Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

«Արթնանալ եւ աղաղակել Հայ առաքելական եկեղեցու հալածանքների առթիվ». «Ազգ»

Հոկտեմբեր 24,2025 10:51

Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ՀՀ-ում երկու արքեպիսկոպոսի, մեկ եպիսկոպոսի եւ մեկ քահանայի դեմ (պատժիչ) գործողությունները եւ «կուռ համերաշխություն հայտնում Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին»:

Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը միավորում է երկրի 17 քրիստոնեական եկեղեցի եւ եկեղեցական համայնք, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Ավստրիայի ավետարանական եւ ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին, օրթոդոքս եկեղեցիները, Հայ առաքելական եկեղեցին, որի թեմակալ առաջնորդը Տիրան եպիսկոպոս Պետրոսյանն է, նաեւ Հին կաթոլիկ եկեղեցին, Մեթոդիստների եւ տարբեր ավետարանական եկեղեցիներ: էկումենիկ խորհրդի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված է: Ի թիվս այլոց ընդգծվում է Միքայել արք. Աջապահյանի դատապարտումը, որ, ըստ Երեւանի դատարանի որոշման, մեղադրվում է կառավարության բռնի տապալման կոչ անելու մեջ: Շիրակի թեմի առաջնորդը հոկտեմբերի 4-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Սուրբ Էջմիածինը դատավճիռը որակել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, խոսել խոսքի եւ կրոնի ազատության խախտման մասին: Հիշյալ գործը Հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջեւ շարունակվող հակամարտության մի մասն է, գրում է kathpress-ը ՝ հաղորդելով, թե մի քանի հոգեւորականներ, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կալանքի տակ են դեռ:

«ՀՀ կառավարությունը ձերբակալել է եպիսկոպոսին եւ տասներկու քահանաների» վերնագրով մանրամասն տեղեկատվություն է հրապարակել նաեւ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI):

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը հարձակվում եկեղեցու վրա» ենթավերնագրված հատվածում Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության մեկնաբանությունը նախ մանրամասն նկարագրում է, թե 301-ից գործող Հայ առաքելական եկեղեցու հետ կապված է հայերի ավելի քան 90%-ը, ՀՀ սահմանադրությունը ճանաչում է այն որպես «ազգային եկեղեցի»՝ Հայաստանի «ազգային ինքնությունը» պահպանելու եզակի առաքելությամբ: «2 տարի առաջ Ադրբեջանի բռնապետությունը հարձակվեց ԼՂ-ի ( Արցախի) վրա եւ վտարեց նրա ողջ հայ քրիստոնյա բնակչությանը՝ մոտ 120,000 մարդու: Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ ներկայիս պայքարը ծագում է այս էթնիկ զտմանը արձագանքելու վեճից: Եկեղեցին հրապարակավ աջակցում է Արցախի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին: Վարչապետ Փաշինյանը ձեւակերպել է, որ ԼՂ հարցը «փակված է», իսկ վերադարձի մասին խոսակցություններն անվանել «վտանգավոր»՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի համար: Մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեռնում կազմակերպած համաժողովին, խոսեց հայերի՝ ԼՂ անվտանգ վերադարձի մասին:

Կարճ ժամանակ անց Փաշինյանը սկսեց հրապարակավ հարձակվել կաթողիկոսի եւ եկեղեցու վրա՝ կոչ անելով կաթողիկոսին փոխարինել կառավարության կողմից ընտրված նոր առաջնորդով, ինչը կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում է»: Այնուհետ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը շարադրում է հունիսին Բագրատ արք. Գալստանյանի եւ Միքայել արք. Աջապահյանի ձերբակալությունների մասին, որ «մեղադրվել են կառավարությունը տապալելու դավադրությանը մասնակցելու մեջ»:

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները X-ի հարթակում հետեւյալ բովանդակությամբ գրառում է արել՝ եկեղեցու դեմ կառավարության արշավը «ներդաշնակ է Ադրբեջանի քարոզչության հետ» եւ նպատակ ունի «խաթարելու Հայ առաքելական եկեղեցու՝ Հայաստանի քրիստոնեական ավանդույթը պաշտպանելու կարողությունը»: «Այն, ինչ այսօր ՀՀ կառավարությունն է անում, չի տարբերվում չինական կոմունիստական պետության՝ եկեղեցու հանդեպ վարքից, կամ նրանից, ինչ կոմունիստական իշխանություններն արեցին Հայաստանում, ԽՍՀՄ այլ վայրերում»: Այբները կոչ է արել կրոնական ազատության միջազգային շարժմանը «արթնանալ եւ աղաղակել» Հայ առաքելական եկեղեցու հալածանքների առթիվ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031