Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Եվ ո՞վ ես դու, մարդ, որ մեղադրես նրան, ում ներել է Ինքն Աստված․ Գենադի Մնացականյան

Հոկտեմբեր 26,2025 16:25

Այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ «պատարագ» ներկայացումը։ Գլխավոր դերում  Ստեփան Ասատրյանն էր, հանդիսատեսների շարքում էր նաև սցենարիստն ու բեմադրիչ ռեժիսորը։ Հաշվի առնելով, որ այն տեղի է ունեցել ո՛չ թե Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ո՛չ թե Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ո՛չ թե մարզահամերգային համալիրում, ո՛չ թե աղանդավորականների համար հատկացված ինչ-որ շենքում կամ որևէ այլ տեղում, այլ այդ խայտառակ ներկայացումը տեղի է ունեցել Հովհաննավանքի Սուրբ Խորանի վրա, ապա այն համարվում է մեծ սրբապղծություն։

Ամենայն հավանականությամբ հետագայում անհրաժեշտություն պետք է լինի վերաօծել այդ սրբավայրը։ Հոգևորականների կենցաղավարության մեջ իրենց հայացքները սևեռած կրոնա-քաղաքական ուղղվածությամբ աղանդավորականները ամեն օր ու ամեն վայրկյան իրենց վարքով ու խոսքով ցույց են տալիս իրենց ատելությունը հայ ազգային-եկեղեցական արժեքների նկատմամբ։ Մի բան պետք է հիշեն բոլորը, մանավանդ «Վազգեն Առաջինից հետո ես եկեղեցի չեմ մտնում» ու նմանատիպ դիմակներով իրենց հակաեկեղեցականությունը թաքցնող աղանդավորականները, պետք է հասկանալ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ լինելը պայմանավորված չէ հոգևորականների կենցաղավարությամբ, այլապես մեր Եկեղեցին վաղուց կորցրած կլիներ իր զորությունն ու գոյությունը, որովհետև հոգևորականը մարդ է և մարդկայնորեն կարող է սխալվել, սակայն յուրաքանչյուր հոգևորական իր մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով թողություն է հայցում Տիրոջից ու այն ստանում է Ամենողորմ ու Բազմագութ Հայր Աստծուց։

Եվ ո՞վ ես դու, մարդ, որ մեղադրես նրան, ում ներել է Ինքն Աստված։ Վեհափառ Հայրապետին ու որևէ այլ հոգևորականին մեղադրելով Եկեղեցին չի «մաքրվում», այլ Տիրոջ Մարմնի վրա մի նոր վերք է ավելանում։ Ոչ ոք չի կարող կեղտոտել Եկեղեցին, և հետևաբար, Եկեղեցին «մաքրելու» մասին խոսողները ի ցույց են դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին իրենց ոչ բավարար չափով ճիշտ պատկերացում ունենալը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ լինելը պայմանավորված է եկեղեցական կյանքում Սուրբ Հոգու ներգործությամբ, և դա Աստվածային պարգև է հայ ազգին, որը անփոփոխ է և հավիտենական։ Ես իմ և իմ ընտանիքի անունից ուզում եմ իմ բաժին ներումը հայցել Տիրոջից, եթե ես կարող էի ինչ-որ կերպ խափանել այդ սրբապղծությունը, բայց չեմ արել կամ բավարար չափով չեմ արել։ Աղոթեք նաև դուք, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, որովհետև ահավոր է լինելու երկնային պատիժը այն մարդկանց համար, ովքեր նպաստել ու աջակցել են այդ սրբապղծությանը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031