Բաքվում դատարանը փոխել է «Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նախնական կալանքի որոշումը, հաղորդում է APA-ն։ Նրան «ուղարկել են տնային կալանքի՝ 3 ամսով»։ Այս մասին հայտնում է РБК-ն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ փոխվել էր նաև «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխի նախնական կալանքի որոշումը. առողջական խնդիրներ ունեցող Կարտավիխն ազատ էր արձակվել:
«Սպուտնիկ Ադրբեջանի» մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ Բելոուսովը և տնօրեն Իգոր Կարտավիխը Ադրբեջանում ձերբակալվել էին հուլիսի 1-ին:
Ադրբեջանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքներով։
Կարդացեք նաև
РБК-ն նշում է. «Ձերբակալությունները տեղի են ունեցել Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության ֆոնին, որը սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո»։
«Սպուտնիկ Ադրբեջանի» աշխատակիցների ձերբակալումից առաջ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական սփյուռքի անդամներ են ձերբակալվել. նրանցից երկուսը մահացել են։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպումից հետո Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սկսել են ջերմանալ։ Դրանից հետո Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել կալանքից», – նշում է լրատվամիջոցը։


















































