, որ 2024թ. դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղեւորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետեւանքով զոհվեց 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացին։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։ AZAL-ի օդանավի աղետից հետո ադրբեջանական Թուրան գործակալությունը գրել էր, որ Իլհամ Ալիեւի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:
Այսինքն, Մեհդիեւին ներկայացված բոլոր մեղադրանքներին մեկն էլ է գումարվում` Ադրբեջանի նախագահին տեղափոխող նախագահական «ինքնաթիռի կործանում», ասել է թե` Ալիեւի դեմ «մահափորձի ծրագիր»:
Ու այժմ Ադրբեջանում շարունակվում են Մեհդիեւ «տրոյական ձիու» կործանարար քաղաքականության, «մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւին դավաճանած» կերպարի մասին հոդվածաշարերը, նույնիսկ «պարզել» են, որ նրա «կինն էլ հայ է»:
Ի՞նչ է ստացվում ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի`«ռուսական գործակալ» Մեհդիեւի` Ալիեւի դեմ «մահափորձի ծրագիրը» խափանե՞լ է Մոսկվան… Իսկ կարո՞ղ էր Պուտինը «փրկել» Ալիեւին: Ինչո՞ւ ոչ: Նա մոտավորապես նմանատիպ աջակցություն է ցուցաբերել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին… Ավելին, ըստ արտասահմանյան որոշ լրատվամիջոցների` հենց Պուտինն է զանգահարել Էրդողանին և զգուշացրել, որ` «հենց այս պահին հեղաշրջում է սկսվել ընդդեմ Թուրքիայի նախագահի»:
Ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումներն ու «մեղրամիսը»
2016 թվականի հուլիսի կեսերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային գիծը պետության կյանքում հակասահմանադրական գործողությունների եւ բռնության անթույլատրելիության մասին»,- ասվում էր տարածած պաշտոնական հայտարարության մեջ: «Ռեջեփ Էրդողանին փոխանցվել են ցավակցություններ ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում բազմաթիվ զոհերի համար, որոնք դիմակայել են դավադիրներին, եւ Պուտինը ցանկություն է հայտնել, որ Թուրքիայում արագորեն վերականգնվի սահմանադրական կարգն ու կայունությունը»,- նշվել էր հաղորդագրության մեջ:
Միջազգային առաջատար լրատվականները սկսեցին գրել, փորձագետները` կանխատեսել, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ռուս-թուրքական հարաբերությունները գնում են բարելավման, թեեւ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մի պահ դարձել էին թշնամիներ: 2016-ից մեկ-երկու տարի առաջ ռուսական մամուլը Թուրքիայի նախագահին ներկայացնում էր որպես «քրդերին դաժանաբար հալածող», երկրում «իսլամական կարգեր հաստատող անկանխատեսելի օսմանյան սուլթանի»:
2014-ին, հիշեցնենք, որ Էրդողանը վճռականորեն «դատապարտել էր ռուսների կողմից Ղրիմի բռնակցումը»: Իսկ 2015թ. նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո` Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները հայտնվեցին ճգնաժամի մեջ:
2016թ. օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, եւ հենց այդ հանդիպմանը շեշտեց, որ ինքը համաշխարհային առաջնորդների շարքում այն առաջիններից էր, որը զանգահարեց Էրդողանին եւ իր աջակցությունը հայտնեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: «Հեղաշրջման փորձից հետո ձեր զանգը ոգեւորեց ինձ եւ թուրք ժողովրդին», խոստովանեց Էրդողանը:
Եվ ահա, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը մերձեցրեց Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներին: Դա ռուս-թուրքական հարաբերություններում ջերմության «ռեսթարթ» էր: Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկու երկրների համագործակցությունը իր ներդրումը կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման գործում: «Տարածաշրջանում քաղաքական տեսանկյունից շատ բան են ակնկալում մեզնից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման մեջ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Պուտինն իր հերթին հույս էր հայտնել, որ թուրք ժողովուրդը՝ Էրդողանի գլխավորությամբ, կհաղթահարի ճգնաժամը, եւ երկրում կվերականգնվեն կարգն ու օրինականությունը: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հույս ունեն վերականգնել հարաբերությունները: «Ձեր ներկայիս այցը, չնայած Թուրքիայի ներքաղաքական շատ բարդ իրավիճակին, վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք վերսկսել մեր երկխոսությունը, հարաբերությունների վերականգնումը՝ հանուն Ռուսաստանի ու Թուրքիայի ժողովուրդների շահերի»,- նկատել էր ՌԴ նախագահը:
Էրդողանը կրկին շնորհակալություն էր հայտնել Պուտինին՝ հանդիպման հնարավորության եւ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Նա հայտնել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները մտել են դրական հուն, եւ վստահություն էր հայտնել, որ այդ օրվա հանդիպմամբ կսկսվեն ավելի ընդարձակ գործընթացներ:
Իսկ Պուտինը այս հանդիպմանն էլ դատապարտել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մշտապես դեմ է եղել ամեն տիպի ոչ սահմանադրական գործողություններին: Անդրադառնալով ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման միջադեպից 8 ամիս անց կատարված Էրդողանի այցին՝ Պուտինը հայտարարել է, որ այդ այցը վկայում է երկխոսության վերսկսման մտադրության մասին:
Հետագայում, արդեն պարզ էր, թե ինչու այդպես «ըմբռնումով» Մոսկվան արձագանքեց ՌԴ դեսպանի սպանությանը Անկարայում:
Ինչեւէ, Պուտինի ու Էրդողանի միջեւ բանակցությունները տեւել էին մոտ 2 ժամ, դա Սու-24-ի միջադեպից հետո նրանց առաջին հանդիպումն էր: Էրդողանը նշել էր, թե համարում է, որ հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու ձգտում ունեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան. «Երկու կողմերն էլ վճռականորեն են տրամադրված այն բանում, որ մեր հարաբերությունները դուրս բերվեն մինչճգնաժամային եւ նույնիսկ ավելի բարձր մակարդակի: Մենք դրա համար ունենք քաղաքական կամք»: Նա հավելել էր, որ Թուրքիան տրամադրված է հարաբերությունները զարգացնելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում, «Ակույու» ԱԷԿ-ի նախագծին տալ «ռազմավարական ներդրման» կարգավիճակ, եւ «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական բնական գազի մատակարարումը դեպի Եվրոպա:
Պուտինը Էրդողանի հետ կայացած հանդիպումն անվանել էր` կառուցողական. «Կայացել է առարկայական եւ, կուզեի ընդգծել՝ կառուցողական զրույց երկկողմ կապերի ողջ համալիրով, ինչպես նաեւ միջազգային օրակարգով»: Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը մտադիր է աստիճանաբար վերացնել թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաեւ ընդգծել էր Թուրքիայի կողմից ընդունված որոշակի քաղաքական լուծումները «Ակույու» ԱԷԿ-ի, «Թուրքական հոսքի» եւ տուրիզմի վերաբերյալ: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը չի սահմանափակվում էներգետիկայի ոլորտով, ՌԴ-ի եւ Թուրքիաի համագործակցությունը կրում էբազմակողմանի բնույթ. «Մեր մոտ այն բավականին բազմակողմանի է: Դա ե՛ւ մեքենաշինությունն է, ե՛ւ մետաղագործական արդյունաբերությունը, ուղիղ իմաստով առեւտուրը: Մենք այսօր շատ ենք խոսել նաեւ գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին: Մենք կանենք այդ ամենը այն պլանների շրջանակներում, որոնք այսօր ձեւավորվել են»:
Այսպիսով, 2016թ. օգոստոսին Պուտին-Էրդողան հանդիպումը փաստեց երկու երկրների երկխոսության վերսկսման մասին։ Ընդ որում, այդ օրերին հնչում էին կանխատեսումներ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունն անդրադառնալու է տարածաշրջանում խնդիրների վրա, այդ հարաբերությունների ջերմացմանը կհաջորդի ավելի խորը փոխգործակցությունը ոչ միայն տնտեսական, այլեւ տարածաշրջանային տարբեր խնդիրներում: Եվ այդպես էլ եղավ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2025


















































