Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է․ վախենում են իմպիչմենտից»․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 24,2025 15:01

«Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է, որը պայմանավորված է թե′ իր՝ ՏԻՄ մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ և մի քանի անգամ ՔՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով, թե′ իր՝ «Պատիվ ունեմ»-ի կողմից առաջադրված իմպիչմենտի թեկնածու լինելու փաստով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը։

Լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն կարծիքին է, որ դա քաղաքական հետապնդում չէ, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Ալեն Սիմոնյանը նաև ասում է՝ Արցախը չեն հանձնել, հետո՞։ Ինչքան նա ճշմարտության հետ կապ ունի, այնքան էլ սա։ ՔՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա է կատարվում։ Ներկայացնում են մեկ այլ դրվագի կադրեր էս դատական գործի շրջանակներում։ Սա գյուղերից մեկում տեղի ունեցած դրվագ է, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, բայց կազմակերպիչ կա։ Սա էդ քրգործը չէ, սա լրիվ ուրիշ դեպք է։ Սա այն դրվագը չէ, որի կադրերը երեկվանից տարածում են տարբեր կալիբրի ՔՊ-ականներ։ Այդ դեպքը 2018-ի դեպք է․ նոր հիշեցի՞ն։ Նորից եմ ասում, ստացվում է, որ կազմակերպիչ կա, բայց իրականացնողների նկատմամբ ոչ մի գործընթաց չկա։ Մի քանի ամիս տարբերությամբ վճիռ է տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի»։

Հարցին՝ ինչո՞ւ է հենց այս պահին է Դավիթ Համբարձումյանը որոշել գնալ Մոսկվա, ի պատասխան Հայկ Մամիջանյանը հորդորեց կարդալ նրա հայտարարությունը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա իմպիչմենտի գործընթացի վրա, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Որևէ խնդիր իմպիչմենտի գործընթացի հետ կապված չի առաջացնում։ Հաշվի առնելով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու կետը՝ այս ամենը որևէ բացասական ազդեցություն իմպիչմենտի գործընթացի վրա ունենալ չի կարող, ավելին մեր քաղաքացիներն ու գործընկերները կհասկանան, ևս մեկ ապացույց կտեսնեն, որ այս գործընթացն այլընտրանք չունի։ Դա միակ գործընթացն է, որն ունի զգալի արտախորհրդարանական և խորհրդարանական աջակցություն, իսկ թե դրա մասին ինչ հայտարարություններ են անում իշխանությունները կամ դրանց լրատվականները, ինձ չի հետաքրքրում։ Ավելին, այն ՔՊ-ականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացի տակ, այդ օրն առավոտ փրփուրը բերաններին պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին։ Եթե մենք ցույց տանք, որ իրենք իրապես պետք է վախենան ժողովրդի ցասումից, այլ ոչ թե Փաշինյանի սմս-ից, հատ առ հատ ցուցմունք էլ կտան Փաշինյանի դեմ»։ Հարցին՝ քանի՞ ՔՊ-ական է դրական պատասխան տվել, Հայկ Մամիջանյանն ի պատասխան ասաց, որ եթե հայտնի, դա կվնասի գործընթացին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031