ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գրքի շնորհանդեսը։ Գիրքն ամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական ողջ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։ Աշխատությունը հեղինակել են 21 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։
Տիգրանակերտը հայտնաբերվել է 2005-ին։ Տիգրանակերտում պեղումներ են իրականացվել 2006-2020 թվականներին։ Գիրքն ամփոփում է Տիգրանակերտի արշավախմբի թիմի երկարատև աշխատանքի արդյունքները։ Ժողովածուն ձևավորվել է որպես ամբողջական պատկերի ներկայացում՝ տարբեր մասնագետների հեղինակած բաժիններով, սակայն միասնական կառուցվածքով։ Գիրքը ներառում է ավելի քան 600 լուսանկար, գծագրեր, գծանկարներ, քարտեզներ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս տեսողականորեն ծանոթանալու նյութին։
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, կարևորելով գիտնականների կատարած աշխատանքը, նշեց․ «Տիգրանակերտի արշավախումբը պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ երկար տարիներ հետազոտել է Արցախի Տիգրանակերտ քաղաքը, բացահայտել ուշագրավ հնագիտական տեղեկություններ, փաստեր, որոնք այսօր ամփոփված են այս գրքում։ Արցախն այսօր գտնվում է օկուպացված վիճակում։ Գիտնականների կատարած աշխատանքը շատ կարևոր է, լուրջ փաստեր են ի հայտ բերվում, որոնք Արցախի պատկանելության մասին լուրջ վկայություններ են»։
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը նկատեց՝ մատենագիտական տվյալներից մինչև ամենավերջին գտածոն, ըստ էության, համակարգված ուսումնասիրվել է․ «Այն աշխատանքները, որոնք Տիգրանակերտում կատարվել են, դարձել են մեր ինքնությունը ցույց տալու և հարստացնելու մի կարևոր կետ։ Այս առումով անգնահատելի է Տիգրանակերտի արշավախմբի կատարած աշխատանքը»։
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը փաստեց՝ Արցախի Տիգրանակերտը տասնամյակներ շարունակ եղել է մեր կարևոր այցեքարտերից մեկը․ «Արցախի Տիգրանակերտով մենք բոլորս՝ և′ Արցախի մեր հայրենակիցները, և′ Արցախի կառավարման մարմինները, ներկայանում էինք աշխարհին երկու կարևոր բան ցույց տալու համար․ որ առաջին հերթին մենք այստեղ ունենք պատմության, մշակույթի, հայկական ներկայության անընդհատություն, ինչը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով ամեն տարի վավերագրվում և շրջանառության մեջ էր դրվում թիմի կողմից։ Երկրորդն այն էր, որ մեր մոտեցումը մեր ներկայությանը, մեր ժառանգությանը, մեր անընդհատությանը բարձր գիտության և քաղաքակրթության շրջանակներում է։ Այն, ինչ հրատարակվում էր, հակադրությունն էր ադրբեջանական պատմագիտական խոսույթի»։
Շնորհանդեսին մասնակցում էր նաև Ֆլորենցիայի համալսարանի հնագետ Ֆրանչեսկա Քելին։ Նա որոշակի ընթացքում մասնակցել է պեղումներին, իր գիտական աշխատություններում անդրադարձել Տիգրանակերտին։
Գրքի խմբագիր, ԵՊՀ Մշակութաբանության ամբոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն իր զարմանքը հայտնեց և անընդունելի համարեց, որ շնորհանդեսին որևէ պետական գերատեսչության ներկայացուցիչ ներկա չէ, թեև գիրքը, հրավերներն ուղարկվել են պետական կառույցներին։ Խոսելով աշխատության կառուցվածքի մասին՝ նկատեց՝ թեև գրքում ներկայացված են 21 հետազոտողների աշխատանքներ, սակայն այն ամբողջական կառուցվածք ունի։ Հիշելով, թե ինչպես ժամանակին որոշեցին զբաղվել Տիգրանակերտ քաղաքի բացահայտմամբ և թե ինչ սկզբունքներ ու նպատակներ էին որդեգրել, վստահեցրեց․ «Մենք չենք զբաղվել քարոզչությամբ, մենք չենք առանձնացրել, հատուկ չենք կարևորել միայն այն փաստերը, որոնք վերաբերում էին հայերին։ Եթե այդպես չվարվեինք, մենք միջազգային ասպարեզում զրո էինք լինելու։ 20-ից ավել աշխատանքներ ենք տպագրել արտասահմանում՝ ամենահայտնի հրատարակչություններում, ամենահայտնի հետազոտողների գնահատմամբ, ովքեր ասում են, որ մեր գրածը չեզոք եզրաբանությամբ, չեզոք մեթոդաբանությամբ է»։
Նշենք, որ «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գրքի ռուսերեն թարգմանությունն այժմ խմբագրման փուլում է։ Այն կթարգմանվի նաև անգլերեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


























































