Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից հայկական բեռների հանդեպ մոտավորապես այն նույն ռեժիմն է սահմանվում, որը կիրառվում է Թուրքիայի կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանի համար»

Հոկտեմբեր 27,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ 

-Ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով Հայաստան բերելն իշխող ուժի ներկայացուցիչները մեծ հաղթանակ են համարում։ Սա ապաշրջափակո՞ւմ է։ Կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը սահմանը բացում է։

-Սա, առայժմ, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եկող բեռների տարանցման արգելքի վերացում կարող ենք համարել։ Այդ բեռները դեռեւս ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանը չեն հատելու՝ Վրաստանից են Հայաստան մուտք գործելու։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից հայկական բեռների հանդեպ մոտավորապես այն նույն ռեժիմն է սահմանվում, որը կիրառվում է Թուրքիայի կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանի համար։ Հայ-ադրբեջանական սահմանը փակ է եւ փակ էլ կմնա, քանի դեռ, այսպես կոչված, միջպետական խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ։ Այդուհանդերձ, Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, գործող իշխանության համար՝ Բաքվի այդ որոշումն իր կողմից վարվող քաղաքականությունը գովազդելու միանգամայն պիտանի առիթ է։

-Ինչպե՞ս եք վերաբերվում իմպիչմենտի գործընթացին։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ինչ-որ պահի հնարավոր կլինի ապահովել, որ ՔՊ-ականները միանան այս գործընթացին։

– Այս խառնակ, անպատիվ ժամանակներում որեւէ տարբերակ չէի բացառի։ Բայց ՔՊ-ի անդամների մի ինչ-որ թվի միանալն իմփիչմենթի նախաձեռնությանը հնարավոր եմ համարում բացառապես արտաքին ազդեցիկ ռազմաքաղաքական կենտրոններից մեկնումեկի կողմից կոնկրետ անձանց տրված հրահանգի ու առարկայական երաշխիքների գործադրման արդյունքում։ Գոնե ինքս, առայժմ, այս տարբերակի իրականացման առարկայական նախանշաններ չեմ նշմարում։

-ՏԻՄ ղեկավարների վերջին ձերբակալությունները, մեղավոր ճանաչելու մասին դատարանի որոշումները համարո՞ւմ եք նախընտրական քարոզարշավի բաղադրիչ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Կարծում եմ, որ Փաշինյանի վարչակազմը շատ կոշտ կերպով է հակազդելու բոլոր այն քաղաքական ուժերի իշխանական նկրտումներին, որոնք իրենց գործողություններով ու հայտարարություններով վտանգում կամ կասկածի տակ են դնում «իրական Հայաստանի» եւ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարների համապատասխանությունը հայկական շահերին։ Նաեւ, ըստ այդմ, հայկական Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներն այլեւս ներհայաստանյան քաղաքական օրակարգից պետք է ջնջվեն։ ՀՀ իշխանությունների այս գիծը դրսից եւս լուրջ աջակցություն ունի։ Կարելի է ասել, որ այժմ խորքային քաղաքական խնդիրներ են լուծվում առերեւույթ իրավական գործիքակազմի կիրառման միջոցով։

-Հայտարարվեց, որ նախատեսվում է հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում։ Սա կարելի՞ է հույս համարել, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կլինի առաջընթաց եւ լրացուցիչ կոմունիկացիաներ կարող են ձեւավորվել։

– Ու կրկին՝ չեմ բացառում հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը, բայց մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներն այնքան սրընթաց են, որ կարող են հանգեցնել մեր տարածաշրջանում մի այնպիսի նոր իրավիճակի ձեւավորման, որում այս բոլոր հույսերը հօդս կցնդեն կամ կդառնան մեզ համար անիմաստ, ռիսկային։ Առավել եւս, որ մեր գործող իշխանությունների ակնկալած լուծումներն իրենցից կախված չեն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
25.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031