Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) երկարատև դատավարությունից հետո հասավ վճռական հաղթանակի․ դատարանը հաստատեց կազմակերպության արդար դատաքննության իրավունքի խախտումը և պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը հատուցել սահմանված ոչ նյութական վնասը։
ՀՔԱՎ-ը 2022 թվականի սեպտեմբերի 28-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ի դեմս ներկայացուցիչ Կարեն Թումանյանի, ապա Շուշանիկ Իսահակյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու և ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատել և ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին հայցը բավարարել։ Դատարանը վճռով սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունը հօգուտ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ենթակա է հատուցման 1 միլիոն ՀՀ դրամ։
Նշված վճռի դեմ 2024 թվականի հունվարի 12-ին Ֆինանսների նախարարությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, այնուհետև Վճռաբեկ դատարան, որը, սակայն մերժվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից։
Կարդացեք նաև
Ի վերջո, դատարանը հաստատել է ՀՔԱՎ-ի արդար դատաքննության իրավունքի խախտումը և պարտավորեցրել պետությանը վճարել պահանջված 1 միլիոն ՀՀ դրամը և 50 000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատարանի վճիռը 2025թ․ հոկտեմբերին կատարվել է և ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՔԱՎ-ին է փոխանցել 1 միլիոն 50 000 ՀՀ դրամ։
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































