Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

«Մեր մշակութային կյանքում Հոպոն բացառիկ է, որը պահպանել է Էրգրի ամբողջ համն ու հոտը»

Հոկտեմբեր 27,2025 10:03

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տոնական էր։ Համերգով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍՆ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը։ Համերգը, որը կրում էր «Ակունքի Հոպոն» խորագիրը, նվիրված էր նույն համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին՝ Հոպոյին:

Ներկա էին ազգային այս հրաշալի համույթի  երգարվեստի երկրպագուները։ «Ակունք» պետական ազգագրական համույթի երաժշտական ղեկավար Արթուր Շահնազարյանը, ողջունելով հանդիսատեսին, ներկայացրեց Հոպոյին․ «Մեր մշակութային կյանքում Հոպոն բացառիկ է, որ վերջին սերունդներից է, որը պահպանել է Էրգրի ամբողջ համն ու հոտը։ Երբ երիտասարդ էինք, Վանի, Մուշի, Ալաշկերտի, Սասունի, Վասպուրականի մարդկանց ասում էինք «Էրգրի մարդիկ»։

Ցավոք նոր սերունդը չի տեսել ու այլևս չի տեսնելու այդ մարդկանց։ Մենք տեսել ենք ի դեմս այդ մարդկանց՝ Դրախտի նախադեպ մարդու։ Նրանք կարծես «Սասունցի Դավիթ» էպոսից էին դուրս եկել՝ երեխայի պես պարզ, մաքուր, միամիտ․․․, աչքերի մեջ՝ կարոտ։ Այս մարդկանցից սովորեցինք նաև, որ հայրենիքից թանկ բան չկա աշխարհում։ Եվ այս Էրգրի մարդկանց համու հոտը լրիվ փոխանցվել է Հոպոյին, ով արդեն կես դարից ավելի է գործում է «Ակունք»-ում։ Ինքը պահել է նաև Էրգրի մարդկանց ձայնը»։

Եւ բեմ բարձրացավ «Ակունք»-ը։ Սկզբում էկրանին հնչեց «Մշո գորանի» երգը՝ դեռևս երիտասարդ Սարգիս Բաղդասարյանի կատարմամբ։

 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը շնորհավորեց երեկոյի հերոսին և  պարգևատրեց պատվոգրով: Իր խոսքում Ա․ Սարգսյանն ասաց․ «Սարգիս Բաղդասարյանը 50 տարի իր կյանքը նվիրել է հայկական արվեստի զարգացմանը, պահպանմանը և սերունդներին փոխանցելուն։

Հայաստանի «Ակունք» ազգագրական ակունքի հիմնադիր անդամ, մեր բոլորի կողմից շատ սիրելի և հարգված Սարգիս Եղիազարի Բաղդասարյանն իր անմնացորդ նվիրվածությամբ դարձել է ոչ միայն իր խմբի այլև մեր մշակույթի ժառանգության անբաժան մասը։

Տասնամյակների ընթացքում նրա ձայնը, շարժումը և հատկապես հոգին հնչել են ամեն անկյունում։ Նրա աշխատանքը եղել է ոչ միայն բեմական, այլև՝ հոգևոր»։

Մոտ 2 ժամ համույթն աշխատանքային, ու Էրգրի ազգագրական, ռազմահայրենասիրական երգ-պարերի կատարումով տոն պարգևեց հանդիսատեսին։

Առավել շատ երգերի կատարումով հանդես եկավ Հոպոն՝ իր անզուգական ձայնով յուրովի ներկայացնելով՝ «Լաճ տնավեր», «Շուշո», «Մենք անկեղծ զինվոր ենք» և այլ երգեր՝ համույթի հետ։

Ընթացքում շնորհավորական խոսքով՝ հանդես եկավ նաև ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը՝ «Համով, հոտով մարդ» կոչելով Հոպոյին ու նվիրելով իրենց կողմից հրատարակած «Գանձարան հայ աշուղական երգրի» շարքից «Սայաթ-Նովա» և «Ջիվանի» գրքերը։

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ով 14 տարեկանից եղել է «Ակունք»-ի անդամ, երաժշտական կատարումով շնորհավորեց ավագ ընկերոջը՝ մաղթելով առողջություն, կարևորելով նրա դերը «Ակունք»-ի կայացման գործում:

Համույթի կատարած ռազմահայրենասիրական երգերի հնչյունների տակ պարում էին նաև հանդիսատեսները։

Տոնական երեկոն ավարտվեց՝ Հոպոյին հարազատների կողմից նվիրելով յուրահատուկ ձևավորված տորթ ու ծաղիկներ՝ համույթին։

Համերգին ներկա էին նաև օտարերկրացիներ, ովքեր զարմացած ու հիացած էին կատարվածի համար։

 

Զոհրաբ Ըռքոյան

 

Լուսանկարները` Զոհրաբ Ըռքոյանի և «Ակունք» պետական ազգագրական համույթի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031