Արդեն երկրորդ օրն է ինչ Երևանում մեկնարկել է Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի (European Platform of Regulatory Authorities: EPRA) 62-րդ համաժողովը, որում Հայաստանը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Այս նախաձեռնությունը ընդգրկել է 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների՝ քննարկելու մեդիա ոլորտում գոյություն ունեցող ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման ուղիները, ավելի կոնկրետ` թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման և պաշտպանության հիմնախնդիրները և արագ փոփոխվող միջավայրում ռազմավարությունների մշակման և իրագործման արդյունավետ մեխանիզմները:
ERPA-ի նախագահ Սթեֆանի Քոմին նշում է. «Կարևոր է, որ կարգավորող մարմիններն ունենան ռազմավարական ճիշտ մոտեցումներ: Համաժողովը տարեկան երկու անգամ է անցկացվում` գարնանը և աշնանը, որի ընթացքում էլ հենց այդ կարևոր հարցերն են քննարկվում»:
EPRA-ն ստեղծվել է 1995 թվականին, իսկ Հայաստանը EPRA-ի անդամ է 2010-ից: Համաժողովը երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում, առաջինը 2016-ին էր:
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս կարևորում է այս ծրագիրը. «Դուք բոլորդ շատ լավ գիտեք՝ ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթյունային զարգացման պայմաններում․ ապատեղեկատվություն, քարոզչություն, որը ոչ միայն քաղաքական է, դրանց ազդեցությունն անչափահասների վրա, երկրի տեղեկատվական անվտանգություն և այլն։ Քանի որ մենք մասնագիտական մեծ բազա չունենք այստեղ, ոլորտի մասին սովորելու, օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, բալանսավորելու ինչպես խոսքի ազատության իրավունքը, այնպես էլ մարդկանց պաշտպանության իրավունքը, այս գործում մեր ամենահիմնական աղբյուրը նմանատիպ հավաքներն են ու համաժողովները: Վերջին տարիներին հանձնաժողովի առանց սկանդալների գործունեությունը կապված է այն մեթոդիկայի հետ, որոնք մեզ սովորեցնում են այս կառույցի մասնակիցները»:
Համաժողովի աշխատանքներին առաջին անգամ Երևանում մասնակցում է նաև Թուրքիայի կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը: Այս կետին ևս Տիգրան Հակոբյանը անդրադարձավ. «Թուրքիայում ունենք մի քանի հայալեզու և հայկական բովանդակությամբ օնլայն հարթակներ և թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար»:
ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանն էլ ծրագրի օգտակար լինելու մասին հավելում է. «Նախ սա մեծ հարթակ է, որին հնարավորություն ունեն մասնակցելու, իրենց փորձով կիսվելու և լուծումներ գտնելու տարբեր եվրոպական երկրների կարգավորող մարմիններ: Յուրաքանչյուր երկիր արդեն ինքն է որոշում, թե որն է իր առաջնային խնդիրը և ինչպես լուծել: Օրինակ ապատեղեկատվությունը մարտահարվեր է դարձել կարգավորող մարմինների համար: Եթե չհասկանանք ինչ միջոցներով դա կարգավորենք մենք հայտնվում ենք այն վիճակում, ինչպես որ այսօր ենք»:
Գոհար Մամիկոնյանը նաև նշեց, որ բլոգերներն ու ինֆլյուենսերները եւս գտնվում են որոշակի կարգավորումների ներքո, նրանք են որոշում, թե ինչպիսի բովանդակություն հրամցնեն հանրությանը, ինչ լեզվով, ինչ կարգավորումների ներքո:
EPRA-ն գործում է որպես համագործակցության հարթակ՝ խթանելով ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, խոսքի ազատության պաշտպանությունը և մեդիա բազմազանության ապահովումը։
Էլեն Միրզոյան




















































