Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը

Հոկտեմբեր 24,2025 16:06

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։

«Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- ասում է արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանը:

Բացահայտումը կարևոր  վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ «Հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին մեր պատկերացումները»,- ասում է Մկրտիչ Զարդարյանը։

Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։ «Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։

Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ  բեկորները։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։

Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։

 ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031