Այսօր փաստաբանների ոտնահարվող իրավունքների մասին հրատապ ասուլիս էին հրավիրել հենց փաստաբանները:
-Առաջին խնդիրը կապված է հայտնի քրեական գործերի շրջանակներում հոգեւորականների պաշտպանության հետ, երբ պաշտպանները, իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, փորձում էին փաստաբանական գործունեություն իրականացնել, սակայն հնարավորություն չունեին նույնիսկ տեսակցել իրենց վստահորդներին: Հնարավորություն չունեին իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը: Իսկ վստահորդներից մեկի գտնվելու վայրն անհայտ էր ու որեւէ կերպ հնարավոր չէր պարզել: Սա փաստաբանի մասնագիտական գործունեության ուղղակի խոչընդոտում է,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Ըստ նրա՝ հաջորդ իրավախախտման դեպքը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ է արձանագրվել.
-Նրա նկատմամբ կիրառված անհամաչափ միջոցներին է խոսքը վերաբերում: Կոչուբաեւը համապատասխան գրառում էր կատարել սոցցացանցերում, այդ գրառման գնահատականը չեմ ուզում տալ, որովհետեւ այս պահին դատական գործընթացի մեջ է: Անձնական կարծիքս ասեմ, ողջունելի եւ տեղին չէ նման գրառում կատարելը փաստաբանին: Բայց հարցն այդ չէ, այլ այն է, թե այդ ենթադրյալ արարքին իրավապահներն ինչպես արձագանքեցին: Ձերբակալման ժամանակ կիրառել են անհամաչափ գործողություններ, փաստաբանական գրասենյակն են խուզարկել, առգրավել հեռախոս, համակարգիչ ու կրիչներ: Սա անթույլատրելի է: Միջազգային պրակտիկայով արգելվում է առգրավել անձնական կրիչներ, որովհետեւ գործ ունենք փաստաբանական գաղտնիքի հետ, որն առնչվում է մի շարք վստահորդների շահերին: Տպավորություն կար, որ հաշվահարդար է, ինչը եւս ընդունելի չէր,- հավելեց փաստաբանների պալատի նախագահը՝ ընդգծելով, որ ակնհայտ էր, որ փաստաբանի կարգավիճակով պայմանավորված են իրականացվել այդ գործողությունները:
Կարդացեք նաև
-Վերջին դեպքը փաստաբան Ռուբեն Մխիթարյանի մասնագիտական գործունեության հետ է կապված: Նա իրականացնում էր իրավապաշտպան առաքելություն, ինչի շրջանակներում նա բերման է ենթարկվում ու կալանավորվում: Խափանման միջոց, որը անհամատեղելի է ու հաշվի չի առնվում փաստաբանի նրա կարգավիճակը, ձերբակալելիս հաշվի չի առնվում, որ նա մասնագիտական գործունեություն էր իրականացնում: Սա միջամտություն է մասնագիտական գործունեությանը,- ասաց Բաբայանը եւ հավելեց,- Փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի ու դատապարտելի է համարում տեղի ունեցածը: Պատրաստել ենք համապատասխան նամակներ միջազգային կառույցներին եւ հետեւողական ենք լինելու, որ այդ խախտված իրավունքները վերականգնվեն ու շարունակելի չլինեն:
Փաստաբաններ Կոչուբաեւի ու Մխիթարյանի քրեական գործերով մանրամասներ ներկայացրեց նաեւ նրանց պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































