Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Այնքան կրթություն եմ ստացել, որ ձեր նմաններին կարող եմ դաստիարակել. իր սեռը «արու» նշած համայնքապետը՝ լրագրողներին

Հոկտեմբեր 26,2025 10:26

Հովհաննավանքում այսօր կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի հրավիրած «պատարագին» մեծ թվով ՔՊ-ականներ են գալիս, ինչպես նաեւ ՔՊ աջակիցներ:

Հովհաննավանք է եկել նաեւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որը, հիշեցնենք, իր անձնական գործերում սեռի վերաբերյալ «արու» էր նշել:

«Աղոթքի գալուց եկել, հարց եք տալիս, հլը ցածր, ինձ հետ էդ տոնով չխոսես»,- լրագրողի հարցին ագրեսիվ արձագանքեց Սարգսյանը:

Ի՞նչ եկեղեցական տոն է այսօր հարցին, Սարգսյանը չպատասխանեց:

«Ես այնքան բան եմ սովորել, որ հիմա ձեզ բան եմ բացատրում: Ձեր նմաններին կարող եմ դաստիարակել: Այնքան կրթություն եմ ստացել, որ երկար ժամանակ փորձես ապրել, չես կարող իմ չափ կրթություն ստանալ»,- այսպես արձագանքեց Սարգսյանը, երբ լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց, թե տեսե՞լ է իր անձնական գործերում սեռի վերաբերյալ ինչ է գրել:

Դիլիջանի համայնքապետի հետ էր նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

«Եկել եմ պատարագի, ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր որեւէ հարցի»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե դժվա՞ր է Նիկոլ Փաշինյանի քավորը լինել, ինչքան սեւ գործ կա, իրեն մասնակից է դարձնում, պարոն Ղալումյանն այսպես արձագանքեց.

«Ոչ, ես չեմ պատասխանում հարցերի: Եկել եմ պատարագի»:

Մեկ այլ հարցին, թե վեհարանը վեհափառից ազատագրելու գործընթացին մասնակցելո՞ւ է, Հայկ Ղալումյանն պատասխանեց՝ բոլոր գործընթացներին է մասնակցելու. «Ես այդ քաղաքական թիմի անդամ եմ: Մայր Աթոռին ընդդեմ որեւէ բան չկա, դա ձեր մեկնաբանությունն է: Ձեր նպատակը ո՞րն է, որ սադրող հարցադրումներ անեք, հունից դուրս գա՞մ»:

Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի, հրավիրած «պատարագին» ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի համար այսօր վաղ առավոտից տարածքում աշխատում են ոստիկանները: Նրանք իրականացնում են ուժեղացված հսկողություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031