Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ #9. «Խաղաղության դարաշրջանը սկսվել է»

Հոկտեմբեր 24,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

2021 թվականից սկսած մինչ այս պահը այս միտքը պատեհ, թե անպատեհ հնչեցվում է ամենաբարձր ամբիոններից։

«Մենք Հայաստանի և տարածաշրջանի համար բացել ենք խաղաղության դարաշրջան»: (Ն․Փ․, 2022թ․, դեկտեմբերի 24)

«Խաղաղության դարաշրջանն այլևս անշրջելի է»: (Ն․Փ․, 2023թ․ հուլիս, Կառավարության նիստ)

Սակայն փաստերը վկայում են ճիշտ հակառակը։ Փաշինյանի իշխանության տարիներին՝ հատկապես պատերազմից հետո, Հայաստանի սահմանները դարձել են ավելի անկայուն, իսկ արտաքին միջավայրը՝ առավել վտանգավոր։ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի շրջաններ։ 2022 թվականի սեպտեմբերին սկսվեց խոշոր հարձակում Վարդենիս-Ջերմուկ հատվածում, ունեցանք 200-ից ավելի  զոհ։ 2023-2024թթ․ Տեղ գյուղում, Սոթքում և Տավուշում շարունակվել են կրակոցներ և զինված միջադեպեր։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Արցախը գրավվեց, ժողովուրդը՝ տեղահանվեց։ ՀՀ իշխանությունները ոչ միայն չպաշտպանեցին, այլև հրաժարվեցին միջամտել՝ հայտարարելով, որ «Արցախը Ադրբեջանի ներքին խնդիրն է»: Տարածաշրջանում չկա վստահություն․ քաղաքացիները զրկվել են ապագայի վստահության զգացումից։ Արտագաղթն ուժեղացել է, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում։

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե թշնամի երկիրը ամենօրյա ռեժիմով պարբերաբար կրկնում է, որ նույնիսկ Երևանն է իրենց նպատակների դաշտում։ Խաղաղություն մեր երկրին բերել են Մոնթեն, Վազգենը, Սերժ Սարգսյանը։ Խաղաղությունը զինվորն էր այն ժամանակ պարտադրում թե՛ իր կամքով․ թե՛ իր ուժով, քանի որ վստահ էր, որ իր թիկունքում կանգնած են հայրենասեր ու հզոր հրամանատարներ և երկրին անձնվիարաբար ծառայող իշխանություններ։

Խաղաղություն նույնիսկ երկրի ներքին հարցերում չկա։ Անվերջանալի ձերբակալություններ, վախի մթնոլորտ է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր շրջանակներում։ Այլ կերպ ասած, 37 թիվը ավելի խաղաղ է եղել, քան «նիկոլի թիվը»։ Հայ ազգն այլևս այս կեղծ խաղաղության կարիքը չունի, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ ճառերն ու սին խոսքերը միայն վնասում են մեզ։

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ավելի շատ է խախտվել, քան երբևէ վերջին 30 տարում։ Հայկական կողմն ունի ավելի քիչ դաշնակիցներ, ապագան անորոշ է, չկա ո՛չ խաղաղություն, ո՛չ պաշտպանական կայունություն։ Հայաստանում կա միայն նվաստացում, վախ ու անվստահություն։ Խաղաղությունը չեն հայտարարում, այն կառուցում են։ Իսկ եթե պատերազմից հետո ունենում ես նոր զոհեր, կորցրած հայրենիք ու զանգվածային արտագաղթ՝ քո «խաղաղությունը»՝ սուտ է։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031