1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ ուղղված ահաբեկչական ոճրագործություն էր։
Այն հարված էր մեր ժողովրդի միասնությանը, պետական ինստիտուտներին և արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատին։
Այդ օրը սպանվեցին մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին Հայաստանի կայացման, մեր հասարակության առաջընթացի և խաղաղության գաղափարին։
Կարդացեք նաև
Այսօր՝ քսանվեց տարի անց, մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել, այլև խոսել այդ ոճրագործության սարսափելի հետևանքների մասին, այն երբեք չպետք է մոռացվի։
Որևէ հասարակություն չի կարող ուժեղ լինել, եթե արդարությունը մնում է ոտնահարված, իսկ պատասխանատվությունը՝ անավարտ:
Հոկտեմբերի 27-ը մեզ հիշեցնում է, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ, որ ծառայությունը ժողովրդին իշխանությունից վեր է, որ քաղաքականությունը երբեք չպետք է վերածվի անձնական հաշվեհարդարի կամ վախի միջավայրի։
Այսօր հիշում ենք Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին՝ պետական մտածողությամբ, արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ մարդկանց։
Նրանց հիշատակն առ այսօր մեզ պարտավորեցնում է․
վերականգնել հավատը պետականության նկատմամբ, միասնաբար կառուցել ազատ եւ արդար Հայաստան, որտեղ իշխանությունը հաշվետու է, իսկ մարդու արժանապատվությունը՝ անսակարկելի։
Հավերժ հիշատակ բոլոր նահատակներին։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն


















































