Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Օտարերկրյա քաղաքացիներին առևանգել էին, գումար պահանջել. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հոկտեմբեր 24,2025 13:17

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբր ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը և հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։

Արդյունքում, ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն և իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով, շահադիտական դրդումներով՝ հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ, նստեցրել են ավտոմեքենան և ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ՝ այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։

Այնուհետև, առերևույթ հանցանք կատարած անձինք սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, պահանջել են գումար, և Երևան հասնելուն պես, օտարերկրյա քաղաքացին իր և ընկերոջ կյանքի և առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով՝ փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն 281 հզր 560 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ։

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։

Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031